Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի «դրոնային դիվանագիտությունն» ու ԱՄԷ-ն. Հայկ Գաբրիելյան 

Հոկտեմբեր 19,2022 16:28

2022թ․ սեպտեմբերի 1-ին թուրքական Baykar Makina ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը (օգոստոսի 30-ին սևծովյան Սամսունում մեկնարկած) Teknofest Karadeniz ավիափառատոնի ժամանակ հայտարարեց, որ Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-եր գնող երկրների թիվը հասել է 24-ի, և որ ընկերության ողջ եկամուտների 98%-ն արդեն բաժին է ընկնում ԱԹՍ-երի արտահանմանը․ «Ընդամենը 4 տարի պահանջվեց, որպեսզի Bayraktar TB2-ը դառնա ամենաշատ վաճառվող ԱԹՍ-ն աշխարհում։ Միաժամանակ աճում է հետաքրքրությունը Bayraktar Akıncı հարձակողական ԱԹՍ-ի հանդեպ արդեն 4 երկիր հետաքրքրված է դրանով, և ստորագրվել են համապատասխան պայմանագրեր։ Ցայժմ մեր ընկերությունն արտադրել է ավելի քան 400 միավոր Bayraktar TB2 և մոտ 20 միավոր Bayraktar Akıncı։ Baykar Makina-ն ունակ է արտադրել տարեկան 200 միավոր Bayraktar TB2։ Մենք ծրագրում ենք հաջորդ տարի այդ ցուցանիշը հասցնել մինչև 500 միավոր Bayraktar TB2-ի և 40 միավոր Bayraktar Akıncı-ի։ Մենք չենք դադարում ներդրումներ անել այս ոլորտում և հաշվի ենք առնում ոչ միայն Թուրքիայի կարիքները, այլև արտերկրում աճող պահանջարկը։ Ընդամենը 13 տարի առաջ Թուրքիային մերժում էին անօդաչու ավիացիա գնելու հարցում, մինչդեռ ներկայիս Թուրքիան ոլորտի համաշխարհային առաջատարներից է՝ օժտված սեփական տեխնոլոգիաներով» [1]:

Նշենք, որ սա իսկապես տպավորիչ արդյունք է Թուրքիայի համար, որը 2008թ․ և 2009թ․ երկու առանձին նամակով ԱՄՆ-ից ապարդյուն խնդրում էր MQ-1 Predator և MQ-9 Reaper ԱԹՍ-եր (Հ․ Բայրաքթարի մատնանշած 13 տարին)։ Եթե Bayraktar TB2-ը Թուրքիայում որակվում է որպես հարվածային ԱԹՍ (Silahlı İnsansız Hava Aracı, SİHA), ապա Bayraktar Akıncı-ն՝ որպես հարձակողական ԱԹՍ (Taarruzi İnsansız Hava Aracı, TIHA): Էրդողանի պնդմամբ՝ աշխարհում 3 երկիր ունի Bayraktar Akıncı-ի նման ծանր դասի ԱԹՍ-ի տեխնոլոգիաներ [2]: Մեր կարծիքով՝ այս երկու ԱԹՍ-երի տեխնիկական պարամետրերի համեմատությունն ի ցույց է դնում ոլորտում Թուրքիայի գրանցած մեծ առաջընթացը։ Ստորև ներկայացվող տվյալները վերցված են Baykar Makina-ի կայքից։

Աղյուսակ 1

Այս ցուցանիշները վկայում են, որ (ուկրաինական շարժիչներով) Bayraktar Akıncı-ը շատ ավելի առաջատար և մահաբեր ԱԹՍ է։ Թուրքական կողմի պնդմամբ՝ Bayraktar Akıncı-ի հեռահարությունն անսահմանափակ է՝ կախված արբանյակների հզորությունից (արբանյակներ չունեցող երկրների դեպքում նրա հեռահարությունը կկազմի մինչև 300 կմ)։ Bayraktar Akıncı-ի ևս մեկ առավելությունն այն է, որ այն ունի ակտիվ փուլային զանգվածի ալեհավաք և սեփական ՌԷՊ համակարգ՝ ռադարով, որպիսիք չունի թուրքական որևէ այլ դրոն։

Առանձնակի կարևություն ունի Bayraktar TB2-ի ու Bayraktar Akıncı-ի կրած զինամթերքի համեմատությունը։ Bayraktar TB2-ը ցայժմ օգտագործում էր միայն թուրքական Roketsan ընկերության արտադրության մինի խելացի զինամթերք (Mini Akıllı Muhimmat)՝ MAM-C և MAM-L (լայնորեն կիրառվել են 44-օրյա պատերազմում) և առաջիկայում էլ կարող է կիրառել MAM-T տիպի «խելացի ռումբեր» (MAM-T-ի զանգվածային արտադրությունը Թուրքիայում մեկնարկել է 2021թ․ երկրորդ կեսին)։ Թուրքական մամուլը հատուկ կարևորություն է տալիս հենց MAM-T-ի կիրառմանը՝ ընդգծելով, որ նրա հեռահարությունը թույլ է տալիս խոցել ՀՕՊ համակարգեր (Pantsir, Tor)՝ առանց վերջիններիս գործունեության գոտի մտնելու։ Ընդ որում, թեթև գրոհիչ ինքնաթիռից արձակվելու դեպքում MAM-T-ի հեռահարությունը կազմում է ավելի քան 60 կմ, իսկ կործանիչ ինքնաթիռից արձակման դեպքում՝ ավելի քան 80 կմ (կախված հրթիռն արձակող ավիամիջոցի արագությունից)։

Աղյուսակ 2


2021թ․ ապրիլին Bayraktar Akıncı-ն իր առաջին կրակային փորձարկումն իրականացրել է հենց MAM-T-ով [3]: Bayraktar Akıncı-ն ունակ է կրել տարատեսակ հրթիռներ ու «խելացի ռումբեր»՝ MAM-L, MAM-C, MAM-T, Cirit, L-UMTAS, Bozok, MK-81, MK-82, MK-83, Kanatlı Güdüm Kiti (KGK)-MK-82, Gökdoğan, Bozdoğan, SOM-A։ Ցանկանում ենք առանձնացնել սրանցից 3-ը։ TÜBİTAK-SAGE-ի մշակած ու Roketsan-ի կողմից արտադրվող SOM (Stand-Off Missile) թևավոր հրթիռը Թուրքիայում մշակված «օդ-երկիր» դասի առաջին հրթիռն է։ Նրա հեռահարությունը կազմում է ավելի քան 250 կմ, երկարությունը՝ 4 մ, քաշը՝ մոտ 600 կգ, մարտագլխիկի քաշը՝ 230 կգ։ Մինչ վերջերս այն կիրառվում էր միայն F-4 և F-16 կործանիչներում, իսկ այժմ այն պետք է ինտեգրվի նաև Bayraktar Akıncı B-ին (SOM-J-ի հեռահարությունը կազմում է 300 կմ, իսկ ավելի նոր տարբերակի հեռահարությունը կհասցվի 500 կմ-ի)։ Իսկ ահա Bozdoğan (25 կմ հեռահարությամբ) և Gökdoğan (65 կմ հեռահարությամբ) հրթիռները Թուրքիայի առաջին «օդ-օդ» դասի հրթիռներ են։ Նման հրթիռներ կրելով՝ Bayraktar Akıncı-ն ունակ կլինի կատարել կործանիչ ինքնաթիռին բնորոշ որոշակի գործառույթներ (մղել օդային մարտեր) [4]:

ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԴՐՈՆԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիան ԱԹՍ-երի ոլորտում նման մեծ արդյունքների հասավ ինչպես դրանց որակի ու գնի (արդյունավետության ու մատչելիության) հարմար հարաբերակցություն ստեղծելու, այնպես էլ «դրոնային դիվանագիտության» շրջանակներում ձեռնարկած քայլերի շնորհիվ։ Փորձագետների խոսքերով՝ թուրքական ԱԹՍ-երն իրենց որակով թեև մի կողմից զիջում են ամերիկյան ու իսրայելական ԱԹՍ-երը, սակայն մյուս կողմից էլ գերազանցում են չինական ու իրանական ԱԹՍ-երը։ Վերջին տարիներին Թուրքիային հաջողվեց լայնորեն և անգամ որոշակի ուռճացվածությամբ գովազդել Bayraktar TB2-ը Սիրիայում, Լիբիայում ու Արցախում տեղի ունեցած ռազմական կոնֆլիկտներում/պատերազմներում, վերջին շրջանում նաև Ուկրաինական պատերազմի ժամանակ (2014թ․ Թուրքիայի զինված ուժերի սպառազինության կազմը համալրած Bayraktar TB2-ի թռիչքների ընդհանուր ժամկետը 2022թ․ օգոստոսի վերջի դրությամբ կազմեց 500․000 ժամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Թուրքիայի ավիացիոն պատմության մեջ․ դրանում նա ռեկորդներ էր գրանցել նաև տակտիկական դասի ԱԹՍ-երի մեջ առավելագույն վերելքի (27.030 ոտնաչափ) ու օդում ամենաշատ մնալու ժամկետների (27 ժամ և 3 րոպե) առումներով) [5]։

Թուրքական ԱԹՍ-երն էժան են, ինչպես նաև արդյունավետ: Bayraktar TB2-ն արժե մոտ 5 միլիոն դոլար՝ համեմատած 20 միլիոն դոլար արժեցող ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ-ի և 28 միլիոն դոլար արժողությամբ ավելի առաջադեմ, ամերիկյան արտադրության Protector RG Mk 1-ի հետ (որը շուտով շահագործման կհանձնվի բրիտանական թագավորական օդուժի հետ): Ի տարբերություն այլ էժան մոդելների, ինչպիսին է չինական Wing Loong-ը՝ թուրքական ԱԹՍ-երն ապահովում են արևմտյան ԱԹՍ-երի կարողությունների մեծ մասը՝ չնչին գնով: Այսպիսով, զարմանալի չէ, որ Թուրքիան նշանակալի դեր է ձեռք բերել մի ոլորտում, որտեղ նախկինում գերիշխում էին ԱՄՆ-ը, Իսրայելը և Չինաստանը: Թուրքական ԱԹՍ-եր շահագործող երկրների ցանկն արագորեն հասել է 9-ի, մինչդեռ ևս 16-ը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամներ, ինչպիսիք են Լեհաստանը, Լատվիան և նույնիսկ Միացյալ Թագավորությունը, պատվերներ են տվել Baykar-ին կամ ցանկություն են հայտնել դա անել: Սա խթանել է Թուրքիայի ռազմարդյունաբերությունը և ավելի լայն իմաստով նրա ճգնաժամային տնտեսությունը: Մինչ այժմ Թուրքիան արտահանել է առնվազն 700 միլիոն դոլարի ԱԹՍ-եր (2021թ․ թուրքական ռազմական ողջ արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 3․2 միլիարդ դոլար)։

«Դրոնային դիվանագիտությունը» հաճախ հանգեցնում է շահութաբեր, երկարաժամկետ գործընկերության՝ հիմնված պահեստամասերի, զինամթերքի, ուսուցման և տեխնիկական այլ աջակցության վրա: Թուրքիայի և Ուկրաինայի միջև աճող ռազմական գործընկերությունը դրա օրինակն է: Թուրքիան այժմ գնում է ուկրաինական շարժիչներ, մինչդեռ երկու երկրները սերտորեն համագործակցում են հետազոտությունների և մշակումների ոլորտում։ Անկարան ԱԹՍ-երն օգտագործում է նաև Աֆրիկայում իր քաղաքականության հիմնական դիտանկյունները մշակելու համար:
«Դրոնային դիվանագիտության» միջոցով Թուրքիան ամրապնդել է իր բարձր մակարդակի հարաբերությունները Եթովպիայի և Մարոկկոյի հետ, որոնցում նա ունի զգալի տնտեսական և աշխարհաքաղաքական շահեր։

Ռազմական առումով Անկարան ԱԹՍ-երն օգտագործում է որպես ցամաքային գործողությունների ուժի բազմապատկիչ և որպես էժան միջոց՝ հետախուզություն հավաքելու և հակառակորդի պաշտպանությունը չեզոքացնելու համար: Դա նրան օգնել է արագ և հեշտությամբ ուժեղացնել տարածաշրջանային պրոքսի խմբավորումները և իրականացնել թեթև ռազմական արշավներ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ԱԹՍ-երը հեշտ են տեղափոխվում մի վայրից մյուսը և օգտատիրոջը հաճախ թույլ են տալիս իրականացնել բավական հյուծիչ գործողություններ՝ ընդ որում պահպանելով իր մասնակցության հերքման հնարավորությունը։ ԱԹՍ-ն այդպիսով մի տեխնոլոգիա է, որի տարածումն օգնում է Թուրքիային թուլացնել արևմտյան ռազմական գերիշխանությունը։ Աշխարհաքաղաքական առումով Թուրքիան ցույց է տվել, թե ինչպես կարող են ԱԹՍ-երը հզոր արտաքին քաղաքական արժեք հանդիսանալ․ այս տեխնոլոգիան օգնել է նրան հարկադրանքի ենթարկել իր աշխարհաքաղաքական մրցակիցներին և խանգարել է իր գործընկերներին փնտրելու նոր դաշնակիցներ [6]:

Թուրքիան զենքի վաճառքն օգտագործում է ոչ միայն փող աշխատելու, այլ նաև դաշինքներ ստեղծելու և հովանավորչության ցանց ձևավորելու համար, հատկապես Աֆրիկյան մայրցամաքում: Պատահական չէ, որ Անկարան աջակցում է Եթովպիայի ներկայիս կառավարությանը, չնայած մարդու իրավունքների լայնածավալ խախտումներին, քանի որ թուրքական ներդրումներն Արևելյան Աֆրիկայի երկրում երկրորդ տեղն են զբաղեցնում: Անկարան նաև մեծ հավակնություններ ունի Արևմտյան Աֆրիկայի աճող շուկաների նկատմամբ և, հետևաբար, ցանկանում է զենքի գնումների հարցում աջակցել տեղական կառավարություններին: Հարվածային ԱԹՍ-եր վաճառելը նման չէ որևէ այլ ապրանքի, դրանք ստեղծված են մարդկանց սպանելու համար։ Եվ հետևաբար, ճգնաժամային երկրներ ԱԹՍ-եր արտահանելը հանգեցնում է նրան, որ դրանք ձեռք բերողը հնարավորություն է ստանում մարդկանց հեռվից սպանել արագ և անխղճորեն (այդ իմաստով ԱԹՍ վաճառելը նման է «մահ վաճառելուն»)։ ԱԹՍ-երի տարածումը կարող է աշխարհը դարձնել և՛ ավելի բազմաբևեռ, և՛ ավելի վտանգավոր, սակայն այս փուլում տվյալ գործընթացն անշրջելի է [7]:

Մեր կարծիքով՝ «դրոնային դիվանագիտության» հարցում Թուրքիայի հաջողության բանալիներից մեկն էլ այն է, որ նա հատկապես աֆրիկյան երկրներում սկսել է Bayraktar TB2-ը ներկայացնել որպես անջատողականների/ապստամբների դեմ արդյունավետ պայքարի զենք (աֆրիկյան և այլ երկրների ապստամբները հազիվ թե կարող են արդյունավետ պայքար մղել Bayraktar TB2-ի դեմ)։ Իսկ ահա հետխորհրդային տիրույթում (նաև Արևելյան Եվրոպայում) Bayraktar TB2-ը ներկայացվում է որպես մարտադաշտում ռուսական զենքին հաղթած զենք (այդ թվում նաև 44-օրյա պատերազմում), ինչը նրան դարձնում է բավական գրավիչ։ Հետխորհրդային ու արևելա-եվրոպական երկրների համար Bayraktar TB2 գնելը ծառայում է նաև որպես Ռուսաստանին գրգռելու/զայրացնելու միջոց։

Եվ, վերջապես, զգալի դեր ունի այն գործոնը, որ Baykar Makina-ի տեխնիկական տնօրեն Սելչուք Բայրաքթարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի փեսան է և վայելում է նրա անձնական աջակցությունը (ԶԼՄ-ի հաղորդմամբ՝ Ս․ Բայրաքթարը բավական մտահոգ է Baykar Makina-ի գործունեության վրա 2023թ․ Թուրքիայում կայանալիք ընտրությունների արդյունքներով հնարավոր իշխանափոխության բացասական ազդեցությամբ) [8]։ Ի վերջո, Baykar Makina-ն ԱԹՍ-եր արտադրող թուրքական միակ ընկերությունը չէ․ Թուրքիայի Օդատիեզերական ընկերությունը (TAI, թուրքական տարբերակով՝ TUSAŞ) արտադրում է բավական հայտնի ANKA-S և Aksungur հարվածային ԱԹՍ-եր, Lentatek ընկերությունը՝ Vestel Karayel հարվածային ԱԹՍ-ը և այլն։ Արդյունքում 2022թ․ հունիսին Թուրքիայի Արտահանողների միության (TIM) ներկայացրած տվյալներով՝ Baykar Makina-ն առաջին անգամ գերազանցել է Turkish Aerospace Industries-ը (TAI), որը երկար տարիներ եղել է Թուրքիայի ռազմարդյունաբերության արտահանման առաջատարը։ Դրանց համաձայն՝ 2021թ․ Baykar-ն արտահանել է 664 միլիոն դոլարի հարվածային ԱԹՍ [9]։

Այնուամենայնիվ, Արևմուտքում համարում են, որ Թուրքիայի ռազմականացված և շահույթ հետապնդող «դրոնային քաղաքականությունը» նաև խնդիրներ է ստեղծել: Մինչ թուրքական ԱԹՍ-երը մի շարք կոնֆլիկտներում նպաստեցին վճռորոշ հաղթանակներին, նրանք չկարողացան դա անել այնպիսի հակամարտություններում, ինչպիսիք են Դոնբասն ու Արևմտյան Սահարան: Թուրքական ԱԹՍ-երը հետագա ապակայունացնող դինամիկա են մտցրել առանց այն էլ բարդ տարածաշրջաններում, վտանգել են Թուրքիայի հարաբերություններն այնպիսի կարևոր երկրների հետ, ինչպիսիք են Ալժիրը և Ռուսաստանը, և բարդություններ են ստեղծել ՆԱՏՕ-ի և արևմտյան բազմակողմ նախաձեռնությունների համար: Ավելին, քանի որ ԱԹՍ-երն ավելի ու ավելի կարևոր դեր են ստանձնում թուրքական ռազմական գործողություններում, աճում է ռիսկը, որ նրանք կներգրավվեն մարդու իրավունքների ոտնահարման մեջ։ Դա հաստատում են Սիրիայում և Հյուսիսային Իրաքում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) և նրա հետ կապված խմբավորումների դեմ Թուրքիայի վերջին գործողությունների ժամանակ քաղաքացիական զոհերի գրանցման մասին մի շարք հաղորդումները:

Բացի այդ Անկարան չի կարող վերահսկել, թե իր ԱԹՍ-երն ինչպես են օգտագործվում դրանք գնող երկրների կողմից։ Այսպիսով, Թուրքիայի՝ ԱԹՍ-երի արտահանման առանց հարցադրումների քաղաքականությունը կարող է վնասել նրա միջազգային հեղինակությունը: Հետևաբար Անկարայի շահերից է բխում ԱԹՍ-երի տեխնոլոգիայի օգտագործման և արտահանման նկատմամբ վերահսկողության արդյունավետ մեխանիզմների և հաշվետվողականության չափանիշների կիրառումը։ Վերջին տարիներին Թուրքիայի «դրոնային դիվանագիտության» հաջողության պատճառներից մեկն էլ հենց դա է․ Թուրքիայի համար գերակա են առևտրային թիրախները և ոչ թե այն, թե ինչպես և ում դեմ են օգտագործվում այդ ԱԹՍ-երը: Ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ Թուրքիայում չկա ռազմական արտադրանքի արտահանման հաստատման/մերժման երկարատև գործընթաց» [10]:

ԱՄԷ-Ի ՀԵՏ ԱԹՍ-ԵՐԻ ԳՈՐԾԱՐՔ

2022թ․ սեպտեմբերի 9-ին Middle East Eye-ը հայտնեց, որ ԱՄԷ-ն Թուրքիայի հետ բանակցում է 120 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ գնելու շուրջ, և որ գործարքը գնահատվում է 2 միլիարդ դոլար (36.4 միլիարդ լիրա)։ Տվյալ հարցով բանակցությունները Baykar Makina-ի և Tawazun էմիրաթական ընկերությունների միջև ընթանում էին մարտից և տեղի ունենում այն ժամանակ, երբ Թուրքիան և ԱՄԷ-ն աշխատում են տնտեսական կամուրջներ կառուցելու ուղղությամբ: Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ Bayraktar TB2-ի որոշ բաղադրիչներ կարող են արտադրվել ԱՄԷ-ում կառուցվելիք Baykar-ի գործարանում: Ոլորտի ինսայդերներից մեկը MEE-ին հայտնել է, որ յուրաքանչյուր Bayraktar TB2-ն արժե 5 միլիոն դոլար, որի համար պահանջվում է 100 միավոր MAM-L «խելացի ռումբ», որով ընդհանուր արժեքը կկազմի 15 միլիոն դոլար: ԱԹՍ-երից օգտվելու ուսուցման կազմակերպումը, ինչպես նաև հրամանատարական և կառավարման կենտրոնների վաճառքն առաջացնում են հավելյալ ծախսեր, որոնք կախված են վաճառված ԱԹՍ-երի քանակից․ յուրաքանչյուր կենտրոն կարող է կառավարել մինչև վեց ԱԹՍ։ Հ․ Բայրաքթարն անցյալ ամիս ասաց, որ իր ընկերությունը կուտակել է 3 տարվա պատվերներ և կարող է մեկ ամսում արտադրել մոտ 20 միավոր Bayraktar TB2 [11]:

MEE-ի այս հաղորդումից մոտ երկու շաբաթ անց Reuters-ը, վկայակոչելով Թուրքիայում իր աղբյուրները, հայտնեց, որ սեպտեմբերին ԱՄԷ-ն արդեն ստացել է 20 միավոր Bayraktar TB2 [12]: Նշենք, որ եթե ԱՄԷ-ն Թուրքիայից իսկապես գնի 2 միլիարդ դոլարի սպառազինություն, ապա դա կդառնա Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտի պատմության մեջ խոշորագույն ռազմական գործարքը։ Մինչ այս հայտնի էր, որ տվյալ դերին հավակնում էր 2018թ․ Թուրքիայի կողմից Պակիստանին 30 միավոր թուրքական T-129 ATAK հարվածային ուղղաթիռ վաճառելու գործարքը՝ 1․5 միլիարդ դոլար․ այս ռազմական գործարքը դեռ կայացած չէ, քանի որ Թուրքիան ընկել է ամերիկյան պատժամիջոցների տակ (ուղղաթիռի շարժիչն ամերիկյան է) [13]:

          Հայտնի է, որ Թուրքիան և ԱՄԷ-ն սկսել են վերականգնել հարաբերությունները վերջին մեկ տարում՝ 10-ամյա քաղաքական և միջնորդավորված հակամարտություններից հետո այնպիսի տեղերում, ինչպիսիք են Լիբիան, Եգիպտոսը և Աֆրիկյան եղջյուրը: Նրանց հարաբերություններն ավելի սրվեցին թուրքական կողմի այն մեղադրանքից հետո, որ ԱՄԷ-ն, իբրև թե, ֆինանսավորել է 2016թ․ Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձը (ՌՀՓ): ԱՄԷ-ն հերքում է դա։

2019-2020թթ․ Լիբիական պատերազմի ժամանակ ԱՄԷ-ն և Թուրքիան աջակցում էին հակամարտ կողմերին․ ԱՄԷ-ն Խալիֆա Հաֆթարի ուժերին մատակարարում էր չինական արտադրության Wing Loon II ԱԹՍ-եր, իսկ Թուրքիան Տրիպոլիի կառավարությանը հատկացնում էր Bayraktar TB2 ԱԹՍ-եր: Բացի այդ վերջին շրջանում ԱՄԷ-ն (ինչպես նաև Սաուդյան Արաբիան) դարձել է Եմենում գործող հութիների ԱԹՍ-երի թիրախ և լավ պատկերացում ունի ԱԹՍ-երի ներուժի մասին [14]: ԱՄԷ-ին և Թուրքիային զգալի մտահոգում է Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը, և դա նույնպես նպաստում է կողմերի ներկայիս մերձեցմանը։

2021թ․ նոյեմբերին ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը մեկնեց Անկարա, ինչը նշանակալից քայլ դարձավ երկկողմ խնդիրների լուծման ուղղությամբ: Դրանից հետո Էրդողանը 2022թ․ փետրվարի կեսերին պատասխան այցով մեկնեց ԱՄԷ։ Թուրքիայի ու ԱՄԷ-ի նոր կապերն ունեն արագորեն շահութաբեր դառնալու միտում, ԱՄԷ-ն ծրագրում է միլիարդավոր դոլարներ ներդնել Թուրքիայի առողջապահության, ֆինանսական, տեխնոլոգիաների և ստարտափների ոլորտներում: Այս տարեսկզբին ԱՄԷ-ն նաև 5 միլիարդ դոլար արժույթի փոխանակման պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ: Երկու երկրները բանակցություններ են սկսել նաև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ (Թուրքիան փորձում է ԱՄԷ-ի ու Իրանի միջոցով զարգացնել Պարսից Ծոց-Միջերկրական ծով առևտրային միջանցքը)։

Ակնհայտ է, որ Թուրքիայի ընթացիկ ֆինանսա-տնտեսական բարդությունների և 2023թ․ հունիսին նշանակված գերկարևոր նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԱՄԷ-ն (նրա հնարավոր բազմամիլիարդ ներդրումները) Էրդողանի համար դիտարկվում է որպես որոշակի փրկօղակ՝ Թուրքիայի տնտեսական դրությունը շտկելու, սեփական որոշակի սասանված վարկանիշը մեծացնելու և ընտրություններում իր հաղթանակն ապահովելու առումներով։ Ֆինանսական զգալի ռեսուրսներով ԱՄԷ-ն դիտարկվում է նաև որպես թուրքական զենքի պոտենցիալ հարուստ գնորդ (չենք բացառում, որ Թուրքիան հետագայում կարող է առաջարկել ռազմակայան բացել ԱՄԷ-ի տարածքում՝ Հորմուզի նեղուցի մոտ)։

ԱՄԷ-ի կողմից Bayraktar TB2 ԱԹՍ գնելը Թուրքիայի (Baykar Makina-ի) համար հերթական հաջողությունն էր կոմերցիոն տեսանկյունից, սակայն այս ռազմական գործարքը, թերևս, բացառիկ է իր տեսակով (արդեն նշվել է, որ ԱՄԷ-ն Bayraktar TB2 գնած աշխարհի 24 երկրներից միայն մեկն է)։ Եվ խնդիրը ոչ այնքան նրանում չէ, որ այն կարող է դառնալ Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտի խոշորագույն ռազմական գործարք։ Այս գործարքը Թուրքիայի համար ունի բավականին կարևոր ներքաղաքական ենթատեքստ։

Սեպտեմբերի 28-ին Շվեդիայում գործող Nordic Monitor կայքը, որը հայտնի է Էրդողանին քննադատող նյութեր և նաև գաղտնի փաստաթղթեր հրապարակելով, հրապարակեց «Էրդողանն օգտագործում է «դրոնային դիվանագիտությունը»՝ լռեցնելու համար արտերկրի հակառակորդներին» խորագրով հոդված, որում նշված է․ «Գաղտնիք չէ, որ Էրդողանն արդեն երկար ժամանակ թուրքական արտադրության ռազմական ԱԹՍ-երն օգտագործում է որպես գործիք արտաքին քաղաքական ոլորտում՝ փոխշահավետ (win-win) առաջարկներ ներկայացնելով հատկապես աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներին, ինչն անում է ոչ միայն ընտանեկան բիզնեսի համար փող աշխատելու, այլև տարագրության մեջ գտնվող իր հակառակորդների դեմ սեփական «երկար ձեռքն» ամրապնդելու նպատակով»։

Թուրքիայի կողմից ԱՄԷ-ին ԱԹՍ վաճառելն իհարկե միայն բարի կամքի դրսևորում չէ։ ԱՄԷ-ում ապրում է մեկ այլախոհ, ում Էրդողանը ցանկանում է լռեցնել․ Էրդողանի նախկին դաշնակից և մաֆիայի դատապարտված ղեկավար Սեդաթ Փեքերը 2021թ․ մայիսից ապրում է Դուբայում։ Նա սկանդալային տեղեկություններ է բացահայտել թուրքական իշխանությունների կոռուպցիոն գործունեության, կառավարության կողմից Սիրիայում գործող ջիհադիստներին զենք ուղարկելու, թմրանյութերի շրջանառության հարցում հանցախմբերի հետ իշխող կուսակցության կապերի մասին (Փեքերն այդ ամենը պատմում է YouTube-ում տեղադրած տեսանյութերում)։

Անկարան ուժեղացրեց իր ճնշումն ԱՄԷ-ի վրա այն բանից հետո, երբ Փեքերը (2022թ․ հունիսին) հայտարարեց, որ ուղիղ թիրախավորելու է Էրդողանին և Թուրքիայում կայանալիք ընտրություններից երկու ամիս առաջ բացահայտելու է այն մութ գործերը, որոնք նա իրականացրել է Էրդողանի հրահանգով։ ԱՄԷ-ի իշխանությունների ճնշմամբ՝ Փեքերը դադարեցրել է YouTube-ում տեսանյութեր հրապարակելը և փոխարենը հանդես է գալիս միայն թվիթերյան գրառումներով։ Փեքերի համախոհների խոսքով՝ ԱՄԷ իշխանությունները Փեքերին արգելել են օգտվել սոցիալական ցանցերից։ Նրան հայտնել են, որ եթե նա թվիթներ գրի կամ նույնիսկ հավանի Twitter-ում որևէ գրառում, ապա իրեն կարտաքսեն (որոշ տվյալներով՝ Փեքերը տնային կալանքի մեջ է ԱՄԷ-ում)։

Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան ԱԹՍ-եր է օգտագործում Փեքերին լռեցնելու համար։ 2021թ․ մայիսին Փեքերը պնդում էր, որ թուրքական կառավարությունը Մարոկկոյին Bayraktar TB2 ԱԹՍ-եր է նվիրաբերել և խոստացել վաճառել ցածր գներով լրացուցիչ քանակի ԱԹՍ-եր՝ պայմանով, որ Մարոկկոն Փեքերին կարտահանձնի այդ երկրում նրա կարճատև այցի ընթացքում։ Փեքերի խոսքերով՝ չվերթը, որով նա պետք է մեկներ Մարոկկոյից, չեղարկվել է թռիչքից մի քանի րոպե առաջ, սակայն իրեն հաջողվել է մեկնել ԱՄԷ՝ չբացահայտելով, թե ինչպես է դա հաջողվել։

Nordic Monitor-ին հայտնի է դարձել, որ Էրդողանը գրավիչ գնով նաև մի շարք այլ երկրների է առաջարկել թուրքական արտադրության ԱԹՍ-եր՝ արտերկրում գործող Գյուլենական դպրոցները թուրքական պետության կողմից աջակցվող Maarif հիմնադրամին փոխանցելու և Թուրքիային գյուլենականների արտահանձնման դիմաց։ Չադը, Բուրկինա Ֆասոն, Եթովպիան և Նիգերը մինչ այժմ ընդունել են Էրդողանի առաջարկը։ Nordic Monitor-ի աղբյուրը հայտնել է, որ Էրդողանն այդ նպատակով աֆրիկյան առաջնորդներին մատակարարում է ոչ միայն ԱԹՍ-եր և նաև ռազմական այլ արտադրանք, այլև տվյալ առաջնորդներին մոտ կանգնած աֆրիկացի գործարարներն անշարժ գույք են գնում Թուրքիայում և ենթադրվում է, որ այդ գործարքների համար միջնորդավճարներ են առաջարկում ղեկավարներին։ Էրդողանը, նրա ընտանիքի անդամները և նրա գործարար գործընկերներն այդպիսով մեծ օգուտներ են քաղում ռազմարդյունաբերությունից, ռազմական արտադրանքի վաճառքից։ Baykar-ի սեփականատերերից Սելչուք Բայրաքթարն Էրդողանի փեսան է, և նրա ընկերությունը ոչ միայն օգտվում է պետական ​​բոլոր արտոնություններից, այլև մեծ եկամուտներ է ստանում տեղական և միջազգային շուկայում զենքի վաճառքից, որում միակ որոշում կայացնողը նրա սկեսրայրն է [15]:

Նշենք, որ հատկապես 2016թ․ ՌՀՓ-ից հետո Էրդողանի համար օրակարգային դարձավ արտերկրում գործող գյուլենական կրթական ցանցը փակելը/վերահսկողության տակ առնելը։ Գրեթե բոլոր արտասահմանյան այցերի ժամանակ Էրդողանը քննարկում էր գյուլենական կրթական ցանցը փակելու, գյուլենականների արտահանձնելու հարցերը։ Հայտնի է, որ Գյուլենի շարժումն աշխարհի ավելի քան 160 երկրում ուներ մոտ 1300 կրթական հաստատություն (նախակրթարաններից մինչև համալսարաններ), միլիոնավոր հետևորդներ։ Գյուլենի բիզնես կայսրությունը գնահատվել է 20-50 միլիարդ դոլար։ Այն աննախադեպ և եզակի շարժում է. նախկինում երբեք նման հզոր անդրազգային շարժում չի առաջացել Թուրքիայից [16]։

Էրդողանն արտերկրում Գյուլենական շարժման դիրքերին հարվածելու համար սկսել է օգտագործել նաև ԱԹՍ-եր՝ առաջարկելով «բարտերային համակարգ»։ Nordic Monitor-ի բացահայտումները վկայում են, որ բարտերային այդ մոդելն առնչվում է ոչ միայն գյուլենականներին, այլև Էրդողանի ցանկացած քննադատի։ Եվ, բնականաբար, որքան մեծ է արտերկրում հանգրվանած գործչի սկանդալային բացահայտումներով թուրքական իշխանություններին և մասնավորապես անձամբ Էրդողանին պատճառած վնասը, այնքան Էրդողանի համար մեծանում է տվյալ գործչին լռեցնելու փորձի համար վճարվող գինը (ցայժմ Թուրքիայում Փեքերի բազմաթիվ կոռուպցիոն բացահայտումներով որևէ հետաքննություն չի սկսվել՝ չնայած ընդդիմության համառ պահանջներին)։

Եթե Սեդաթ Փեքերի հրապարակումները նախկինում հիմնականում ուղղված էին Էրդողանի շրջապատին, և դա անգամ որոշակի առումով ձեռնտու էր Էրդողանին (ասենք, Փեքերը մեծապես վարկաբեկել է ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին, ով որոշ տվյալներով հավակնում էր Թուրքիայի նախագահի ղեկին), ապա վերջին շրջանում Էրդողանը, թերևս, զգում է, որ «Փեքերի օղակը» սեղմվում է հենց իր շուրջ։ 2022թ․ օգոստոսի վերջին Փեքերն իր տասնյակ թվիթերյան գրառումներով բացահայտեց ենթադրյալ կոռուպցիոն ցանց, որում ընդգրկված են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Էրդողանի խորհրդականներ Սերքան Թարանօղլուն և Քորքմազ Քարաջան, կապիտալի շուկաների վարչության (SPK) նախկին ղեկավար Ալի Ֆուաթ Թաշքեսենլիօղլուն, իշխող ԱԶԿ-ի պատգամավոր Զեհրաօղլու Թաշքեշը և այլք [17]։ Արդյունքում Սերքան Թարանօղլուն և Քորքմազ Քարաջան օրեր անց հարկադրված են եղել հրաժարական տալ, այդ թվում նաև իշխող ԱԶԿ վերնախավից (Էրդողանի պահանջով) [18]։

Այդ ամենը նշանակում է, որ Էրդողանը փորձելու է ամեն գնով, այդ թվում նաև «դրոնային դիվանագիտության» բանեցմամբ հասնել ԱՄԷ-ի կողմից Ս․ Փեքերի արտահանձնմանը և պատրաստ է լինելու դրա համար վճարել բավական խոշոր գին։ Եթե թուրքական մաֆիայի պարագլուխ(ներից) Ս․ Փեքերը հիրավի պատրաստվում է Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ սեփական բացահայտումներով խորտակիչ հարված հասցնել անձամբ Էրդողանին, ապա դա կարող է էապես նպաստել գալիք ընտրությունների արդյունքներով Էրդողանի պարտությանը։ Դա կարող է նշանակել, որ քանի դեռ Էրդողանը չի հասել Ս․ Փեքերի արտահանձնմանը/լռեցմանը (սեպտեմբերի 21-ին «կազմակերպված հանցավոր խմբավորման անդամ հանդիսանալու» մեղադրանքով Ալբանիայում կալանավորվել և Թուրքիային արտահանձնվել է Սեդաթ Փեքերի մամլո խոսնակ Էմրե Օլուրը [19]), նա չի գնա Թուրքիայում արտահերթ ընտրություններ նշանակելուն (այդ առումով միայն 1 ամիս շուտ անցկացնելը չի լինի խնդիր․ Էրդողանը կարող է արտահերթ ընտրություններ նշանակել մայիսի 14-ին [20]՝ կապված նրա հետ, որ 1946թ․ Թուրքիայում բազմակուսակցական համակարգին անցում կատարելուց հետո՝ 1950թ․ մայիսի 14-ին, անցկացվել են առաջին խորհրդարանական ընտրությունները, որոնցում պարտություն է կրել Մ․ Ք․ Աթաթուրքի հիմնած «Հանրապետա-ժողովրդական» կուսակցությունը և հաղթել է իսլամին կարևոր դեր վերապահող «Դեմոկրատական» կուսակցությունը)։

Վերջին ամիսներին Թուրքիայում անցկացված թերևս բոլոր հարցախույզները վկայում են, որ ներկա դրությամբ (!) Էրդողանն ունակ չէ հաղթել 2023թ․ հունիսի 28-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում, ինչի համար առայժմ անհրաժեշտ է 50%+1 քվե։ Իսկ երկրորդ փուլում հաղթելն Էրդողանի համար կլինի շատ ավելի բարդ, քանի որ ընդդիմությունը, ըստ ամենայնի, կհամախմբվի երկրորդ փուլ անցած ընդդիմադիր թեկնածուի շուրջ՝ Էրդողանից ձերբազատվելու համար։ 2023թ․ Թուրքիայում նշելու են երկրի հիմնադրման 100-ամյակը, և Էրդողանը, բնականաբար, ցանկանում է շարունակել պաշտոնավորումը ցմահ՝ սուլթանների նման։ Նա, ըստ էության, չի կարող չառաջադրել սեփական թեկնածությունը գալիք ընտրություններում (հնարավոր պարտություն չկրելու համար) և փոխարենն առաջադրել իր կուսակցությունից որևէ մեկի․ վերջինս անպայմանորեն տանուլ կտա նախագահական ընտրությունները։

Մյուս կողմից էլ Էրդողանը, թերևս, գիտակցում է, որ եթե առաջադրվի նախագահի թեկնածու ու պարտություն կրի, ապա դա կարող է հանգեցնել նրան, որ նա և նրա շրջապատը կհայտնվեն վանդակաճաղերից այն կողմ, ընդ որում, բազմաթիվ քրեական գործերով (2016թ․ ՌՀՓ, կոռուպցիոն լայն գործունեություն, ենթակառուցվածքային բազում նախագծեր, ջիհադականների հետ կապեր, պայթեցումներ և այլն)։ Եթե անգամ Էրդողանին հաջողվի ընտրություններում պարտություն կրելու դեպքում ապահով հանգրվանել որևէ օտար երկրում և վայելել կուտակած թալանը, ապա միևնույն է, դա նույնպես ելք չի լինի պատմության մեջ սեփական խոր հետքը թողնելու մարմաջով տառապող Էրդողանի համար, քանի որ կստացվի, որ նա ասպարեզը վերջին հաշվով լքեց պարտված (թեկուզ ընտրությունների արդյունքներով)։

Այդպիսով, ստացվում է, որ Էրդողանն առայժմ չունի գալիք նախագահական ընտրություններում հաղթելու հնարավորություն, սակայն մյուս կողմից էլ նա պարզապես «դատապարտված է հաղթել» այդ ընտրություններում։ Գալիք ընտրությունների արդյունքները վճռելու են բազմաթիվ գործոններ․

  • Թուրքիայի տնտեսական դրության շտկում/վատթարացում, Էրդողանի կողմից տվյալ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլեր (2022թ․ Էրդողանը ներկայացրեց սոցիալական բնակարանային մասշտաբային նախագիծ [21]),
  • ընտրություններից առաջ արտերկրում Էրդողանի որևէ ռազմական բլիցկրիգ, միգուցե Թուրքիայի ներսում PKK-ի դեմ ռազմական գործողությունների սաստկացում,
  • տարածաշրջանային ու միջազգային գործընթացներ (Վ․ Պուտինը շարունակում է Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ամենատարբեր միջոցներով Էրդողանի կշռի ու վարկանիշի մեծացման իր քաղաքականությունը, ԱՄՆ-ն էլ ընդհակառակը՝ կարող է իր տարատեսակ քայլերով նպաստել Էրդողանի պարտությանը, այդ թվում նաև՝ Թուրքիայի քրդերին դրդելով աջակցել ընդդիմությանը),
  • թուրքական ընդդիմության կողմից միասնական թեկնածուի/առանձին թեկնածուների առաջադրում (Էրդողանի վարկանիշը տատանվում է՝ կախված նրանից, թե ով է լինելու ընդդիմության շարքերից նրա հակառակորդը),
  • Էրդողանի կողմից ընդդիմադիր դաշինքը ջլատելու փորձեր (մեր համոզմամբ՝ «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներն ընդդիմադիր վեցյակում խաղում է Էրդողանի «տրոյական ձիու» դեր՝ ընդդիմադիր դաշինքից վանելով քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությանը և դեմ արտահայտվելով Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ ընդդիմության միասնական թեկնածու դառնալուն),
  • քրդերի կողմից իշխող ու ընդդիմադիր ուժերին աջակցելու աստիճան, քրդերի կողմից նախագահի սեփական թեկնածուի առաջադրում/չառաջադրում,
  • էթնիկ/կրոնական փոքրամասնություններին (քրդեր/ալևիներ) իր կողմ գրավելու Էրդողանի փորձեր (2022թ․ հոկտեմբերին Էրդողանը հայտնեց, որ կառավարության կողմից ստեղծվելու է ալևիների խնդիրների լուծման ինստիտուցիոնալ օրգան՝ Ալևի-բեքթաշիական Մշակույթի ու ջեմևիների նախագահություն [22], Էրդողանի համար այս շարքից կարող է լինել ՀՀ-Թուրքիա սահմանի հնարավոր բացման դրական ազդեցությունը քրդաբնակ նահանգների վրա),
  • Էրդողանի կողմից վարչական ռեսուրսների չարաշահում (մեդիայով (հեռուստաալիքներ) իր և իր կուսակցության ընտրական ծրագրերի ու արշավների լայն լուսաբանում և այլն),
  • Էրդողանի ցանկությամբ ընտրական օրենսգրքի հնարավոր փոփոխումներ (Էրդողանը կարող է 50%+1 քվեն վերափոխել 40%+1 քվեի կամ էլ ընդհանրապես ներդնել «ամենաշատ քվե ստացած թեկնածուն հաղթել է» համակարգ, կարող է անցում կատարել թվայնացված քվեարկության, որի դեպքում հնարավոր է բազմաթիվ քվեների կորուստ),
  • Էրդողանի հրահանգով ընտրողների թվաքանակի տվյալների կեղծում (2022թ․ սեպտեմբերին «Անկախ Թուրքիա» կուսակցության ընտրական հարցերով պատասխանատու Մուսթաֆա Փաքը հայտարարեց, որ վերջին 10 տարում Թուրքիայի բնակչությունն աճել է 8․2 միլիոնով, մինչդեռ ընտրողների թիվը՝ 16․6 միլիոնով [23]),
  • Էրդողանի թույլտվությամբ հնարավոր ընտրախախտումներ (հոսանքազրկումներ, լցոնումներ, Թուրքիայում նույնականացման քարտ (ID) ստացած միլիոնավոր փախստականների կողմից քվեարկությանը մասնակցում և այլն),
  • ընդդիմադիրների ահաբեկումներ (նախընտրական արշավի ժամանակ, ընտրությունների օրը և նաև հետընտրական շրջանում սպանություններ, ընդդիմադիրների նախընտրական հանդիպումների ժամանակ պայթյուններ և այլն)։

    ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
[1] Bayraktar TB2’nin ihraç edildiği ülke sayısı 24’e çıktı, Sabah, 01.09.2022.

[2] Cumhurbaşkanı Erdoğan: Akıncı TİHA ile Türkiye bu teknolojide dünyanın en ileri 3 ülkesinden biri olmuştur, Anadolu Ajansı, 29.08.2021.

[3] AKINCI ilk atışını yeni mühimmat MAM-T ile gerçekleştirdi, Savunma SanayiST, 22.04.2021.

[4] Anıl Şahin, Akıncı TİHA Hangi Mühimmatları Kullanabilecek?, Savunma SanayiST, 29.08.2021.

[5] Milli SİHA Bayraktar TB2, 500 bin uçuş saatini tamamladı, Anadolu Ajansı, 25.08.2022.

[6] Federico Borsari, Turkey’s drone diplomacy: Lessons for Europe, ECFR․eu, 31․01․2022.

[7] Turkish Drone Diplomacy: From Ethiopian Highlands to Ukrainian Trenches, Polemics, 14.04.2022.

[8] Levent Kenez, Erdoğan’s son-in-law, the manufacturer of Bayraktar armed drones, worried about change in government, Nordic Monitor, 02․09․2022․

[9] Baykar, ihracatta TUSAŞ’ı geride bıraktı, Cumhuriyet, 14․06․2022․

[10] Federico Borsari, Turkey’s drone diplomacy: Lessons for Europe, ECFR․eu, 31․01․2022․

[11] Bayraktar TB2: UAE in talks to buy large number of armed drones from Turkey, Middle East Eye, 08․09․2022․

[12] Exclusive: Turkey sells battle-tested drones to UAE as regional rivals mend ties, Reuters, 21.09.2022.

[13] Burak Ege Bekdil, Diplomatic row jeopardizes $1.5B helicopter deal between Turkey and Pakistan, Defence News, 13.08.2018.

[14] Why did the Houthis attack the UAE? Everything you need to know, Al-Jazeera, 31.01.2022.

[15] Levent Kenez, Erdoğan uses ‘drone diplomacy’ to silence opponents abroad, Nordic Monitor, 28․09․2022․

[16] M. Hakan Yavuz and Bayram Balcı (eds.), Turkey’s July 15th Coup։ What Happened and Why, 2018, p. 11․

[17] Turkish mafia boss unveils new corruption allegations against AKP figures, Duvar English, 28․08․2022․

[18] Korkmaz Karaca ve Serkan Taranoğlu’nun istifasında Erdoğan detayı, Milli Gazete, 05.09.2022.

[19] Sedat Peker’in basın danışmanı Emre Olur tutuklandı, Sözcü, 21.09.2022.

[20] İktidar kulisleri hareketli: Seçim 14 Mayıs’ta yapılacak, Cumhuriyet, 24.06.2022.

[21] Cumhurbaşkanı Erdoğan, sosyal konut projesini tanıttı, Anadolu Ajansı, 13.09.2022.

[22] Cumhurbaşkanı Erdoğan: Alevi-Bektaşi Kültür ve Cemevi Başkanlığı kuracağız, Anadolu Ajansı, 07.10.2022.

[23] Mustafa Pak: Son 10 yılda nüfustaki artış 8.2 milyon ama seçmen artışı 16.6 milyon, T24, 20․09․2022․

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ
Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31