Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին. «Հոկտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։ Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի եւ մարզպետարանի ներկայացուցիչներ։
Ողջունելով առաքելության այցը եւ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին՝ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի թողած հետեւանքները Գեղարքունիքի մարզի բնակավայրերում։
ԵՄ տեխնիկական առաքելության պատվիրակության ղեկավար Ջան Փլեսինջերը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ներկայացրեց իրենց առաքելության հիմնական նպատակները, որոնք երկուսն են․ դիտորդություն իրականացնել, թե ինչպես են երկու կողմերը պահպանում հրադադարի ռեժիմը, եւ աջակցել սահմանային հանձնաժողովների գործունեությանը։
Կարդացեք նաև
Սա քաղաքացիական առաքելություն է, եւ նպատակն է դիտորդություն իրականացնել ու պարբերաբար ներկայացնել համապատասխան զեկույցներ` կապված տվյալ իրավիճակի հետ։
Երկուստեք լիահույս ենք, որ մեր համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ զինվորականների հետ կապահովի դրական արդյունք։
Առաքելության ծավալը լինելու է մինչեւ 40 փորձագետի ընդգրկվածություն` երկու ամիս ժամանակաշրջանով։
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին հավաստիացրի, որ պատրաստակամ ենք անմիջական կապ ապահովել առաքելության ներկայացուցիչների հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում քննարկվեն քայլերի հնարավորությունները եւ հետագա անելիքները։
Այնուհետ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը՝ կարեւորելով ԵՄ պատվիրակության առաքելությունը, նշելով, որ այն հնարավորություն կտա օբյեկտիվ գնահատել հրադադարի խախտման դեպքերը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ԵՄ առաքելության գործունեության տեխնիկական եւ կազմակերպչական հարցեր»։
Գեղարքունիքի մարզպետարան