Լրահոս
Օրվա լրահոսը

«Երջանիկ եմ երկրորդ անգամ վերադառնալ Երեւան»․ Ռիշար Կլայդերման

Հոկտեմբեր 19,2022 15:22

«Երջանիկ եմ երկրորդ անգամ վերադառնալ Երեւան՝ այս գեղեցիկ դահլիճում համերգ ունենալու համար, հրաշալի երաժիշտների ընկերակցությամբ»,- «Արամ Խաչատրյան» համերգասրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 21-րդ դարի ամենահայտնի դաշնակահարներից Ռիշար Կլայդերմանը։ Նա երկու համերգ կունենա Երեւանում՝ հոկտեմբերի 20-ին եւ 21-ին: Նա խոստացով, որ դրանք հրաշալի համերգներ կլինեն ու կրկին ջերմորեն կընդունվեն ունկնդրի կողմից

«Հիշում եմ իմ նախորդ այցելությունը Հայաստան, հիշում եմ, թե ինչ ջերմ եւ զգացմունքային համերգ էր, եւ հանդիսատեսը ինչ հարազատորեն ընդունեց ինձ եւ ինչքան լավ գիտեր իմ երաժշտությունը»,-ասաց Ռիշար Կլայդերմանը։ Հավելեց, որ այս համերգի ծրագիրը լրիվ տարբերվում է նախորդից, բայց չբացառեց անակնկալները։ Նաեւ սիրով պատասխանեց լրագրողների հարցերին։

«Երբ 40 տարի առաջ սկսեցի իմ կարիերան, մեկ նպատակ ունեի՝ իմ գործը կատարել լավագույն կերպով, ամեն անգամ բեմ դուրս գալիս՝ ավելի լավ հանդես գալ, քան նախորդ անգամ։ Դա էր իմ գլխավոր մարտահրավերը կյանքում։ Բայց այլ մարտահրավերներ էլ ունեմ՝ համերգներով այցելությունները բազմաթիվ երկրներ։

Օրինակ, Հայաստանից հետո պետք է մեկնեմ Չիլի, Բրազիլիա, Ամերիկա ու այլ երկրներ, նոր հանդիսատես, նոր դեմքեր, եւ ամեն անգամ պիտի ձգտեմ առավելագույնս լավ նվագել։ Մարտահրավերներից մեկն էլ այն է, որ անընդհատ շփվում եմ տարբեր ազգերի մարդկանց հետ, ուստի պետք է ձգտեմ, լավ հաղորդակցություն ապահովել, ինչպես անձնապես, այնպես էլ արվեստի միջոցով»,-ասաց աշխարհահռչակ դաշնակահարը։

Նա հետեւյալ խորհուրդը տվեց երիտասարդ դաշնակահարներին՝ իր օրինակը բերելով․ «Երբ մանուկ հասակում սկսում էի իմ երաժշտական ուղին, չեմ կարծում, թե մեծ տաղանդով օժտված մեկն էի։ Շատ պարապելու, գործիքի հետ երկար ժամեր անցկացնելու շնորհիվ ունեմ այն, ինչին հասել եմ հիմա։ Միակ բանը, որ խորհուրդ կտամ երիտասարդ կատարողներին՝ դա սիրելն է իրենց գործիքը, անսահման պարապելը, պարապելը ու կրկին պարապելը»։

Երաժշտի պրոդյուսեր Օլիվեր Տյուսոնի խոսքով, Ռիշար Կլայդերմանը համեստություն է անում, նա շատ տաղանդավոր օժտված երաժիշտ է, ֆանտաստիկ հոգի ունի, ինչը նրան թույլ է տալիս բազմակողմանիորեն ներկայացնել ստեղծագործությունները։

Հարցին՝ կա՞ մի բան, ինչի համար ափսոսում է, Կլայդերմանը պատասխանեց․ «Որեւէ բանի համար իմ կյանքում չեմ ափսոսում, քանի որ 40 տարի է նման կարիերա եմ անում եւ որպես երաժիշտ կարողացել եմ ինձ իրացնել, ունեմ իմ հրաշալի հանդիսատես, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Նաեւ գիտակցում եմ, որ կան շատ երաժիշտներ, որոնք իսկապես տաղանդավոր են, բայց չեն կարողացել լիարժեքորեն իրացնել իրենց»։

Դաշնակահարը ասուլիսի ավարտին նշեց, այս անգամ հայկական թեմայով որեւէ ստեղծագործություն չունի իր համերգի ծրագրում, բայց հաջորդ այցին գուցե որեւէ բան ընդգրկի եւ մատուցի իր ոճի մեջ, հնարավոր է նաեւ տեղացի որեւէ երիտասարդ դաշնակահարի հետ գեղեցիկ ծրագիր ներկայացնի։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31