Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միայն խաղաղապահներն ու դիտորդները ոչ մի խնդիր չեն լուծելու, եթե մի կողմն ագրեսիվ է, իսկ մյուս կողմը չի ուզում պաշտպանվել. Կարեն Վրթանեսյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 19,2022 10:45

Փաշինյանը խոստովանեց, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս, որ մեր տարածքում՝ միջդիրքային տարածքից դուրս բերեն սեպտեմբերի 13-ին զոհված մեր տղաների մարմինները․ հիշեցնում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Ադրբեջանի մարտավարությունը կարծես թե անփոփոխ է 2020 թվականի պատերազմի ավարտից հետո։ Այսինքն՝ տարբեր տեղերում արագ հարձակում են անում, սպանում են, կոտորում են, ինչ-որ դիրքեր են զբաղեցնում, գրավում են, հետո բանակցություններ են սկսում։ Հայկական կողմը սկսում է բանակցել, այդ բանակցությունների ընթացքում իրենք ամրանում են այդ դիրքում, ամրաշինական աշխատանքներ են վարում, ճանապարհներ են քաշում ու դրանից հետո արդեն ինչ-որ հերթական հարմար պահի էլի հարձակվում են՝ արդեն օգտագործելով նոր գրաված տարածքը որպես պլացդարմ։ Ըստ էության, թե՛ Արցախում այդպես արվեց, թե՛ առաջ գալով Սյունիքում․ 2020 թվականի դեկտեմբերին, օրինակ, բարձունքները հանձնվեցին առանց գեթ մեկ կրակոցի՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով, ինչպես նա հետո խոստովանեց՝ բանավոր ըմբռնմամբ։ Այսինքն՝ Ալիեւը պահանջել է, ինքն էլ բանավոր այդ պահանջով հանձնել է Սյունիքը պաշտպանող դիրքերը, ճանապարհը եւ այլն։ Հետո նույնը կրկնվեց Սեւ լճի մոտ՝ 2021 թվականի մայիսին, նույնը եղավ արդեն դիմադրությամբ՝ նոյեմբերին․ ի դեպ, ոչ միայն Սեւ լճում, Գեղարքունիքում էլ առաջ եկան՝ Սեւանի գլխին կախվեցին հայկական գյուղերի ուղղությամբ, հետո անցած տարի Իշխանասարում առաջ եկան ու հնարավորություն ստացան Սյունիքի հետ կապող հիմնական ճանապարհը հրետակոծելու, որը եւ հրետակոծեցին արդեն այս սեպտեմբերյան պատերազմի ժամանակ»,- ասաց Վրթանեսյանը։

Բոլոր բարձունքներն ու դիրքերը, որ թշնամիները զբաղեցրել են, ունեն ճանապարհներ, որոնցով մատակարարում են զինամթերք։ Այս մարտավարությունը մի քանի անգամ կրկնվել է, ի՞նչն է ստիպում մեզ մտածել, որ դիտորդները կամ խաղաղապահները կարող են ադրբեջանցիներին կանգնեցնել։ Ռազմական փորձագետը նշում է, որ եթե այդ դիտորդները կցված լինեին ինչ-որ կառույցի, ապա նրանց ներկայությունը կարելի էր դրական համարել կամ քննարկել այդ հարցը։ Եվ ասում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե լինեին ԵԱՀԿ դիտորդները, ոչ թե Եվրամիության, ում մանդատն ընդհանրապես հասկանալի չէ։ Բացի այդ, ո՛չ ռազմական, ո՛չ էլ քաղաքական լուրջ գործոն չեն, ավելի շատ Ռուսաստանին եւ Իրանին նյարդայնացնելու համար են։

«Ի՞նչ են այդ դիտորդները փոխելու, եթե ադրբեջանցիները որոշեն հաջորդ քայլն անել ռազմի դաշտում։ Ոչ մի բան էլ չեն անելու՝ Դոնբասում ի՞նչ արեցին այդ քաղաքացիական դիտորդները՝ ոչ մի բան։ Դա որեւէ կերպ չկանխեց այս պատերազմը։ Եվ այսպիսի դիտորդներ, խաղաղապահներ բազմաթիվ վայրերում ներկա էին։ Օրինակ, նախկին Հարավսլավիայի տարբեր հատվածներում մի քանի անգամ ցեղասպանության դեպքեր եղան՝ հենց խաղաղապահների ներկայությամբ, Ռուանդայում եղավ ցեղասպանություն՝ խաղաղապահների ներկայությամբ։ Եթե այլ գործոններ չկան, միայն խաղաղապահներն ու դիտորդները ոչ մի խնդիր չեն լուծելու, եթե մի կողմն ագրեսիվ է, իսկ մյուս կողմը չի ուզում պաշտպանվել»,- նկատում է Կարեն Վրթանեսյանը։

Քանի դեռ ՀՀ զինված ուժերը հակահարված չեն տվել թշնամուն, սողացող պատերազմով ադրբեջանցիներն առաջ են գալու։ Դրան ականատես ենք եղել՝ սկսած 1994 թվականից, երբ պարբերաբար փորձեր էին անում ադրբեջանցիները, հարվածն ուտում էին, խաղաղվում ու նորից փորձում, մինչեւ հաջորդ հարվածը ստանալը։ Այնինչ որոշ ուժեր Հայաստանում 2016 թվականի քառօրյայի ժամանակ կորցրած 400-800 հա կորուստը ներկայացնում էին որպես ահռելի կորուստ։ «Հիմա 800 հա չէ, 8000 կմ² ենք կորցրել, դա ոչ մի բան, արդեն Հայաստանի Հանրապետությունից շատ ավելի տարածքներ են կորսված, դրա մասին այդ նույն մարդիկ լուռ են։ Ու այն մարդիկ, ովքեր իրենց առաջ կոտորում էին, նստած՝ սանտիմետրերով հաշվում էին, այդ մարդիկ հիմա կա՛մ չեն քննադատում, կա՛մ շատ մեղմ են Նիկոլ Փաշինյանին քննադատում»,- ասաց ռազմական փորձագետը։

Արցախում 100 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ ունենք, որոնց չեն պատրաստվում պաշտպանել, պատրաստվում են թողնել Ադրբեջանի քմահաճույքին՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ «Նման բան չի եղել մարդկության պատմության մեջ, որ երկիրն իր 100 հազար քաղաքացուց հրաժարվի՝ շպրտի թշնամու բերանը»,- ասաց Վրթանեսյանը։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31