Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշը գերազանցող բեռ տեղափոխելիս՝ ճանապարհը վնասելու համար 200 հազար դրամ տուգանքի փոխարեն ամեն 1 տոննա ավելի բեռի համար կվճարեն եւս 200 հազար դրամ

Հոկտեմբեր 19,2022 19:09

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն քաշը գերազանցող ծանրաքաշ կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:

Բայց ավելի մեծ քաշով եւ դրա արդյունքում ճանապարհներին առավել շատ վնաս հասցնող տրանսպորտային միջոցը նույն պատասխանատվությանն է ենթարկվում, ինչ համեմատաբար նվազ քաշ ունեցող եւ ավելի քիչ վնաս հասցրած տրանսպորտային միջոցը: Հիմա կառավարությունը գտնում է, որ այդ մոտեցումը արդյունավետ չի, եւ իրավախախտումը չի կանխվում: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Հիմնական զեկուցող՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանն ասաց, որ առաջարկում են սահմանել քաշը գերազանցելու համար 200 հազար դրամ տուգանք եւ դրանից ավելի յուրաքանչյուր 1 տոննայի համար եւս 200 հազար դրամ տուգանք:

Դանիելյանի խոսքով՝ «այս պահին գործող օրենքով թույլատրելի զանգվածը կգերազանցի 1 տոննայով, թե 5 տոննայով՝ նույն պատասխանատվությունն է, չնայած ճանապարհին հասցված վնասներն անհամեմատ տարբեր են: Վնասին համաչափ պատասխանատվության միջոց պետք է կիրառել»: Նաեւ սահմանվում է, որ տեսչական մարմնի կարգադրագիրը չկատարելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 150 հազար դրամով, պաշտոնատար անձը՝ 250 հազար դրամով:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ վիճակագրություն կա՞, շա՞տ են խախտումները, Դանիելյանը պատասխանեց, որ չեն ուսումնասիրել, վիճակագրություն էլ չունեն:

Պարզապես հիմա փորձում են կանխել, այլապես խախտում անողների համար կարող է տնտեսապես ձեռնտու լինել 200 հազար դրամ տուգանք վճարել ու ահռելի մեծ զանգվածով բեռ տեղափոխել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31