Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նա ՀՀ-ի դեմ է, ոչ թե՝ ՀՀ իշխանության

Հոկտեմբեր 20,2022 12:00

Արցախում ռուս խաղաղապահներ կարելի՞ էր տեղակայել, իսկ եվրոպացիների քաղաքացիականը, հայ-ադրբեջանական սահմանին՝ ո՞չ…

Մոսկվան ավելի ու ավելի անհանդուրժող է դառնում, ջղաձիգ: Սակայն ռուսական կողմի պահվածքը միանգամայն սպասելի էր:

Ճիշտ նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը պատրաստվում էին հանդիպել Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» հանդիպման շրջանակներում, եւ ՀՀ-ն իր համաձայնությունն էր տալու՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնեց, թե Մոսկվան Բաքվին ու Երեւանին է հանձնել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները. «Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Երեւանին ու Բաքվին: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը մի շարք այցեր է իրականացրել տարածաշրջան` այդ թեմայի շուրջ խորհրդակցությունների համար:

Մասնավորապես, նման այցեր տեղի են ունեցել սեպտեմբերին: Նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեր դերակատարությունը եւ խոսել մեր անգործության մասին, իմ կարծիքով ցանկալին ներկայացնում են որպես իրականություն»: Ապա Զախարովան հավելեց, որ ՌԴ-ն զբաղվում է գործնական աշխատանքով, եւ դա անում է հստակ արդյունքներ գրանցելու համար: Նրա խոսքով` Ռուսաստանը չի զբաղվում գովազդային գործունեությամբ, որի տակ ոչինչ չկա. «Մենք գործում ենք հակառակ կերպով. պատմում ենք այն մասին, թե ինչ է հաջողվել անել: Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի բարձր զգայունությունը` անկեղծ ասած, մենք նպատակահարմար չենք համարում դրա մանրամասների հանրային մեկնաբանությունը»:

Այնուհետեւ, Մարիա Զախարովան ավելի հեռուն գնաց: Պարզվեց, Մոսկվային Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման արեւմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն թվում… «Ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրին առնչվող արեւմտյան մոտեցումներին, ապա, մեր կարծիքով, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն թվում, եւ, անկեղծ ասած, չեմ էլ ուզում խոսել որոշ արեւմտյան միջնորդների դերի մասին, քանի որ նրանց անհնար է անվանել խաղաղության միջնորդներ… Մենք հասկանում ենք, որ աշխարհաքաղաքականությունը ենթադրում է նաեւ խաղի, մանեւրելու տարր, բայց մենք դեմ ենք աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք հանգեցնում են իրավիճակի վտանգավոր խաթարման»,- նշեց նա:
Ամփոփելով թեման, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը իր պարտքն էր համարել նաեւ կրկնել՝ «Ամեն ինչ արել ենք եռակողմ համաձայնագրերի մշակման եւ կնքման համար եւ, որ ամենակարեւորն է, միտված ենք դրանց իրականացմանը»։

Մի քանի առիթներով արդեն անդրադարձել ենք 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի երաշխավոր Մոսկվայի անգործությանն՝ իր իսկ ստորագրած փաստաթղթի առիթով: ՌԴ-ն 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ապացուցեց, որ իր իսկ ստորագրած փաստաթղթի պահանջների պահպանմանն ի վիճակի չէ լինել որպես երաշխավոր: Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո այդ փաստաթղթի մի քանի պահանջներ չի կատարել, գումարած՝ Արցախում ՌԴ խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնելիս շատ դեպքերում աղաղակող բացթողումներ ունեցան, որոնք քաղաքացիական անձանց կյանքեր են արժեցել, գումարած այս ամենին ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությամբ՝ ադրբեջանական առաջխաղացումները՝ ԼՂ-ում:

Արդեն ակնհայտ է, որ Մոսկվան չի կարող լինել միաժամանակ ե՛ւ չեզոք խաղաղապահ, ե՛ւ անկողմնակալ միջնորդ՝ Հայաստան-Ադրբեջան խնդիրների կարգավորման գործընթացում: Ավելին, վերջին երկու տարիները առայժմ, ցավոք, մեկ բան են ապացուցել՝ պաշտոնական Մոսկվան կաշկանդված է անգամ ռազմավարական դաշնակից Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ մեկ հայտարարություն անելու հարցում, մեկ նախադասություն, մեկ քաղաքական ուղերձ:

Այսինքն, գործ ունենք Մոսկվա-Բաքու այնպիսի կուռ ու խորքային փոխհարաբերությունների հետ, որ նույնիսկ ականատես ենք դարձել Ռուսաստանում ընդդեմ Հայաստանի երկու տարի շարունակվող անողոք արշավի: Իսկ դա Հայաստան պետության դեմ է, դա ՀՀ իշխանության դեմ չէ, ՀՀ իշխանությունը՝ միայն, այսպես ասած՝ «հարմար» պատրվակ է Մոսկվայի համար: Եվ այստեղ բացարձակ կապ չունի հարցը, թե ՌԴ-ում քանի՞ լրատվականների ղեկավարներ, քաղաքական գործիչներ ու փորձագետներ են սնվում ադրբեջանաթուրքական դոլարներով, որի մասին ՌԴ-ում շատերը գիտեն ու խոսում են: Իրողությունը հետեւյալն է՝ սա Մոսկվայի քաղաքական գիծն է, ՌԴ-ում բարձրագույն իշխանական տարբեր մակարդակներում այդ «դաբրոն» տրված է, որպեսզի ռուսաստանցի գործիչներն ու փորձագետներն անկաշկանդ «գնվեն» ադրբեջանաթուրքական շրջանակների կողմից: Հետեւաբար, մենք պետք է հաշվի նստենք այս իրողության հետ եւ որ ամենակարեւորն է՝ ի շահ Հայաստանի հավասարակշռված գործենք:

Ցավոք, հասունանալու է այն պահը, երբ Հայաստանում էլ քաղաքական դաշտը բաժանվելու է երկու մասի՝ ովքե՞ր են կողմ եվրոպական խաղաղության առաջարկներին, ովքե՞ր՝ ռուսականին: Այս հարցի պատասխանը մասամբ տրված է, որովհետեւ Հայաստանում կան գործիչներ, որոնք համարում են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը իրողություն է, եւ այլեւս ոչինչ փոխել հնարավոր չէ, չնայած այն հանգամանքին, որ այդ փաստաթուղթն, ըստ էության, չի գործում: Այս մարդիկ գործնականում լուռ պաշտպանում են ռուսական իշխանությունների ադրբեջանամետ քաղաքականությունը, արդարացնելով այդ քաղաքականությունը՝ «Մոսկվան չի կարող ՀՀ իշխանության փոխարեն պաշտպանել հայկական շահը», արդարացմամբ: Այո, դա մասամբ այդպես է, բայց դրա հիմքում չպետք է ՌԴ պետական քարոզչամեքենան Հայաստան պետությունը նսեմացնի, ու բանը հասնի նրան, որ ռուսական իշխանության ներկայացուցիչները հայտարարեն, թե քանի որ Հայաստանի սահմանները հայտնի չեն, այդ իսկ պատճառով չենք կարող պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Սա նշանակում է, որ պուտինյան Ռուսաստանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, եւ ռուսական կողմի այս կեցվածքը հերթական «կանաչ լույսն» է Բաքվի համար՝ Հայաստանի հետ վարվել այնպես, ինչպես նրանց մտքով կանցնի: Հետեւաբար, ՀՀ-ում այն ուժերը, ովքեր արդարացնում են պուտինյան ՌԴ-ի այսօրվա հակահայ քաղաքականությունը, անուղղակիորեն ռուս-ադրբեջանական կուռ դաշինքի շահերի ջրաղացին ջուր են լցնում:

ԵՄ դեսպաններն անցյալ շաբաթ համաձայնեցին Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու եւ դելիմիտացիային նպաստելու համար։ Առաքելության կարեւորության մասին խոսել էր նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Եվրախորհրդարանի Պաշտպանության հարցերով հանձնաժողովում. «Անդամ երկրների, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի լիակատար աջակցությունը ծայրաստիճան կարեւոր է Եվրամիության խաղաղասիրական ջանքերն իրագործելու համար»: Դիվանագետները չեն բացառել, որ դիտորդների մի մասը Հայաստան կարող է գալ Վրաստանից, որտեղ ԵՄ-ն առաքելություն է տեղակայել 2008-ի սեպտեմբերից՝ ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո։

Վրաստանում, օրինակ, առաքելությունը 200 անզեն դիտորդ ունի՝ Եվրամիության տարբեր երկրներից։ Նրանք 24-ժամյա պարեկություն են իրականացնում՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վարչական սահմանների երկու կողմում բնակվող մարդկանց անվտանգությանը նպաստելու, հակամարտող կողմերի միջեւ վստահությունը վերականգնելու համար, ինչպես նաեւ իրավիճակի մասին տեղեկություններ են փոխանցում եվրոպական կառույցներին։ Հայաստանի դեպքում դիտորդների առաջնահերթությունը կլինի նաեւ զեկույցներ կազմել Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին աջակցելու համար։

Այս տեղեկության հրապարակումից հետո էլ ՌԴ ԱԳՆ-ն հարկ համարեց հակադարձել: Ռուսական կողմը հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելը դիտարկում է որպես փորձ՝ դուրս մղելու Մոսկվայի ջանքերն ու միջամտելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, անցյալ շաբաթ ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սրանում մենք տեսնում ենք, ցավոք, Եվրամիության հերթական փորձը՝ ամեն կերպ միջամտելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, հետ մղելու մեր երկրի միջնորդական ջանքերը»,- ասել էր Զախարովան, տարածաշրջանում խաղաղության «բանալի» համարելով եռակողմ պայմանավորվածությունները, ապա՝ հավելել. «Մենք ելնում ենք նրանից, որ Երեւանի եւ Բաքվի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության եւ երկարատեւ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրագործումն է»։

Այսինքն, Արցախում Մոսկվան կարող է կողմերից ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման որոշում կորզել ու տեղակայել, իսկ ինքնիշխան Հայաստանի սահմաններին, որի սահմանները Մոսկվան «չգիտի», Հայաստան պետությունը իրավունք չունի՞ համաձայնություն տալ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայում: Մոսկվայի կեցվածքը, մեղմ ասած, արդեն ծիծաղ է առաջացնում:

Մոսկվան սկսել է սպառնալիքի, շանտաժի լեզվով խոսել եւ հրապարակային ընդդիմանալ Երեւան-Բաքու-Բրյուսել ձեւաչափով բանակցություններին: Հոկտեմբերի 12-ին Աստանայում ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումն էլ իր հերթին ի ցույց դրեց պաշտոնական Երեւանի հրապարակային դժգոհությունը Մոսկվայից: Միրզոյանը նախ տեղեկացրեց, որ ԵՄ-ն որոշում է ընդունել առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ ՀՀ ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության համաձայն՝ Միրզոյան-Լավրով հանդիպմանը «առանձնահատուկ շեշտվել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքով ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման եւ հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել սահմանային իրավիճակի մշտադիտարկման եւ վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հետ կապված խնդիրներին», եւ միեւնույն ժամանակ Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի, միանշանակ դիրքորոշումը եւ աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում:

Միրզոյան-Լավրով հանդիպման տեսագրությունում ՀՀ ԱԳ նախարարի հետեւյալ մտքերն էին բավական կոշտ. «Բարձր ենք գնահատում նախագահ Պուտինի եւ Ռուսաստանի ներդրումը Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման եւ հարաբերությունների կարգավորման գործում: Դրան զուգահեռ, մենք տեսնում ենք, որ ադրբեջանական ախորժակը միայն աճում է։ Խոսքը միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, թեեւ այնտեղ խնդիրները չեն լուծվել, այլեւ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների։ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, եւ այստեղ ակնկալում ենք Ռուսաստանի հստակ դիրքորոշումը: Կուզեի նաեւ հիշեցնել, որ այս հարցը քննարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, եւ այնտեղ նույնպես որոշ, կարելի է ասել չեզոք, ոչ այնքան բարեկամ երկրներ, համենայնդեպս երկրներ, որոնք չունեն բարեկամության եւ դաշնակցության այսպիսի երկար պատմություն, հանդես եկան հայտարարություններով, որոնք ավելի հստակ ու օբյեկտիվ են արտացոլում իրականությունը հայ-ադրբեջանական սահմանին»: Այնուհետեւ Միրզոյանը հավելել էր. «Դուք շատ լավ գիտեք, որ Մոսկվայում մեր հանդիպումից մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ Ադրբեջանի զինուժի լայնամասշտաբ ներխուժում Հայաստանի տարածք, ընդ որում՝ դրանք տարածքներ են, որ միայն շատ սուր երեւակայություն ունեցող մարդը կարող է կապել սահմանազատման չավարտված գործընթացի հետ: Դրանք անխոս, աներկբա Հայաստանի սուվերեն տարածքներն են: Գիտեք, որ հրետանային հարվածներ են եղել քաղաքացիական ենթակառուցվածքներին, զոհեր կան ոչ միայն զինվորականների, այլեւ խաղաղ բնակիչների շրջանում: Հենց ադրբեջանցիների կողմից տարածվել են հայ զինվորների սպանության տեսանյութեր»:

Ի՞նչ է պատասխանում Մոսկվան հայկական դժգոհությանը… ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, ասաց ՌԴ ԱԳ նախարարը՝ Աստանայում Միրզոյանի հետ հանդիպմանը։ Լավրովը պնդել է՝ դրա համար անհրաժեշտ է միայն Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, որտեղ այժմ Հայաստանն է նախագահում։ «Հենց որ Հայաստանը խնդրեց ՀԱՊԿ-ի արտահերթ նիստ գումարել, այն կայացավ, ընդունվեց որոշում Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ու Միացյալ շտաբի ղեկավարին։ Նրանք գնացին, բերեցին առաջարկություններ, այդ առաջարկություններն արդեն ավելի քան մեկ ամիս է՝ մեր ձեռքում են։ Դրանք առաջարկում են ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։ Միակ բանը, որ պահանջվում է` Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է հրավիրի ՀԱՊԿ նախագահողը», – ասել է նա, շարունակելով. «Հիմա (նախագահողը) Հայաստանի Հանրապետությունն է, այնպես որ, հենց որ ազատ ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք հաստատել նման առաքելությունը` պաշտոնապես, եւ այն կկարողանա սկսել աշխատանքը»: Միրզոյանն իր հերթին արձագանքել է` Հայաստանը որպես համանախագահող փորձել է պայմանավորվել Խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցով, սակայն դա դեռ չի հաջողվել` դաշնակիցների «խիստ ծանրաբեռնվածության պատճառով»: «ՌԴ-ն ցանկացած պահի պատրաստ է նման առցանց նիստ անցկացնել»,-վստահեցրել է Լավրովը։

ՀԱՊԿ-ից այսքան ժամանակ չի հնչել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող որեւէ հայտարարություն: Ի՞նչ արձանագրումներ պետք է անեն ՀԱՊԿ-ականները, որոնք ադրբեջանամետ կեցվածք են դրսեւորում տարիներ շարունակ: Բացի ՀԱՊԿ-ի «դիտորդների» հնարավոր դիրքորոշումը, իսկ Մոսկվան որեւէ ասելիք չունի՞: Այն, ինչ կատարվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից նորմա՞լ է Պուտինի վարչակազմի համար…

Ինչպե՞ս չհամաձայնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից վերջերս հնչեցրած գնահատականների հետ. «Այս հակամարտության հիմքում ընկած է մեկ այլ հակամարտություն. Ռուսաստանն օգտագործեց մի քանի տասնամյակների վաղեմության հակամարտությունը եւ միջամտեց այս հակամարտությանը, ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ թուրքական մեղսակցությամբ, եւ վերադարձավ այնտեղ՝ թուլացնելու Հայաստանը, որը, սակայն, իրեն մտերիմ երկիր էր։ Եվ տեսեք, այստեղ տեղի ունեցողը Ռուսաստանի կողմից ապակայունացնող մանեւր է, որը Կովկասում փորձում է անկարգություններ հրահրել՝ բոլորիս թուլացնելու, պառակտելու, ապակայունացնելու համար»: Կամ, նրա մյուս գնահատականի հետ՝ Ադրբեջանից գազ չգնելու թեմայով. «Եվրոպական մի քանի երկրներ, իհարկե, գազային համաձայնագրեր ունեն։ Բայց ես կասեմ ձեզ՝ ինչ վերաբերում է Ֆրանսիային եւ Եվրոպայի ձայնին, եւ ես ասում եմ սա ձեր եւ մեր բոլոր հայրենակիցների աչքերի մեջ նայելով՝ մեր արժեքները եւ մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ոչ գազով, ոչ էլ նավթով»։

Անպատասխան հարցեր չկան, պարզապես, այդ մասին արտահայտվողներն են քիչ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31