Լրահոս
Օրվա լրահոսը

Եռաբլուրում որդեկորույս մայրերին բռնությամբ բերման ենթարկելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել․ ՀՔԱՎ-ի հաղորդումը կցվել է դրան

Հոկտեմբեր 19,2022 18:35

2022 թ․ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում որդեկորույս մորը բռնությամբ բերման ենթարկելու մասին ՀՔԱՎ-ի հաղորդումը միացվել է արդեն հարուցված քրեական գործին։ Այս մասին մեզ տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել միջադեպից ժամեր անց՝ news.am լրատվական կայքի «Էդ տականքը որդուս շիրիմը չի պղծելու. զոհվածի մոր ինքնազգացողությունը վատացավ բերման ենթարկվելիս» հրապարակման հիման վրա։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են կարմիրբերետավորները, ուժ կիրառելով, բերման ենթարկում որդեկորույս մորը՝ ուշադրություն չդարձնելով անգամ նրա ինքնազգացողության վատացմանը, որից հետո կինը ուշագնաց է լինում։ Ոստիկանները շարունակում են իրենց բռնի գործողությունները նաև դրանից հետո։

Սրանով ոստիկանության աշխատակիցները հերթական անգամ ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակներից՝ կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ անձի իրավունքներն ու ազատությունները։

ՀՔԱՎ-ը ՀՀ գլխավոր դատախազից հայցել էր ոչ ուշ, քան օրենքով նախատեսված 24 ժամում նախաձեռնել քրեական վարույթ եւ իրականացնել օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն։

Դատախազությունից տեղեկանում ենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է սեպտեմբերի 23-ին, իսկ ՀՔԱՎ-ի հաղորդումը վարույթին է կցվել սեպտեմբերի 27-ին։

Միջադեպի առնչությամբ 35 ՀԿ-ներ, այդ թվում՝ ՀՔԱՎ-ը, սեպտեմբերի 22-ին հանդես էին եկել դատապարտող հայտարարությամբ, որում նշել էին, որ անընդունելի է Հայաստանի ոստիկանության ղեկավարության կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություն կատարելու հրամանների արձակումը և կատարումը: Իսկ պետության պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու հրամանների արձակումը նաև հատում է բարոյականության բոլոր շեմերը: Այս հայտարարությամբ ՀԿ-ները պահանջել էին ոստիկանապետի հրաժարականը։ Չնայած սրան՝ դեռևս հայտնի չէ, թե ոստիկանությունում դա ինչ արձագանք է գտել՝ արդյո՞ք, բացի քրեական վարույթից, ծառայողական քննություն կատարվել է, պատշաճ գնահատականներ տրվել են, թե՝ ոչ։ Հաշվի առնելով, որ նման դեպքերում քրեական գործերը անհարկի ձգձգվում, կասեցվում կամ կարճվում են, և այդ ողջ ընթացքում օրինազանց ոստիկանները շարունակում են իրենց ծառայությունն ու օրինազանց վարքագիծը, հանրության շրջանում այդ ոստիկանների՝ անպատժելի լինելու ընկալում է ձևավորվում, ինչն էլ հանգեցնում է ոստիկանության նկատմամբ վստահության անկման։

Արձանագրում ենք, որ Եռաբլուրում ոստիկանության ակնհայտ ապօրինի պահվածքը անպատժելության մթնոլորտի հետևանքն է։ Տարիներ շարունակ ՀՔԱՎ-ը ոստիկանության ապօրինի գործելաոճի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացնում, սակայն որևէ ոստիկան մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31