Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշիի գրավման ժամանակ այնտեղ են մնացել ոչ միայն թանգարանային, գեղարվեստական հավաքածուներ, այլ դրանց ցանկերը, կատալոգները»․ Սերգեյ Շահվերդյան

Հոկտեմբեր 19,2022 14:17

«Փաստագրված ու ապացուցողական հիմքով ունենք Շուշիի գեղարվեստի գործերի 1026 նմուշ, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կազմակերպված Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի աշխատանքների համակարգող Սերգեյ Շահվերդյանը։

Նա հայտնեց, որ իրենց խմբի աշխատանքների նպատակն է բացահայտել այն բոլոր հավաքածուները, որոնք մնացել են Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում՝ Շուշիում մնացած հավաքածուները։ Այնուհետև նշեց․ «Չենք կարող վստահ լինել, որ այս ցանկը վերջնական է։ Կարող է նոր մարդիկ բացահայտվեն, որ ունեին Շուշիում հավաքածուներ։ Սա մեր թիվ մեկ գործն էր, որը կատարեցինք։ Բավականին դժվար գործ էր, ամենադժվար խնդիրն էր բացահայտել այս յուրաքանչյուր հավաքածուի մեջ պահպանվող ժամանակին եղած մշակութային արժեքը։ Փաստորեն Շուշիի գրավման ժամանակ Շուշիում է մնացել ոչ միայն թանգարանային, գեղարվեստական հավաքածուներ, այլև դրանց ցանկերը, կատալոգները, ամեն փաստաթղթեր, որոնք թանգարանում պիտի պահվեին։ Ուստի ստիպված էինք երբեմն զրոյից հավաքագրել ցանկերը»։

Սերգեյ Շահվերդյանը շեշտեց՝ այս հրապարակումը պաշտոնական է և այսուհետ պետք է օգտագործել այն ձևակերպումներն ու անվանումները, որոնք այսօր հրապարակվում են։ Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուներն ութն են։ Նա նշեց՝ Շուշիի պատկերասրահի հավաքածուն չկարողացանք ստանալ։ Անհրաժեշտ աջակցությունը այնտեղի պատասխանատուների կողմից չկա։

Նաև ներկայացրեց կորուսյալ հավաքածուների թվային պատկերն՝ ըստ թանգարանների և հավաքածուների։ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի հավաքածու-648 նմուշ, Շուշի քաղաքի պատմության պետական թանգարանի հավաքածու, Շուշիի երկրաբանության պետական թանգարանի հավաքածու, Շուշիի պատկերասրահի հավաքածու, Շուշի քաղաքի քանդակի միջազգային պուրակի հավաքածու-51 նմուշ, Շուշիի Արվեստի կենտրոնի ցուցասրահի հավաքածու-66 նմուշ, Արցախյան գորգի թանգարանի հավաքածու՝ մասնակի, Շուշիի դրամագիտության թանգարանի հավաքածու, Նարեկացի Արվեստի միության հավաքածու-36 նմուշ, Սամվել Թավադյանի արվեստանոց-ցուցասրահի հավաքածու-168 նմուշ, Արտակ Պողոսյանի արվեստանոց-ցուցասրահի հավաքածու-20 նմուշ, Դավիթ Ավագիմյանի հավաքածու-37 նմուշ։

Սերգեյ Շահվերդյանը նաև հայտնեց, որ իրենց կատարած աշխատանքների ժամանակ մի կարևոր հանգամանք են պարզել ու ասաց․ «Հաճախ մենք ասում էինք, որ Շուշիի թանգարանային գեղարվեստական գործերի մեծ մասն անհատական մարդկանց նվիրատվություններն են։ Այստեղ կա թերընկալում։ Երբեմն մենք միտումնավոր արժևորելու համար նվիրատուների, մարդկանց արածները, ամբողջ իրենց հավաքածուները, որ տեղադրված էին թանգարաններում, համարում էինք պետությանը նվիրաբերված հավաքածուներ։ Այնինչ պարզեցինք՝ դրանց զգալի մասը ցուցադրության համար ժամանակավոր տրամադրված առարկաներ են։ Այդ երևույթը մենք տեսանք կերպարվեստի պետական, երկրաբանական թանգարանների հավաքածուներում, որի մի մասը ՀՀ ԳԱԱ-ն է տրամադրել ժամանակին։ Ասվել է, որ սա նվիրատվություն է, տասը տարի առաջվա բան եմ պատմում, բայց դրանք ի պահ դրված ցուցանմուշներ են։ Փաստորեն պետական թանգարաններում կային և′ մասնավոր, և′ պետությանը պատկանող հավաքածուներ։

Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդը ստեղծվել է 2022-ի մայիսի 30-ին։ Խորհրդի նախագահ, ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը վստահեցրեց՝ առաջիկա ամիսներին շոշափելի արդյունքներ կունենան և′ ցուցակների ավելի ամփոփ, ամբողջական տեսքի հաստատման ձևով, և′ բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի, ոչնչացման դեպքերի մշտադիտարկման արդյունքների ներկայացման ձևով, և′ տարբեր նյութերով՝ մեր ժառանգությունը ներկայացնելով հայկական և օտարերկրյա լսարաններին։ Նա կարևորեց կանխարգելումը, որպեսզի չկրկնվեն նման դեպքերը ու ասաց․ «Թեման պետք է թեժ պահենք, ցույց տանք, թե ինչ ենք կորցրել և ինչ կարող ենք կորցնել, եթե միջազգային կառույցները պատշաճ կանխարգելիչ գործողություններ չկատարեն։ Իսկ կանխարգելումը նշանակում է նաև պատժում»։

 

 

Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի կատարած աշխատանքների արդյունքում բոլոր թանգարանների և հավաքածուների համար ցանկեր են կազմվել, դրանց հիման վրա ստեղծվել են շնորհանդեսային նյութեր ավելի վիզուալ ընկալման համար։ Պատկերները կոդավորված են։

Խոսելով մշակութային ժառանգության պաշտպանության հարցում դատական ընթացքի մասին՝ Սերգեյ Շահվերդյանն ասաց․ «Մենք ունենք փայլուն ընթացք Էմիլ Աբրահամյանի գործերի վերաբերյալ, որոնք հիմնականում Հադրութում ու Շուշիում են մնացել։ Իր այրին դիմել է տարբեր միջազգային ատյաններ, և որոշ ատյաններում արդեն ընթացք է տրված։ Մեկ բան պիտի հստակ իմանանք՝ միջազգային իրավունքն ավելի պաշտպանում է մասնավոր անձերի իրավունքները, քան պետության իրավունքները։ Այդ առումով պետք է նաև մեծ աշխատանք տարվի այս հավաքածուներում տեղադրված մասնավոր անհատներին պատկանող ցուցանմուշների սեփականատերերի հետ, որ կարողանանք այլ դատական ընթացքներ տալ»։

Սերգեյ Շահվերդյան

Սերգեյ Շահվերդյանը նաև տեղեկացրեց՝ իրենց կատարած գործի շարունակությունը կլինի Շուշիի մյուս թանգարանների և հավաքածուների նյութերի ամփոփումը։ Հաջորդ շնորհանդեսը կլինի Շուշիում մնացած թանգարանային հավաքածուների վերաբերյալ։ Կարևորվեց, որ այսպիսի շնորհանդեսներ կազմակերպվեն ոչ միայն Ստեփանակերտում, այլև Երևանում և այլ վայրերում։ Սերգեյ Շահվերդյանն ասաց․ «Անշուշտ անհրաժեշտ է Շուշիի պետական թանգարաններն այստեղ՝ Ստեփանակերտում կամ որևէ այլ տեղ պահել, համալրել նոր ցուցանմուշներով։ Թե′ Հադրութի, թե′ Շուշիի թանգարանները պետք է գործեն։ Ոչ թե գործեն ֆորմալ ձևով, այլ սկսեն վերականգնել իրենց համբավը՝ նոր ցուցադրություններ կազմակերպելով։ Որպես պետական խորհուրդ՝ նախաձեռնել ենք ընդհանուր թվային հարթակ, որտեղ կենտրոնացած է լինելու ամբողջ տեղեկատվական բազան կորուսյալ մշակութային արժեքների վերաբերյալ՝ թե′ շարժական մշակութային արժեքների, թե′ անշարժ հուշարձանների վերաբերյալ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31