«Երեկ լսեցի արտահայտություն, թե այստեղ «ստորգետնյա հոսանքներ» կան, որ ուսանողներին մանիպուլացնելու փորձեր կան։ Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտնում, որ այո, հոկտեմբերի 14-ից առաջ նախարարի հետ իմ հանդիպման ժամանակ Վահրամ Դումանյանն ինձ առաջարկել է նոր կազմավորվող բուհում ունենալ որեւէ բարձր պաշտոն»,-Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտխորհրդի նիստում այսօր հայտարարեց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր կայացած գիտական խորհրդի ընդլայնված նիստում գնահատական տրվեց հոկտեմբերի 14-ին ԲՊՀ-ին տրամադրված՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական համալսարանը Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին միացման ձեւով վերակազմակերպելու եւ Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտ հիմնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծին։
«Հրաժարվել եմ, ասել, որ դա բացառված է։ Հիմա էլ ասում եմ, որ նոր կազմավորվող այդ ինստիտուտում ես որեւէ պաշտոն չեմ զբաղեցնելու»,-վստահեցրեց ռեկտորը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ անձնական հարց չէ, որ որեւէ «ստորգետնյա ջրեր» չկան, իսկ այսքան ուսանողներին ու դասախոսներին մանիպուլյացիայի ենթարկել հնարավոր չէ․ «Ես բուհի ռեկտորն եմ եւ բուհի շահերն եմ պաշտպանում։ Ուսանողների եւ ողջ աշխատակազմի կողքին եմ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ