«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի հյուրն է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
-Պրն Գաբրիելյան, վերջերս Կեմերովոյում մասնակցեցիք «Ռուսաստանը՝ սպորտային տերություն» 10-րդ միջազգային ֆորումին: Ի՞նչ հարցեր են քննարկվել այնտեղ:
-Մենք հրավեր ենք ստացել ՌԴ օլիմպիական կոմիտեից եւ սպորտի նախարարությունից: Ֆորումին մասնակցեցի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ: Միջոցառման շրջանակներում քննարկումներ կազմակերպվեցին ավիացիոն տեխնիկայի կիրառմամբ մարզաձեւերի զարգացման վերաբերյալ: Նշվեց անցյալի փորձը, ներկայացվեցին ներկայումս կազմակերպված համապատասխան գործընթացները, անդրադարձ եղավ նաեւ այս ուղղությամբ սպորտի զարգացման հեռանկարներին: Ֆորումի ընթացքում քննարկումներ կազմակերպվեցին նաեւ Ռուսաստանում մեդիա լանդշաֆտի վերափոխման ու մարզական լրատվամիջոցների ապագայի, ինչպես նաեւ մարզական բժշության մասին, իրականացվեցին տարբեր ցուցադրություններ: Ներկա էին եվրոպական ու ասիական պետությունների ներկայացուցիչներ:
-Ֆորումում ունեցած ելույթում նշեցիք, որ ՄՕԿ-ը պետք է վերանայի ռուս մարզիկների նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Ինչպե՞ս կբացատրեք Ձեր դիրքորոշումը:
Կարդացեք նաև
-Իմ ելույթում շեշտը դրեցի այն մտքի վրա, որ սպորտը ոչ մի դեպքում չի կարելի քաղաքականացնել: Աշխարհում այսօր ստեղծված իրավիճակում սպորտը շատ է տուժում. նկատի ունեմ Միջազգային օլիմպիական կոմիտեի վերաբերմունքը Ռուսաստանի եւ Բելառուսի թիմերի նկատմամբ: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ եթե այսօր մենք չկարողանանք հասնել նրան, որ սպորտը չքաղաքականացվի, ուրեմն պետք է հրաժարվենք սպորտից: Իմ ելույթում նշել եմ, հիմա էլ եմ կրկնում, սպորտի պատմությունը ստեղծել են մարզիկները՝ նրան տալով ոչ միայն իրենց երիտասարդությունը, այլեւ շատ հաճախ՝ առողջությունը: Համարում եմ, որ սպորտի նկատմամբ ՄՕԿ-ի եւ մոլորակի ուժեղագույն տերությունների այժմյան վերաբերմունքը ճիշտ չէ, որովհետեւ եթե այսօր այդ ուժեղ թիմերը, անհատները (բոլորս էլ գիտենք, թե Ռուսաստանը սպորտին որքան մեծ ուշադրություն է դարձնում) զրկվեն միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից, ապա արդյունքում կընկնի մրցումների որակը: Յուրաքանչյուր մարզիկ երկար ու ծանր աշխատանք է կատարում՝ կատարելագործվելու եւ իր երազանքներն իրագործելու համար: Օլիմպիական խաղերն առանձնահատուկ են բոլոր մարզիկների համար, եւ ոմանց մասնակցության չեղարկումը ոչ մարզական պատճառներով հակասում է Օլիմպիական խարտիային: Ինչպես նշել է Խաղերի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենը, սպորտը պետք է հեռու պահել քաղաքականությունից: Անցյալում, երբ հին Հունաստանում մեկնարկում էին օլիմպիական խաղերը, պատերազմները դադարեցվում էին: Այդպես պետք է լինի նաեւ հիմա: Ավելի քան 60 տարի սպորտում եմ եւ, ելնելով իմ փորձից, շեշտում եմ՝ բոլորը հարցերը պետք է լուծվեն սեղանի շուրջ: Եթե մարդը հիվանդանոց է կառուցում, ուրեմն փորձում է ճանապարհներ գտնել՝ տարբեր հիվանդություններից ազատվելու համար: Հիմա եկեք գտնենք ճանապարհը՝ սպորտի քաղաքականացման վտանգից ազատվելու համար:
-Պրն Գաբրիելյան, մեր զրույցն ավարտենք վերջին օրերին շրջանառվող այն տեղեկությամբ, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը պետք է միավորվի այլ բուհերի հետ…
-Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը շուտով կդառնա 80 տարեկան: Հիմա հարց է բարձրացվել՝ այն միավորելու այլ բուհերի հետ. 3 ինստիտուտ՝ մեկ տանիքի տակ: Հետխորհրդային երկրների փորձը ցույց է տվել, որ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը մեծ դեր է կատարում երիտասարդության շրջանում: Առաջարկը, որն արվել է, կոնկրետ ես՝ որպես սպորտի աշխարհի ներկայացուցիչ, չեմ ընդունում: Մի բան անելուց առաջ պետք է նայենք՝ աչքը շինեցի՞նք, թե՞ ունքն էլ հետը հանեցինք: Եթե իմանամ, որ դա օգուտ է տալիս, առաջինը ես կողմ կքվեարկեմ: Անհրաժեշտ է բոլոր հարցերը լուծել կլոր սեղանի շուրջ: Միակողմանի որոշման դեպքում մեծ է սխալվելու հավանականությունը: Եթե ուզում ես մարդուն աշխատանքից հեռացնել, նույն օրը չպետք է հրաման տաս: Թող անցնի մի երկու օր, կտեսնես, որ բովանդակությունը փոխվում է…
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: