Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնեսում 36 %-ում են կանայք գրանցված որպես սեփականատեր, բայց իրական շահառուներին դիտարկելու պարագայում այդ թիվն էապես կիջնի. Քրիստինե Գրիգորյան

Հոկտեմբեր 19,2022 20:10

Այս պահին ավելի քան 1000 կազմակերպություն ներկայացրել է իրական շահառուների (ԻՇ) հայտարարագրերը, իսկ ահա մինչ 2023թ.  մարտի 1-ը Հայաստանում գրանցված բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են ներկայացնել ԻՇ հայտարարագրեր, այս մասին այսօր տեղեկացվեց «Կանայք՝ իրական շահառուների թափանցիկության գործընթացում» խորագրով «բաց զրույց» ձևաչափով պանելային քննարկման ժամանակ:

«Իրական շահառուների թափանցիկության ապահովման այս գործընթացում հսկայական աշխատանք է արվել, այս բարեփոխումը հնարավոր է դարձել ծրագրի բոլոր մասնակիցների, թե՛ քաղհասարակությունից, թե՛ կառավարությունից, թե գործարար շրջանակներից, ջանքերի մեկտեղման շնորհիվ, հետաքրքիր է, որ մասնակիցների գերակշիռ մասը կանայք են»,- ողջունելով ներկաներին՝ նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Նրա խոսքով՝ հանդիպման նպատակն է ոչ ֆորմալ միջավայրում քննարկման միջոցով բարձրացնել ԻՇ հասանելի և թարմացվող տվյալների կարևորության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, հմտացնել լրագրողներին՝ առկա տվյալների հայթայթման հարցում և կարևորել կանանց դերը՝ որպես ԻՇ թափանցիկության գործընթացի շարժիչ ուժ:

Տիկին Դոյդոյանի տեղեկացմամբ՝ 2018 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, քաղաքացիական հասարակության մի քանի այլ կազմակերպությունների  հետ միասին հանդես են եկել մի նախաձեռնությամբ և  կառավարությանը դիմեցին առաջարկով , որով ապահովվելու էր բիզնեսի իրական շահառուների թափանցիկությանը: Առաջարկը  հավանության էր արժանացել և ՀՀ կառավարությունն այն  ընդգրկել էր Բաց կառավարման գործընկերության 4-րդ ծրագրում (2018-2020)՝ դրանով պարտավորվելով ապահովել բիզնեսի բոլոր ճյուղերի իրական սեփականատերերի հրապարակայնությունը հանրային բաց ռեգիստրի ստեղծման միջոցով:

Տիկին Դոյդոյանը տեղեկացրեց, որ իրական շահառուների բացահայտման և թափանցիկության ապահովման  նպատակով առաջին փուլում ընտրվել էր հանքարդյունաբերության, երկրորդ փուլում՝ հանրային ծառայությունների ոլորտը, իսկ ահա երրորդ փուլում հայտարարագիր պետք է ներկայացնեն Հայաստանում գրանցված բիզնեսի բոլոր իրական շահառուները:

Քննարկմանը ուշացումով ներկայացած ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, որը Շուշան Դոյդոյանի ներկայացմամբ, ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնում հսկայական ներդրում է ունեցել այս բարեփոխման մշակման գործում,  կարևորեց ինստիտուտների կայացումը:

«Իրական շահառուների ինստիտուտն ինքն իրենով ենթադրում է ոչ միայն օրենսդրական, իրավական փոփոխություններ, այլև մարդկային մտածողության, ընկալումների և ինչու չէ՝ որոշակի արժեքների առաջ մղման ջանք: Այս առումով կարծում եմ, այս ռեֆորմն ամուր ձեռքերում է եղել,  ամենայն հարգանքով տղամարդկանց նկատմամբ, թույլ տվեք ասել, որ կանայք ավելի հետևողական էին, ավելի մարտահրավերներով այս պրոցեսներն առաջ մղելու համար, կանայք, ովքեր առաջնորդում են հակակոռուպցիոն օրակարգերի առաջմղումը»,-ասաց նա:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ 2015 թ. ավելի քան 110 երկրներ հանձնառություն են ստանձնել առաջ մղել իրական շահառուների օրակարգերը, կատարվել է ուսումնասիրություն՝ պարզելու համար, թե ինչ կապ կա գենդերային բաղադրիչի և իրական շահառուների թափանցիկության մեջ: Շատ քիչ երկրներ կան, որոնք տարանջատում են գենդերային բաղադրիչը սեռերի բաշխվածության  իրական շահառուների հաշվետվությունների հրապարակման ժամանակ: «Որպես այդպիսին՝ իրական շահառուների ինստիտուտը միտված չէ գենդերային հավասարության խնդրին, բայց այն շատ կարևոր  սկիզբ է տալիս կառավարություններին՝ մի քանի ուղղությամբ աշխատելու, հասկանելու, թե ինչպիսի իրավիճակ կա իրական շահառուների ցանկում կանանց ներգրավածության առումով: Սեռային բաշխվածության առումով, այս տեղեկատվությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ կառավարությունների համար որոշումներ կայացնելիս: Հայաստանի դեպքում այն առավել ռելեվանտ է, քանի որ  կառավարությունն իր ծրագրում հռչակել է կանանց տնտեսական  հզորացման նպատակը, որին հենց  իրական շահառուների հայտարարագրման տեղեկատվությունը շատ կօգնի: 2021թ-ին Հայաստանում մի ուսումնասիրություն է արվել,  գեդերային ճեղքվածքը  չափելու համար, բացահայտվել է, որ  ընդհանուր ձեռնարկատիրություների 36 տոկոսում են միայն կանայք  ներգրավված որպես սեփականատերեր, բայց ուշադրություն դարձրեք՝ սա գրանցված  սեփականատերերի թիվն է, իրական շահառուների դեպքում, ես համոզված եմ այն էապես կիջնի»,- նկատեց Քրիստինե Գրիգորյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31