Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մեկնաբանելով կառավարության՝ շրջանառության մեջ դրած նախագիծը, որով նախատեսվում է 150 հազար դոլարի ներդրում անելու դեպքում ՀՀ քաղաքացիություն տալ օտարերկրյա քաղաքացիներին, ասաց. «Մասնավոր ներդրումները խրախուսված են Հայաստանում եւ խրախուսված են օտարերկրյա ներդրումները: Դրանով կարող է լուծվել երկու հարց՝ Հայաստանում լուծել էմիգրացիայի հարցը, այսինքն, որոշակի կատեգորիայի մարդկանց դարձնել ՀՀ քաղաքացիներ, որոնք կարող են ՀՀ տնտեսության մեջ մեծ դեր կատարել: Այդ թվում խոսքը ոչ միայն տնտեսության բնագավառի մասին է, այլ արվեստի, մշակույթի, գիտության: Այն մարդկանց մասին է, որոնք ՀՀ քաղաքացի դառնալով՝ կարող են նպաստել այդ ճյուղերի նշանակալի զարգացմանը: Այդ առումով առաջարկը այսօր այսպիսին է: Բնականաբար, որոշակի ճշգրտումների եւ կոմպակտ տեսքի կգա նախագիծը, մինչ ընդունելը»:
Հարցին՝ մտավախություն չկա՞, որ ներդրումներ կանեն թուրքերը եւ կգան ՀՀ՝ Քերոբյանը պատասխանեց. «Խոսքը չի գնում այն մասին, որ ով դիմի՝ կստանա, բնականաբար, անհրաժեշտ ընթացակարգերը ոստիկանության ու ԱԱԾ-ի կողմից կատարվելու են: Այդ հարցերը այդ մակարդակում ամբողջությամբ կչեզոքացվեն եւ մենք չենք ունենա այնպիսի իրավիճակ, որով կունենանք չափից շատ երկքաղաքացիներ՝ ՀՀ-ի եւ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող: Չեմ կարող ասել՝ կբացառվի, Թուրքիայում էլ ապրում են բավականին շատ հայեր, վստահ եմ, որ կչեզոքացվեն ցանկացած կասկածելի կամ վտանգավոր դեպքեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ