«Այս պահին Արցախը հայկական պահելու միակ անվտանգային երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է: Որ պահին խաղաղապահ զորախումբը դուրս եկավ, մենք պետք է իրենցից, այսպես ասած, մի ոտք շուտ դուրս գանք, որպեսզի չցեղասպանվենք: Ու սա ոչ նորություն է, ոչ՝ գաղտնիք»: Անդրադառնալով Արցախի ապագային եւ առկա մարտահրավերներին՝ ասաց անվտանգային եւ տարհանվածների հարցերով Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահան Բադասյանը։
— Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեության երկարաձգման հստակ պայման կա: Ռուսական զորախումբը մնալու է հինգ տարի, ժամկետը եւս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որեւէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ չպահանջի առաքելության դուրսբերում: Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը, գոնե այս պահի իրողությունները հաշվի առնելով, թույլ չի տալու խաղաղապահների առաքելության երկարաձգումը: Ի՞նչ է լինելու այդ դեպքում:
— Ես համոզված եմ, որ ռուսները չեն գնալու այստեղից, եւ որ նրանք եկել են անժամկետ տեղակայվելու նպատակով: Որովհետեւ նրանք դեռեւս 20-25 տարի առաջ էին դրան ձգտում, երբ սկսվել է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Այդ աշխատանքների հիմքում եղել է խաղաղապահ զորքերի տեղակայումը: Իսկ խաղաղապահ զորքեր ասելով՝ կա՛մ պետք է Թուրքիան գար, կա՛մ՝ ՌԴ-ն: Իսկ 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն ակնհայտ ցույց տվեց, որ այս տարածաշրջանը գտնվում է իր տիրապետության տակ:
— Պարոն Բադասյան, Ալիեւը հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է ոչպաշտոնական շփումների, այն էլ՝ ոչ թե պաշտոնական Ստեփանակերտի, այլ՝ «հայկական բնակչության ներկայացուցիչների հետ», բայց՝ ոչ ավելին: Մասնավորապես ընդգծելով. «Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ ում դա դուր չի գալիս, կարող են հեռանալ, այլ տարբերակ չկա»:
Կարդացեք նաև
— Գիտեք, ես ինքս, որպես արցախցի, խուճապահար չեմ լինում այդ պատասխանից, որովհետեւ Ալիեւի նպատակները շատ ակնհայտ են, նա ուզում է ոչնչացնել բոլորիս, ուզում է հայաթափել: Բայց, փաստացի, մենք այսօր էլ, վաղն էլ լինելու ենք եւ քանի մենք կանք, Արցախի հարցը շարունակելու է գոյություն ունենալ: Նույնիսկ Արցախում հայի չապրելով՝ շարունակվելու է գոյություն ունենալ Արցախի հարցը, վառ օրինակ Ձեզ բերեմ: Այսօր մենք չենք ապրում Արեւմտյան Հայաստանում, Նախիջեւանում, բայց խնդիրը շարունակում է մնալ: Ալիեւը «խաղաղություն» է պարտադրում, քանի որ տեսնում է, որ Հայաստանում անկամք ու թույլ իշխանություն է: Մեր իշխանություններն էլ չեն կարողանում հաղթահարել այն համոզմունքի շեմը, որ փրկությունը միայն զենքով է: Բայց եթե մենք շարունակենք չզինվել, ապա շարունակելու ենք մնալ տարածաշրջանում, որպես խաղալիք, ինչպես որ այսօր է: Ալիեւն էլ, օգտվելով իրավիճակից, ինչպես ուզում, այնպես էլ խաղում է մեզ հետ: Իսկ ինչու է իշխանությունը խուսափում պատերազմից, որովհետեւ իշխանության մեջ եւ որեւէ մեկը բանակում չի ծառայել, ոչ ոք կռվող մարդու կերպարի մեջ չի մտել` սկսած Փաշինյանից, մինչեւ Անդո ու «Շիշ բռնող»:
— Ուրեմն, ինչպե՞ս ենք կարողանալու դուրս գալ ստեղծված իրավիճակից:
— Ես համոզված եմ, որ այս ամենից դուրս գալու ճանապարհին պետք է ամեն կերպ խուսափենք պատերազմից, որովհետեւ պատերազմի մենք այս պահին պատրաստ չենք: Ես հույս ունեմ, որ ժողովուրդը այս ընթացքում խելքի կգա եւ վերջապես կհրաժարվի Նիկոլ ընտրելուց: Ժողովուրդը պետք է գիտակցի, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է բոլորիս, որ նա իրականում հեղափոխություն չի արել, այլ սովորական իշխանափոխություն է կատարել` իր ողջ թիմով, որոնց մի մասը գլոբալիստներ են, մի մասը՝ ԼԳԲՏ եւ այլն: Սրանք պարզապես շատ հեռու են զենքով երկիրը պաշտպանելու գործից»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: