Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ ինչպես կընթանար իմ հետագա գործունեությունը, եթե չհանդիպեի հայազգի պրոֆեսորիս»

Հոկտեմբեր 19,2022 12:00

Հարցազրույց կանադացի դիրիժոր Մարկո Պարիսոտտոյի հետ

«Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 9-ին մեկնարկած Երեւանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Չաուշյան) հոկտեմբերի 18-ին կայանալիք հերթական համերգը կղեկավարի կանադացի դիրիժոր Մարկո Պարիսոտտոն։ Կհնչեն Բեթհովենի 4-րդ սիմֆոնիան եւ դաշնամուրի 5-րդ կոնցերտը։ Գլխավոր փորձին «Առավոտը» ճեպազրույց վարեց արեւմտյան մամուլի բնորոշմամբ՝ Կանադայի առաջատար դիրիժորներից մաեստրո Պարիսոտտոյի հետ, որն առաջին անգամ է ներկայանալու մեր հանդիսատեսին։

– Մաեստրո, ավելի քան երկու տասնամյակ առաջ մեզ հետ զրույցում ձեր պրոֆեսոր Րաֆֆի Արմենյանը ներկայացնելով Մոնրեալի կոնսերվատորիայում իր մանկավարժական գործունեությունը, բարձրաձայնեց իր ղեկավարությամբ ուսում առնող մեկ-երկու տաղանդավոր դիրիժորների անուններ, այդ թվում՝ ձերը…

– Մինչեւ դիրիժորական արվեստն ուսումնասիրելը հանդես եմ եկել որպես ջութակահար եւ դաշնակահար։ Չգիտեմ՝ այդ մասնագիտությունների գծով ինչպես կընթանար իմ հետագա գործունեությունը, եթե չհանդիպեի հայազգի իսկապես բանիմաց պրոֆեսորիս, որին անվանում են հաջողակ դիրիժորների պրոֆեսոր։ Հենց նրա մոտ ուսանելու տարիներին ծանոթացա հայկական երաժշտարվեստին, մասնավորապես՝ Կոմիտասի, Խաչատրյանի գործերին։ Բացի ուսումնական պրոցեսից, մաեստրո Արմենյանն ինձ ծանոթացնում էր հայ ժողովրդի, կներեք, բայց իր խոսքով՝ դաժան անցյալին։ Իմացա, որ հայերդ եղեռն ապրած ժողովուրդ եք, ինչը կարծես դաջված է ձեր մշակույթում։ Դե, այդպես էլ պետք է լիներ… Իմ առաջին այցն է Հայաստան, ընդամենը երկու օր եմ այստեղ, բայց շփվելով հայերի հետ, տեսածս գերազանցեց պատկերացրածս։ Հենց թեկուզ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, որոնց ոչ միայն պրոֆեսիոնալիզմը, այլեւ մարդկային որակներն են ապշեցնող։

Պրոֆեսոր Արմենյանի ղեկավարությամբ ուսումս ավարտելուց հետո (դա 1980-ականներն էին) կատարելագործվել եմ անվանի շատ դիրիժորների ղեկավարությամբ եւս, այդ թվում՝ Լեոնարդ Բերնսթայն, Չարլզ Բրյուկ, Յուրի Տեմիրկանով, Գեորգ Տինտներ, Լեոնարդ Սլատկին եւ այլն, բայց, կրկնում եմ, չգիտեմ ինչպես կդասավորվեր իմ հետագա ստեղծագործական կյանքն առհասարակ, եթե նախնական կրթությունը չստանայի պրոֆեսոր Արմենյանի դասարանում։

– Արեւմտյան մամուլից տեղեկացված ենք, որ դեռեւս ուսումնառության շրջանում մասնակցել եք ութ միջազգային դիրիժորական մրցույթների։ Այստեղ հատկանշականն այն է, որ բոլոր մրցույթներում ստացել եք առաջին մրցանակ եւ մեկ Գրան պրի…

– Մասնակցությունս մրցույթներին 1980-ականների վերջերից էր, ընդ որում՝ դա էլ պրոֆեսոր Արմենյանի շնորհիվ։ Անկեղծ ասած՝ եթե չլիներ պրոֆեսորիս հորդորը, մեկ-երկու մրցույթից հետո ես վերջակետ կդնեի այդ շրջանին, բայց մեկ-երկուսից հետո հասկացա, որ մասնակցությունը կարեւոր է, եթե նույնիսկ քո արվեստով չես արժանանում ժյուրիի բարձր գնահատականին, որովհետեւ ձեռք ես բերում փորձ, շփվում տարբեր երկրների քո տարեկից երաժիշտների հետ, վերջիվերջո՝ քեզ նկատում են իմպրեսարիոները։ Կրկնում եմ՝ եթե նույնիսկ մրցանակ էլ չես ստանում, անունդ արդեն հոլովվում է, այն էլ տարբեր երկրներում։ Տեսեք՝ ժամանակին Լորիս Ճգնավորյանի միջոցով եմ իմացել Հայաստանի ֆիլհարմոնիկի մասին…

– Այսինքն՝ մինչ Հայաստան այցը, բացի պրոֆեսոր Արմենյանից, որն, ի դեպ, շուրջ 20 տարի առաջ Մալերի առաջին սիմֆոնիան է ղեկավարել Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ, շփվել եք նաեւ հայազգի այլ երաժիշտների հետ նույնպես։ Հետաքրքիր է՝ իսկ Էդուարդ Թոփչյանին ծանո՞թ էիք։

– Իհարկե, ծանոթ եմ Էդուարդ Թոփչյանի հետ, ավելին՝ նրա ղեկավարած նվագախմբին նույնպես։ Ընդ որում՝ Երեւանյան փառատոնի հրավերը ստացել եմ անձամբ նրանից։ Ծանոթ եմ նաեւ, եթե չեմ սխալվում՝ մեկ ամիս առաջ մեկնարկած Երեւանյան փառատոնի ծրագրին։ Պետք է նշեմ, որ ճանաչված շատ անուններ է ընդգրկում փառատոնը, օրինակ՝ իմ լավ բարեկամ ու աշխարհին հայտնի դիրիժոր Շառլ Դյութուայի անվանն էլ եմ հանդիպել։

– Մաեստրո, ղեկավարել եք բազմաթիվ հայտնի նվագախմբեր՝ Մոնրեալի, Միլանի՝ Վերդիի անվան, Նյու Ջերսիի, Օսակայի, Սեուլի եւ այլն։ Ավելի քան երկու տասնամյակ հանդիսանում եք Ontario ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը եւ մի քանի տարի է՝ զուգահեռում եք Jalisco ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարի պաշտոնը։ Այդ առիթով մամուլը գրում է, որ կարճ ժամանակահատվածում ձեր աշխատանքի շնորհիվ Jalisco-ն էլ է արժանացել միջազգային ճանաչման, ինչպես Ontario-ն։ Ըստ ձեզ՝ ինչպե՞ս են նվագախմբերը միջազգային ճանաչում ձեռք բերում, դառնում ցանկալի ու սպասված։ Կարելի՞ է ենթադրել, որ պատճառը առաջին հերթին ամենօրյա ստեղծագործական աշխատանքն է՝ փորձերը, համերգները, հյուրախաղերը, CD-ների թողարկումը, մի խոսքով՝ հագեցած գործունեությունը։

– Դուք թվարկեցիք բոլոր նախապայմանները, ես ընդամենը կավելացնեմ կարեւորը, եթե ոչ ամենակարեւորը՝ նվագախմբի PR աշխատանքը։

Դաշնակահար Էնրիկո Պաչեն և դիրիժոր Մարկո Պարիսոտտոն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ երևանյան բեմում

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31