«Երեկ նախարարն ասել է, թե բուհը երեք տարվա պատմություն ունի, որ այն հիմնադրել է կառավարությունը, եւ օրենքը թույլ է տալիս իր հիմնադրած բուհը լուծարել։ Այո, ճիշտ է ասում, բայց կուզեի մի համեմատություն անել։ Նախ, մեր բուհը երեք տարեկան չէ, այլ հիմնադրվել է 1935թ․-ին, իսկ 1962թ.-ին անվանակոչվել է Բրյուսովի անվամբ»,– Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտխորհրդի նիստում այսօր հայտարարեց ԲՊՀ աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր, իրավաբան Սահակ Մանուկյանը։
«Այսօր կայացած բուհին հիմնադիրն ուզում է լուծարել, կազմաքանդել, թեեւ ունի դրա իրավունքը։ Որպեսզի հասկանաք մեր ցավը, հին հույները լավ ասացվածք ունեն՝ ճշմարտությունը ծնվում է համեմատության մեջ։ Կներեք, բայց պետք է համեմատեմ։ Պարոն նախարար, դուք ծնվել եք 1962թ․-ին՝ այն ժամանակ, երբ մեր բուհն անվանակոչվեց Վալերի Բրյուսովի անվամբ։ Երբ դուք ծնվել եք, եղել եք անբարբառ մի մանուկ, եւ ձեր փոխարեն ձեզ անուն են դրել, ինչպես եւ մեր հիմնադիրը։ Ձեզ անվանել են Վահրամ Դումանյան»,-նշեց Սահակ Մանուկյանը։
Ապա շարունակեց․ «Այն, որ դուք այսօր դարձել եք նախարար, ձեր գործունեության արդյունքն է, որովհետեւ հաջողություններ եք գրանցել գիտության, կրթության ոլորտում։ Չեմ կարծում, որ գեղեցիկ աչքերի համար է ձեզ վարչապետը վստահել այդ պաշտոնը։ Ձեզ նշանակել է, որովհետեւ դուք Վահրամ Դումանյանն եք։ Պատկերացրեք, որ ձեր ծնողները որոշեն՝ բավարար է, որ դուք այդքան տարի կրել եք այդ անունը, եւ պետք է փոխեն ձեր անունը։ Եթե դուք լինեք, օրինակ, Վալերի Դոստոեւսկի, ո՞վ ձեզ կճանաչի, պարոն Դումանյան։ Հիմա հիմնադիրն ուզում է Վալերի Բրյուսովի անունը փոխել Խաչատուր Աբովյանի անունով։ Պարոն Դումանյան, խնդրում ենք, մի արեք մի բան, որը նույն կերպ ցավ կպատճառի ձեզ»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր կայացած գիտական խորհրդի ընդլայնված նիստում գնահատական տրվեց հոկտեմբերի 14-ին ԲՊՀ-ին տրամադրված՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական համալսարանը Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին միացման ձեւով վերակազմակերպելու եւ Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտ հիմնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ