Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաթուղթը թափթփված, տառասխալներով բառակույտ է՝ առանց հիմնավորման»․ Բրյուսովի համալսարանի հայտարարությունը

Հոկտեմբեր 19,2022 17:49

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր կայացած գիտական խորհրդի նիստում միաձայն համաձայնություն տրվեց բուհի՝ երկու այլ բուհերի հետ միավորման վերաբերյալ կառավարության որոշման առնչությամբ հրապարակվելիք հայտարարության տեքստին․ առաջարկների ամփոփումից հետո հայտարարությունն ամբողջությամբ հրապարակվելու է։

Դրանում մասնավորապես ասվում է․ «Ակնհայտ է, որ «հիմնավորում» վերնագիրը կրող փաստաթուղթն անհիմն ակնկալիքներ եւ ենթադրություններ պարունակող բառակույտ է եւ չի կարող լուրջ հիմք դառնալ՝ երկու բուհերի լուծարման համար։ Առավել եւս, որ չկա ապագա հաստատության մասին որեւէ պատկերացում։ Նախագիծը եւ հիմնավորումը կազմված են թափթփված, տառասխալներով, քերականական սխալներով, ինչը հարիր չէ կրթության եւ գիտության ոլորտը համակարգող նախարարությանը»։

Հայտարարությունում մատնանշվում է, որ օրերս համալսարանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է բուհերի զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկների փաթեթ, ըստ որի՝ նման բարդ ծրագրերը պետք է մշակվեն մասնագետների եւ բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ․ «Յուրաքանչյուր բուհի մասնագիտական հնարավորությունները պետք է գնահատվեն։ Սպասում ենք վարչապետին ուղղված մեր առաջարկների դրական պատասխանին։ Առաջարկում ենք չանձնավորել հարցը եւ հրաժարվել անհարկի մեթոդների կիրառումից։ Դա մեզ հետ չի պահի պայքարից։ Առաջարկում ենք օգնել եւ չխանգարել համալսարանի հետագա զարգացման մեր տեսլականին։ Համալսարանի գործունեության դադարեցման գործընթացը շարունակելու դեպքում մեզ իրավունք ենք վերապահում օգտագործելու բոլոր հնարավոր միջոցները»։

Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր կայացած գիտական խորհրդի ընդլայնված նիստում մեկ հարց կար՝ հոկտեմբերի 14-ին ԲՊՀ-ին տրամադրված՝ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31