Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինը հետեւելու է «load»-ի բիզնես անողներին. Պահանջում են հայտարարագրել աշխատողների աշխատավարձերը եւ իրենց շահույթները, վճարել հարկ

Հոկտեմբեր 19,2022 20:41

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Կառավարությունն առաջարկում է ծխախոտի արտադրանքի նոր տեսակի՝ նիկոտին պարունակող կամ չպարունակող հեղուկ նյութերի օգտագործմամբ, տաքացմամբ գործող ծխախոտի արտադրանքը ներառել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների խմբում:

Ինչպես նշեց Պողոսյանը՝ բյուջեի եկամուտների կորուստը սրանով փորձում են կանխել, որովհետեւ, եթե ծխախոտի այս նոր տեսակը ակցիզային հարկով չեն հարկում, ավելի ցածր գին է ունենում շուկայում եւ շատ սպառողներ, գայթակղվելով այդ նորույթով ու դրա հասանելիությամբ, ավանդական ծխախոտի արտադրանքից անցում են կատարում այս նոր տեսակի ծխախոտի արտադրանքը, որի հետ կապված առողջապահության նախարարությունը ունի դիրքորոշում, որ այն նույնպես վնասակար է առողջության համար: ԵԱՏՄ երկրներում այդ նոր տեսակի ծխախոտային արտադրանքը նույնպես հարկվում է, ու ՀՀ-ում որոշել են միջին բեռ սահմանել. «Արդեն իսկ հետագա տարիների համար քննարկվում է ծխախոտի արտադրատեսակների համար հարկային դրույքաչափը բարձրացնելու հարցը: Թերեւս առանձին առաջարկությամբ կառավարությունը հանդես կգա»:

ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանն ասաց, որ էլեկտրոնային ծխախոտը պետք է վաղուց հարկվեր այդպես, որովհետեւ այն հավասարեցված է ծխախոտային մյուս արտադրանքներին, ու զարմանալի է, թե ինչու դա շուտ չեն արել:

Արման Պողոսյանն անդրադարձավ մեկ այլ կարգավորման եւս, խոսքը, այսպես կոչված, հայտնի «load»-ի բիզնեսի մասին է. «Հայաստանում տարածում է գտնում գործունեության մի նոր տեսակ, որը, ըստ էության, ենթադրում է արտերկրում սկսվող եւ արտերկրում ավարտվող բեռնափոխադրման կազմակերպման կամ միջնորդության ծառայությունը՝ հեռավար տարբերակով: Բավականաչափ զբաղվածություն է ապահովում այս ոլորտը, բայց քանի որ նոր գործունեության տեսակ է, հարկային օրենսդրությունը սպառիչ չի կարգավորել գործունեության հարկման մանրամասները: Հարցեր են ծագում՝ արդյո՞ք Հայաստանում է ծառայության մատուցման վայրը, թե արտերկրում, որովհետեւ եթե ՀՀ-ում է, ապա հարկվում է ԱԱՀ-ի 20% դրույքաչափով, եթե արտերկրում՝ 0% դրույքաչափով: Քանի որ տեղը էական է, ու կան նաեւ այլ երկրներ, որոնք խախուսում են իրենց  երկրի տարածքում այս գործունեության տեսակի տարածումը, խնդիր կա լինել մրցունակ, որպեսզի այդ աշխատատեղերը ստեղծվեն Հայաստանում, այսինքն՝ այդ ծառայությունը թող մատուցվի ՀՀ-ից, ոչ թե մրցակից երկրներից»: Հիմա որոշել են օրենքով կարգավորել ու ամրագրել, որ ՀՀ-ից դուրս սկսվող եւ ՀՀ-ից դուրս ավարտվող, նաեւ դրա միջնորդական կամ կազմակերպման օժանդակող գործունեությունը դիտարկել որպես ԱԱՀ-ով չհարկվող գործունեության տեսակ. «Միջնորդը չունի ոչ տրանսպորտային միջոցներ, ոչ էլ բեռ, պարզապես նա հանդիպեցնում է բեռի տիրոջը փոխադրողին»:

Արման Պողոսյանը նշեց, որ պետությունն ընդառաջ է գնում այս բիզնեսն անողներին, բայց նրանք պետք է բարեխղճորեն հայտարարագրեն իրենց աշխատողների աշխատավարձերը եւ իրենց շահույթները եւ դրանց մասով իրենց պարտավորությունները կատարեն ՀՀ բյուջեի նկատմամբ. «Հարկային մարմինը նաեւ իր գործիքակազմով կհետեւի»:

Կան «load»-ի բիզնես անողներ, որ գրանցվել են՝ որպես միկրոձեռնարկություն: Այս դեպքում եւս վատ նորություն կա: Փոխնախարարը հայտնեց, որ կառավարությունը մտադիր է վերանայել միկրոձեռնարկատիրության վարձու աշխատողների համար եկամտային հարկի  վճարման կանոնը, ըստ որի, անկախ աշխատավարձի մեծությունից, յուրաքանչյուր ամսվա համար 5000 դրամ են վճարում: Նրանց ուզում են տեղափոխել հարկման ընդհանուր կանոնի ներքո, այսինքն, մյուս տարվա հունվարի 1-ից կտանեն 20% եկամտային հարկի դրույքաչափի տիրույթ: Կառավարությունը հավանություն է տվել այս նախագծին: Դիտարկումները ցույց են տվել, որ շատերը ներկայացնում են իրենց՝ որպես միկրոձեռնարկատերեր ու իրենց աշխատողների համար 5000 դրամ հարկ տալիս:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31