Հոկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց Վարդենիս համայնքի Սոթք եւ Կութ բնակավայրեր՝ դիտարկելու այս տարվա սեպտեմբերի 13- 14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հրետակոծությունից վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից տրամադրված համապատասխան ֆինանսական միջոցների շնորհից։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի օր առաջ եւ ընթանում են առանց խոչընդոտների։ Նորոգվում են վնասված տանիքները, առաստաղները, պատերն ու պատշգամբները, տեղադրվում են նոր պատուհաններ։
Կարեն Սարգսյանը շրջայց կատարեց նորոգվող բնակարաններում, զրուցեց բնակիչների հետ, լսեց շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրների մասին, համայնքի եւ վարչական ղեկավարներին տվեց համապատասխան ցուցումներ։
Բնակիչները շնորհակալություն հայտնեցին ՀՀ կառավարությանը եւ վստահեցրին, որ տրամադրված միջոցներով սեղմ ժամկետներում կհասցնեն վերականգնել իրենց բնակարանները։
«Սոթքում ադրբեջանական հրետակոծությունից վնասված 86 բնակարանների սեփականատերերին բնակարանների վերականգնման նպատակով տրամադրվել է գույքագրմամբ նախատեսված գումարի չափի 50 տոկոսը։ Մնացած գումարը կտրամադրվի շինարարական աշխատանքների ընթացքում։ Այս պահին աշխատանքներ են ընթանում 27 բնակարաններում, մնացածների մասով աշխատանքները գտնվում են նախապատրաստական փուլում։ Բնակարանների վերականգնման, ինչպես նաեւ տեղահանված բնակչության վերադարձի խնդիրները գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Շինարարության ընթացքում ի հայտ եկած ցանկացած խնդրի համար մենք կգտնենք համարժեք լուծում, որպեսզի մարդիկ օր ու ժամ առաջ անցնեն բնականոն կյանքի։ Կութում վերականգնման աշխատանքներ այժմ ընթանում են վնասված 5 բնակարաններում»,-ներկայացրեց մարզպետը։
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզպետարան