Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա մատների արանքով որոշված նախագիծ է՝ թյուրիմացություն եւ անհեթեթություն»․ Տիգրան Թորոսյան

Հոկտեմբեր 19,2022 21:13

«Սկզբում չէի հասկանում՝ կառավարության որոշման նախագիծն ինչպե՞ս կարելի է  դնել շրջանառության մեջ եւ չուղարկել համալսարաններին։ Հիմա ամեն ինչ պարզ է։ Առհասարակ, պետք է ամաչեն նման փաստաթուղթ որեւէ տեղ ուղարկելուց։ Ոչ միայն խայտառակ սխալների եւ թերությունների, այլեւ անբովանդակ լինելու պատճառով։ Հիմա հասկանում եմ, թե ինչու չէին ուզում նախագիծը մեզ ուղարկել»,-Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտխորհրդի նիստում այսօր հայտարարեց համալսարանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր կայացած գիտական խորհրդի ընդլայնված նիստում գնահատական տրվեց հոկտեմբերի 14-ին ԲՊՀ-ին տրամադրված՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական համալսարանը Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին միացման ձեւով վերակազմակերպելու եւ Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտ հիմնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծին։

 

Տիգրան Թորոսյանը համոզմունք հայտնեց, որ խնդիրը լուծելուց առաջ պետք է այն բացահայտել, սահմանել նպատակներ եւ առաջարկներ․ «Այս նախագծի «Հիմնավորում» հավելվածը ոչ մի հարցի չի պատասխանում, չի հիշատակում որեւէ այլ փաստաթուղթ՝ բացի ԱԺ-ի հաստատած որոշ փաստաթղթերից, որոնք դեռեւս նախագծի փուլում են։ Այսինքն, հղում են արել դեռեւս չընդունված փաստաթղթերի վրա։ Որպես նպատակ են սահմանել, օրինակ՝ արդյունավետ կառավարման եւ զարգացման հեռանկար ունեցող բարձրագույն կրթական համակարգ ունենալը հրատապ է դարձնում բուհերը խոշորացնելու խնդիրը։ Չի կարող լինել ողջամիտ  որեւէ մարդ, որը նման նպատակի համար միջոց կհամարի խոշորացումը։ Սա անհեթեթություն է։ Մեկ այլ տեղում էլ ասված է՝ որոշումը պայմանավորված է մանկավարժական կրթության արդիականացման պահանջով։ Սա էլ է անհեթեթություն, որովհետեւ սա անհարգալից վերաբերմունք է պետության հանդեպ, որովհետեւ կառավարությունն է նման բան շրջանառում։ Չկա որեւէ հիմնավորում։ Չի արվել որեւէ հետազոտություն»։

Տիգրան Թորոսյանը նշեց, որ ՀՀ պետական բուհերը 16-ն են եւ ունեն խնդիրներ, որոնք տարբեր են․ «Պետք է հասկանալ՝ ի՞նչ փորձ կա նման խնդիրները լուծելու համար։ Եվրոպայում պետական բուհերն ունեն բոլորովին այլ նպատակ եւ դեր, որովհետեւ կրթության զարգացման հիմնական դերը մասնավոր բուհերինն է։ Հետեւաբար, պետական բուհերի հետ կապված նրանց քայլերը համադրելի չեն մեր իրականության հետ, հետեւաբար, պետք չի այդ բուհերի օրինակը բերել մեզ համար»։

Ամփոփելով՝ Տիգրան Թորոսյանը համոզմունք հայտնեց, որ սա մատների արանքով որոշված նախագիծ է, որի վրա աշխատել են մարդիկ, որոնք չունեն համապատասխան գիտելիքներ․ «Այն, ինչ մենք ենք առաջարկել կառավարությանը, ուժի մեջ է՝ հրատապ ուսումնասիրել բուհական համակարգի խնդիրները, գտնել լուծումներ։ Վստահեցնում եմ, որ խոշորացման մոտեցումն այդ խնդիրների մեջ չի կարող հարց լուծել։ Մենք մերժում ենք նման անհիմն, թերություններով եւ սխալներով փաստաթղթի ընդունումը։ Պետք է մերժել նման փաստաթղթերը։ Հրաման են կատարում եւ վերջ․ սա պատվաբեր չի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31