Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարն ասել է, թե մեր բուհը 2 տարեկան է, որ պետք է ներողություն հայցենք մանկավարժականից, քանզի դա իր մոր բուհն է»

Հոկտեմբեր 19,2022 22:24

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները երեկ՝ հոկտեմբերի 18-ին, երթով գնացել էին ԿԳՄՍՆ՝ դեմ արտահայտվելով իրենց համալսարանի՝ երկու այլ համալսարանների հետ խոշորացման որոշմանը․ ուսանողների պատվիրակությունը՝ բաղկացած մի քանի անձից, հանդիպել էր նախարար Վահրամ Դումանյանի հետ, ինչից հետո նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այդ մասին։ ԲՊՀ գիտխորհրդի այսօրվա նիստում հանդիպման մասնակից ուսանողները հայտարարեցին, որ այդ հաղորդագրությունը չի փոխանցում զրույցի իրական շեշտադրումները եւ մանրամասները։

ԲՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Կատարինե Բազեյանը նախ նշեց․ «Այստեղ Հանրային հեռուստաընկերությունից որեւէ մեկը կա՞։ Ինչպես ասում են՝ «մկրատը» հանրայինի ձեռքում էր, որովհետեւ կտրեցին ու գեղեցիկ, գեղարվեստական ֆիլմ սարքեցին այդ հանդիպումից։ Հասկանում եմ, որ «Ոսկե ծիրանը» ՀՀ-ում է տեղի ունենում, բայց զարմացա, որ կարելի էր նման կինո սարքել։ Ամեն դեպքում․․․շատ եմ ցավում, որ ԿԳՄՍ նախարարը քննարկումը մենախոսությունից չի տարբերում։ Ողջ ընթացքում միայն նա էր խոսում, մինչդեռ ցուցադրվեց, թե մենք գեղեցիկ քննարկում ենք ունեցել, իսկ իրենք պատրաստ են մինչեւ վերջ մեզ լսել։ Նախարարը երեկ ասել է, թե մենք երկու տարվա բուհ ենք(դահլիճում ծիծաղ է լսվում․-հեղ)․․․ ի՞նչ 87 տարվա մասին է խոսքը։ Երկու տարի առաջ մեր համալսարանը վերանվանվել է Բրյուսովի անվան պետական համալսարան, իսկ մինչեւ այս կոչվում էր Երեւանի պետական լեզվահասարակագիտական համալսարան։ Ստացվում է, որ մենք պատմություն չունենք»։

Ըստ Կատարինեի՝ նախարարն իրեն թույլ  է տվել նաեւ ձեռքերով խոսել․ «Ասել է, որ մենք պաշտոնապես պետք է ներողություն խնդրենք մանկավարժական համալսարանից, որովհետեւ իբրեւ թե անհեթեթ հայտարարություններ ենք արել, որովհետեւ դա իր մոր բուհն է․․․վիրավորել ենք, պարտավոր ենք ներողություն խնդրել։ Այս ամենն ինչո՞ւ չեն ցուցադրել։ Որովհետեւ մեր հետեւում տեսախցիկներ էին, իսկ դրանց հետեւում՝ ոստիկաններ։ Դե իմացեք, որ ՀՀ-ն ժողովրդավար երկիր չէ, եւ ուսանողի խոսքը չի լսվում, հետեւաբար, մենք մինչեւ վերջ պետք է գնանք։ Հինգ ուսանող էինք։ Հետո դառանք չորս, որովհետեւ Արմանը չդիմացավ այդ թյուրիմացությանն ու դուրս եկավ, իսկ Էդգարին նախարարը չէր թողնում խոսել, դիտողություն էր անում, որ պետք է հարգել դիմացինին, մինչդեռ մենք հենց իր հարկի տակ չէինք հարգվում իր իսկ կողմից։ Քանի նման նախարարներ ու անհեթեթ որոշումներ ունենք, շատ տխուր է լինելու ՀՀ-ի վիճակը։ Պարոն Դումանյան, այսօր եւս չեկաք այստեղ, հետեւաբար, դուք թքած ունեք ուսանողի խոսքի վրա»։

ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանն իր հերթին նշեց, որ իրենք որեւէ կերպ չեն վիրավորել մանկավարժական համալսարանին, հարգում են իրենց գործընկերներին եւ ուսանողներին․ «Խոսքը եղել է այն մասին, որ մեր համալսարանը համադրում էին մանկավարժականի հետ՝ նվազեցնելով դիրքը։ Մենք շահագրգիռ ենք, որ մանկավարժականը շարունակի զարգանալ, որովհետեւ բոլորս ենք հասկանում ուսուցչի դերի կարեւորությունը»։

Ապա նախարարի հետ հանդիպմանը մասնակցած մեկ այլ ուսանող՝ Էդգարն էլ հայտնեց, որ այդ ժամանակ Վահրամ Դումանյանին հրավիրել են այսօրվա գիտխորհրդի նիստին, իսկ Վահրամ Դումանյանը մերժել է․ «Ասաց, որ այսպես կոչված գիտխորհրդի նիստին գալու ցանկություն չունի, որովհետեւ չկա ակադեմիական հանրույթ, որովհետեւ իր իմացած գիտխորհրդի նիստը ծափերով եւ պլակատներով չի անցնում․․․ասաց, որ մենք ընդամենը երկու տարվա պատմություն ունենք, ես էլ չդիմացա՝ ասացի, որ ԿԳՄՍՆ-ն էլ երեք տարվա պատմություն ունի, սակայն դա չի նշանակում, որ երեսուն տարի կրթության ոլորտ չի եղել։ Տպավորություն էր, որ թագավորի մոտ ենք գնացել, որը շատ երկար էր խոսում, չէր թողնում մեզ խոսել եւ ոչ մի բովանդակային բան չէր ասում»։

Ըստ Արմանի՝ Վահրամ Դումանյանն ակնարկել է, թե այս խնդրում չերեւացող կողմ կա, ինչ-որ «ստորգետնյա ջրեր» են հոսում․ «Գուցե կան ստորգետնյա ջրեր, բայց դրանք մի փնտրեք մեր համալսարանում։ Ես ուզում էի հավատալ, որ այդ հանդիպումն ինչ-որ բան փոխի։ Նախարարն ակնարկեց, թե մենք մեկ անձի խնդիր ենք լուծում, ես էլ ասացի, որ բուհի ռեկտորին հանելու մեխանիզմներն ունեն՝ առանց բուհը լուծարելու, եւ նման բան արդեն իսկ արել են ԵՊՀ-ի դեպքում»։

Հանդիպմանը մասնակցած վերոնշյալ Արմանը, որ վրդովված դուրս էր եկել նախարարի աշխատասենյակից, հայտարարեց․ «Պարոն Դումանյան, եթե բաց տեքստով չասեք, թե այդ ովքեր են մանիպուլյացիաներ անում, ուրեմն հենց դո՛ւք եք մանիպուլյացիա անողը։ Այդ հանդիպումը շոու էր։ Մեզ մի քանի վայրկյանի խոսքի իրավունք է միայն տրվել։ Ոչ մեկին թույլ չտանք մեզ պառակտել։ Իրենք այսօր չեկան, որովհետեւ վախեցան, որովհետեւ իրենց այստեղ տալիս ենք հարցեր, որոնց պատասխաններն իրենք չունեն»։

ԿԳՄՍ նախկին փոխնախարար, ԲՊՀ ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանն էլ հիմնավորեց, թե ինչու են պնդում, որ բուհերի միավորման նախագիծը գաղտնի է եղել։

Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր կայացած գիտական խորհրդի ընդլայնված նիստում գնահատական տրվեց հոկտեմբերի 14-ին ԲՊՀ-ին տրամադրված՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական համալսարանը Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին միացման ձեւով վերակազմակերպելու եւ Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտ հիմնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծին։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31