Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնողական արվեստը՝ Մատենադարանում (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 19,2022 18:28

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ․Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես, որի նպատակն է լուրջ հիմքերի վրա դնել վերականգնողի աշխատանքը և հասարակությանը ներկայացնել վերջին տարիներին Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում մասնագետների կողմից նորոգված աշխատանքները։

Բացման խոսքում Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, որ ցուցասրահում ցուցադրված են արվեստի տարբեր ճյուղերում վերականգնողների աշխատանքները՝ բացի ճարտարապետական բնագավառից: Ներկայացված են գորգարվեստի, ասեղնագործ վարագույրների, գեղանկարչության, յուղանկարի, գրաֆիկայի, հնագիտական առարկաներից՝ խեցեղենի, մետաղյա եւ այլ ծագման իրերի վերականգնված տարբերակներ: Ընդ որում՝ ցուցադրված են մեր մշակութային ժառանգության բոլոր հնարավոր դրսեւորումները՝ իրենց նախկին և ներկա՝ վերականգնված տեսքով:

Պարոն Տեր-Ղեւոնդյանը նշեց,որ ցուցադրությանն աջակցել և իրենց պահոցներից վերջերս վերականգնված նյութեր  տրամադրել են Հայաստանյան ութ պատմամշակութային հաստատություններ։ Ցուցադրության մասնակից կառույցներն են ՝ Մատենադարանը՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը» ,«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց –թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի ազգային արխիվը եւ Էջմիածնի Մայր տաճարի թանգարանը։

Մատենադարանի տնօրենի խոսքով՝ ցուցադրության գաղափարը ծագել է հենց վերականգնողների մոտ, ապա աջակցություն է ստացել ԿԳՄՍ նախարարի կողմից, եւ նախարարությունը դրամաշնորհ է հատկացրել այս ցուցադրության համար։ Աջակցություն է ստացվել նաև անհատ բարերարի կողմից, ով չի ցանկացել հիշատակել իր անունը։

Ծրագրի հեղինակը Գայանե Եղիազարյանն է, որը Մատենադարանի վերականգնողական բաժնի ամբիոնի վարիչն է: Նրա խոսքերով՝ ցուցադրության աշխատանքային կարգախոսն է «Մենք կանք և պետք է լինենք»։

Ցուցադրության նմուշների տեսականին նյութի առումով բավականին ընդգրկուն է՝ բրոնզ, սև և կարմիր խեցեղեն, ճենապակի, գործվածք, թուղթ, մագաղաթ, յուղանկար և այլն։ Լայն է նաև ժամանակային և աշխարհագրական ընդգրկվածությունը՝ վաղ բրոնզե դարից մինչև 20-րդ դարի կեսեր, իսկ ստեղծման և պեղման աշխարհագրությունը՝ Կոստանդնուպոլիս, Մադրաս, Ռուսաստան, Նոր Ջուղա, Սիրիա, պատմական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն ։

Ցուցահանդեսը գործելու է մինչև 2023թ․հունիսի 9-ը։

Լիանա Փանոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31