Լրահոս
Օրվա լրահոսը

«Թերսնված երեխաները նաեւ բարեկեցիկ ընտանիքներում են շատ, մարդիկ չգիտեն՝ ինչ պետք է կերակրեն երեխային, հատուկ սննդակարգ մենք պետք է մշակենք». Քերոբյան

Հոկտեմբեր 19,2022 15:54

Սեպտեմբերի 13-ից առաջ Ջերմուկում հյուրանոցներում տեղ չկար: Հիմա իրավիճակն այլ է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը.«Սկզբում 100 տոկոս էր լցված, հետո դարձավ 0, հիմա ես գիտեմ, որ 0 չի հաստատ»:

Նա ասաց, որ ճոպանուղին չի գործարկվել, որովհետեւ այնտեղ կա պահեստամասերը վերանորոգելու խնդիր:

Լրագրողները հետաքրքրվեցին ցորենի պաշարներից: Նախարարը պատասխանեց, որ հիմա պարենային անվտանգության ռազմավարությունն են գրում. «Այն պետք է ուղղված լինի ոչ միայն անհրաժեշտ քանակի սննդամթերքով Հայաստանն ապահովելուն, այլ նաեւ ճիշտ սնվելուն, որովհետեւ տեսեք, օրինակ, փոքր երեխաների պարագայում մինչեւ 2 տարեկան երեխաների պարագայում մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ միայն թերսնվելն է, այլ նաեւ սխալ սնվելն է, որի արդյունքում երեխաների զգալի մասը՝ ավելի քան 40%-ը ունեն թերսնվածություն: Բայց դա հա՛մ քիչ սնվելուց է, հա՛մ սխալ սնվելուց»:

Քերոբյանն ասաց, որ գյուղացիներին խրախուսել են, որ ցանեն աշնանացան ցորեն: Ծրագրի վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, քանի որ պատերազմն է խանգարել, ժամկետը կերկարաձգեն մինչեւ հոկտեմբերի 22. «Հայաստանում արտադրվող ցորենը հիմնականում մարդկանց համար չի, այլ օգտագործվում է որպես կոմբինացված կերի բաղադրիչ, այսինքն, մենք խոսում ենք այն ցորենի մասին, որն օգտագործվում է այլ պրոդուկտների մեջ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճիշտ սնվել ասելով՝ դուք ի՞նչ նկատի ունեք: Նախարարը պատասխանեց. «Ասենք, անհրաժեշտ վիտամիններ, անհրաժեշտ կալորիաների բաղադրությունը: Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ խնդիրը իրականում սխալ ուտելու մեջ է, ոչ թե քիչ ուտելու մեջ: Թերսնված երեխաները նաեւ բարեկեցիկ ընտանիքներում են շատ, որովհետեւ մարդիկ չգիտեն՝ ինչ պետք է կերակրեն երեխային: Հատուկ սննդակարգ մենք պետք է մշակենք: Մինչեւ տարվա վերջ կունենանք ընդունված ռազմավարություն, որի մեջ ճանապարհային քարտեզով նշված պիտի լինի՝ ինչը երբ պետք է լինի»:

Հարցին՝ այսինքն, դուք պետք է ասեք մարդիկ ի՞նչ ուտեն՝ Քերոբյանը պարզաբանեց. «Չէ, մենք ուղղակի պետք է առաջարկենք, որ մարդիկ ավելի շատ իմանան ճիշտ սնվելու մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31