Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է «Երևան օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարը. առաջին տեղը կիսել են Մամիկոն Ղարիբյանը և Սերգեյ Լոբանովը

Հոկտեմբեր 19,2022 14:07

«Երևան օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Մրցաշարում առաջին տեղը կիսել են Հայաստանը ներկայացնող 18-ամյա Մամիկոն Ղարիբյանը՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, և ռուս շախմատիստ Սերգեյ Լոբանովը՝ նույնքան միավորով: Լոբանովը լրացուցիչ ցուցանիշով դարձել է մրցաշարի հաղթող։

Շնորհավորելով հաղթողներին` ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է մեր երկրում նմանօրինակ մրցաշարերի կազմակերպումը և հավաստիացրել՝ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես կանգնելու է հաջողված նախագծերի կողքին:

«Հայաստանը շախմատային կայսրություն է, և ամեն բան պետք է անենք՝ մեր շախմատային տերությունն ավելի հզորացնելու և նմանօրինակ միջոցառումների շարունակականությունն ապահովելու համար»,- նշել է Վահրամ Դումանյանը` փաստելով, որ «Երևան օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարը հաջողված էր:

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ այս մրցաշարը պատանի շախմատիստների համար անգնահատելի փորձ ստանալու լավագույն հարթակներից մեկն է, որն աստիճանաբար իր ուրույն տեղն է գրավում միջազգային շախմատային օրացույցում: Ըստ նրա` հատկանշական է, որ «Երևան օփեն» մրցաշարն արժանացել է շախմատի միջազգային հանրության դրական արձագանքին:

Տեղեկացնենք, որ մրցաշարում միանգամից 9 շախմատիստներ վաստակել են 6.5 միավոր, սակայն լրացուցիչ արդյունքներով 3-րդ մրցանակին արժանացել է Իրանը ներկայացնող Ամիրեզա Փուրամեզանային:

Բ խմբում կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց են տվել Նվարդ Հայրապետյանն ու Մարիամ Խաչատրյանը՝ համապատասխանաբար 7 և 5.5 միավորներով:

Մ-10 տարեկանների խմբում 6 միավորով լավագույնը Տիգրան Համբարձումյանն է: Բ խմբում լավագույնն Էդգար Բրուտյանի արդյունքն է՝ 8 միավոր: Եռյակում են նաև Արամ Պլուզյանն ու Մարկ Բասենցյանը:

Ուժեղագույնների խմբում կանանց շրջանում լավագույն 2 արդյունքները Պրիյանկայինն ու Օլգա Պետրուխինայինն էին: Ուժեղագույնների խմբի լավագույն տասնյակում են հայտնվել Կլեմենտի Սիչևը, Քրիստոֆ Սոշակին, Գուպտա Սանկալպը, Փուր Աղա Բալա Ամիրեզան, Արման Հակեմին, Ալեքսեյ Գոգանովն ու Դավիթ Պառավյանը:

Մ-2300 վարկանիշ ունեցողների շրջանում հաղթել ու մրցանակի է արժանացել Ալեքսա Սահակյանը:
50-ից բարձր տարիքի մասնակիցների ցանկում 5.5 միավորով լավագույնը լեգենդար գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն է, ում պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Ինձ համար մեծ պատիվ էր այսօր պարգևատրել մեր լեգենդար շախմատիստ Ռաֆայել Վահանյանին, որին հետևել եմ դեռ պատանեկության տարիներից»,- պարգևը հանձնելիս նշել է նախարարը:

Մրցաշարի առաջին համար Սամվել Տեր-Սահակյանը 6.5 միավորով գրավել է 11-րդ տեղը: Տիգրան Պետրոսյանն էլ 6 միավորով 13-րդն է:
«Երևան օփեն» մրցաշարին այս տարի մասնակցել է շուրջ 300 շախմատիստ, որի շրջանակում առաջին տեղը գրաված Մամիկոն Ղարիբյանը լրացրել է գրոսմայստերի նորման:

Նշենք, որ «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարն անցկացվում է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31