Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին հրաժեշտ տվեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նահատակված դարպասապահին

Հոկտեմբեր 19,2022 17:34

Այսօր Գյումրին հրաժեշտ տվեց սեպտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ագրեսիվ հարձակման ժամանակ նահատակված ժամկետային զինծառայող Կարեն Կարապետյանին։ Նա «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահն էր։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբից մեզ փոխանցել էին, որ նրան մեկ ամիս շարունակ փնտրել էին անհետ կորածների մեջ՝ հույս ունենալով, որ ողջ է ։

19-ամյա երիտասարդը տան միակ արու զավակն էր, նրա ընկերների փաստմամբ՝ պատրաստվում էր բարձրագույն կրթություն ստանալ ֆիզկուլտուրայի բաժնում։

Կարեն Կարապետյանին հուղարկավորեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կամ «Գեղցնոց ժամ» կոչվող եկեղեցուց՝ հոգևոր ու զինվորական կարգով՝ զինվորական նվագախմբի երաժշտության ուղեկցությամբ։

19-ամյա Կարենին եկել էին հրաժեշտ տալու մեծ թվով գյումրեցիներ՝ ծանոթ, թե անծանոթ, նրանց մեջ կային նախկին ու ներկա զինվորականներ, դատարանի աշխատակիցներ, դերասաններ, դպրոցների ուսուցիչներ, լրատվական դաշտի ներկայացուցիչներ։ Նրանք եկել էին իրենց երախտիքը հայտնելու հայրենիքի պաշտպանին, որի կյանքի գնով են ապրում իրենք։

Քահանան հոգևոր կարգը կատարելիս՝ ներկաներին խնդրեց հերոսին հրաժեշտ տալ ոչ թե սգավորի, այլ հաղթողի հոգեբանությամբ, քանի որ Կարենը նահատակվեց, որպեսզի հայրենիքում կյանքը զորանա։ Հոգևոր հայրը նկատեց սակայն, որ ոչինչ չի արվում կյանքը զորացնելու համար, այլ յուրաքանչյուրը իր անձնական կյանքն է զորացնում։ Մինչդեռ բոլորը՝ հանուն մեր հերոսների պիտի նպաստեն հզորանալուն։

Կարենը ծառայում էր Վերին Շորժայում, նա դիրքի ավագն էր, թշնամու հարձակման ժամանակ գտնվել էր սահմանագծին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է բլոգեր Արա Նախշքարյանը, որի որդին ևս ծառայում է, Կարենի ընկերներից է։

Արա Նախշքարյանն իր էջում տեղադրել է Կարենի հարցազրույցը հեռուստաընկերություններից մեկին, որով նա, ցանկանալով խաղաղություն իր երկրին, հպարտորեն ասում է․ «Գնանք ծառայենք, հետ գանք»։

Բլոգերը գրել է․

«ՄԵՐ ՏՂԵՆ՝ ԿԱՐԵՆԸ…

Հետաքրքիր առանձնահատկություններով օժտված այս տղան, մաս կազմեց որդուս ընկերությանը ու նրանք դարձան երեք ընկեր։

Արմավիրի ուսումնական զորամասում 6 ամիս միասին անցան զինվորական կարգապահության ու մարտավարական դասընթացներն ու ստացան զինվորական՝ կրտսեր սերժանտի կոչումն ու մարդ-զինվորական որակավորմամբ՝ տեղափոխվեցին, ամեն մեկն իրեն ամրագրված զորամասեր։

Կարենը Վերին Շորժայում էր ծառայում։ Սեպտեմբերի 12-ին գտնվում էր սահմանագծին, դիրքի ավագն էր։ Մինչեւ վերջ կռիվ տալով՝ նահատակվեց Հայոց Սրբազան Երկրի դարպասներն անառիկ պահելու գործի ժամին։

Կարճ էր ժամանակը, որ քեզ ճանաչեցի, բայց այնքան բան ունեմ հիշելու, որ մի ամբողջ պատում կստացվի…

Կար ջան, ընկերներդ հիմա դիրքերում են, ամուր են կանգնած, Քո, նահատակված մյուս տղաների եւ իրենց փոխարեն։

Վրեժը՝ Երդում են դարձրել ու ամուր գրկել են զենքը ու արծվի հայացքով հսկում են Հայրենիքը եւ առյուծաբար կհասնեն այն շնագայլի վրա, որ կփորձի սահմանն անցնելու փորձն անել…

Կարեն ջան, ես քեզ կհիշեմ միշտ, որպես՝ ժպտադեմ տղա, կենսուրախ ու արագ կողմնորոշվող, խիզախ ու վճռական…

Շնորհակալ եմ Քեզ, Զինվո՛ր, որ կյանքդ տվեցիր Հայրենիքիդ վաղվա լուսաբացներն ավելի պայծառ բացվելու համար․․․

Կկարոտեմ Քեզ Կարեն ջան…

Փառք Քեզ…»։

Ի դեպ, ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Գյումրի քաղաքի բնակիչ Բ. Պ.-ն, ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից, 5 միլիոն ՀՀ դրամ գումար էր պահանջել համաքաղաքացի Խ. Գ.-ից՝ նրա ազգականին իբրև թե գերությունից ազատելու և ՀՀ վերադարձնելու գործընթացը կազմակերպելու համար։ Բ․Պ-ն ձերբակալվել է։

Պարզվում է Բ․Պ-ն այդ գումարը պահանջում էր իբրև թե Կարեն Կարապետյանին գերությունից վերադարձնելու համար, որը սակայն, գերի չի ընկել, այլ զոհվել է սահմանագծին։

Մենք տեղեկացրել էինք, Բ․Պ-ն ոստիկանության Կումայրի բաժնի նախկին աշխատակից է եղել, որի ցուցմունքի հիման վրա էլ քրգործ էին հարուցել ու 7 ամսով կալանավորել Վարդան Ղուկասյանի որդուն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31