«Հիմա Հայաստանի համար ամենալավ պահն է՝ իրական գործընկերներ փնտրելու». «Առավոտի» զրուցակիցն է «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը
– ԵՄ քաղաքացիական դիտորդների փոքր՝ 27 հոգանոց խումբը ժամանել է Հայաստան: ԵՄ-ն Վրաստանում քաղաքացիական դիտորդային առաքելություն է իրականացնում 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո: Ի՞նչ սպասել այս դիտորդային առաքելությունից, նկատի ունենալով քաղաքացիական մանդատը եւ, եթե փորձենք զուգահեռներ անցկացնել վրացական փորձի հետ, ի՞նչ ակնկալել այս առաքելության՝ Հայաստանում աշխատանքից, ի՞նչ է դա տալու:
– Սա ԵՄ-ի առաջին փոքրիկ քայլն է, ես կարծում եմ, դա հենց այդպես էլ պետք է ընկալել՝ առաջին, փոքրիկ, բայց շատ կարեւոր քայլ:
– Ի՞նչ առումով:
– Առաջին հերթին՝ ԵՄ-ի հետաքրքրությունների փաստագրման առումով: ԵՄ անդամ 27 երկրներ իրենց ներկայացուցիչներին ուղարկել են Հայաստան եւ սա խոսում է այն մասին, որ առաջին անգամ ԵՄ անդամ 27 երկրների հետաքրքրում է այն, ինչ կատարվում է Հայաստանի սահմաններում եւ այս մակարդակով է հետաքրքրում, այլ ոչ թե ինչպես ընդունված է գործնականում՝ հայտարարությունների մակարդակով: Հասկանալի է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից ոչ ոք իր զորքը չի ուղարկելու, որպեսզի պաշտպանեն Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի համախոհ երկրից եւ այն, ինչ հիմա տեղի է ունենում, այս փոքրիկ քայլը, հենց նրա համար է, որ նախ քաղաքական կամքը ամրագրվի: Եվ երկրորդ՝ որպեսզի ունենալ իրական, հավաստի տեղեկություն այն մասին, թե ի՞նչ է տեղի ունենում սահմանին: Ինչպես հայտնի է, ԵՄ քաղաքականությունը հիմնվելու է հենց այս առաքելության անդամների ներկայացրած զեկույցների վրա. այլեւս չի վերլուծվելու երկու կողմերի ներկայացրած տեղեկությունները եւ դիրքորոշումները, այլ, այսպես ասած, ԵՄ-ն իր աչքերն է ունենալու տեղում եւ այդ տեղեկությունների հիման վրա էլ կառուցելու է իր հետագա քաղաքականությունը, ենթադրաբար, առավել կոշտ, եթե էլի բախումներ լինեն:
Կարդացեք նաև
– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է դիտորդական առաքելություն ուղարկել, ինչի համար կառույցի խորհրդի նիստ է պետք, որը պետք է անցկացվի ՀԱՊԿ-ում այս պահին նախագահողի, ասել է թե՝ Հայաստանի հրավերով: Երեւանից, ԱԳ փոխնախարարի մակարդակում հայտարարություններ հնչեցին, որ ԵՄ դիտորդական առաքելությանը զուգահեռ, Երեւանը պատրաստ է ընդունել նաեւ ՀԱՊԿ-ի դիտորդներին: Խնդիր կա՞ երկու առաքելությունների համատեղ աշխատանքի հետ:
– Հարցը հավանաբար առավել ճիշտ կլինի ուղղել պաշտոնական Երեւանին եւ Բաքվին: Ես, օրինակ, խնդիր չեմ տեսնում, քանի որ այդ երկու առաքելությունները համատեղ չեն աշխատելու, միեւնույն է, այլ զուգահեռ առաքելություններ են լինելու: Միանգամայն հասկանալի է, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ում սկսեցին, այսպես ասենք, տեղից շարժվել. սա եւս մեկ արդյունք է ԵՄ առաքելության ժամանման: Բայց այստեղ հարցն այն է՝ ի՞նչ կարող է անել ՀԱՊԿ-ը կամ ի՞նչ կանի ՀԱՊԿ-ը: Ինչը կարելի էր չանել, նրանք արդեն չեն արել եւ ի՞նչ դեռ կարող է տալ թղթի վրա մնացած համաձայնությունը… Չգիտեմ, բայց, կարծում եմ, այստեղ հարցը ՀԱՊԿ-ն էլ չէ, այլ ՌԴ-ն. ՀԱՊԿ խողովակով ՌԴ-ն իր դիտորդներին է փորձում տեղակայել այդ տարածքներում, քանի որ լավ հասկանում են, որ սկսում են կորցնել իրենց դիրքերը եւ, բնականաբար, պետք է ամեն կերպ փորձեն պահպանել դրանք: Բայց, կրկնում եմ՝ ի՞նչ կարող են նրանք անել, նրանք արդեն ոչինչ չեն կարող անել եւ ոչ միայն չեն կարող, հավանաբար, արդեն չեն էլ ցանկանում:
– Ամեն դեպքում տպավորություն է եւ նման մտահոգություններ Հայաստանում հնչում են, որ Արեւմուտքի եւ ՌԴ-ի շահերը Հայաստանում մտնում են մրցակցության շատ վտանգավոր փուլ եւ փաստացի մկանների ցուցադրության գործընթաց է սկսվում: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր:
– Այո, իհարկե, դա պարզ է, եւ ես կարծում եմ, որ վաղուց արդեն ժամանակն է… այն ամենն, ինչ Հայաստանում մինչ այս տեղի էր ունենում, ես անվանում էի հոսող շիզոֆրենիա, քանի որ ամեն ինչ գնում էր կոլապսի. դա տեղի կունենար 3, 5, 10, թե՞ 20 տարուց, բայց դա տեղի կունենար եւ այդ մասին էին վկայում բոլոր ցուցանիշները՝ տնտեսության անկում, արտագաղթի աճող տեմպ, զարգացման հնարավորությունների բացակայություն այն դեպքում, երբ շուրջը բոլորովին այլ բան է կատարվում, պարզ է, որ այդ պարագայում, վաղ թե ուշ, տեղի է ունենալու ողբերգություն եւ դա ամենավերջին ողբերգությունը չէ, որ Հայաստանի հետ կարող էր տեղի ունենալ: Արցախյան 44-օրյա պատերազմն էլ ամենամեծ դժբախտությունը չէ, որ տեղի ունեցավ Հայաստանի հետ, կարող է եւ ավելի վատ լինել եւ ավելի վատ կլինի անպայման, եթե շարունակվի ամեն ինչ անել այնպես, ինչպես արվել է: Պետք է շատ արագ եւ հիմնավոր փոփոխություններ արվեն եւ ամենաառաջին քայլը, որ պետք է արվի, գործընկերներին փոխելն է: Այսինքն, այն գործընկերներին, որոնք գործնականում այլեւս գործընկեր չեն: Պետք է իրական գործընկերներ փնտրել:
– Այսինքն, Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղությո՞ւնը պետք է փոխել:
– Անպայման: Սկզբում կարելի է դա անել, Ռոբերտ Քոչարյանն էր սիրում այդ մասին խոսել, բայց այդ քաղաքականությունն իրականում նա չկիրառեց, կոմպլեմենտարությամբ: Այդպես պետք է սկսել՝ հնարավորություն թողնելով այլոց հետ էլ աշխատելու, բայց ժամանակը շատ քիչ է եւ ավելի ակտիվ պետք է աշխատել արեւմտյան համախոհների հետ: Այդ առումով, Վրաստանը շատ լավ կամուրջ կարող է հանդիսանալ: Ես գիտեմ, որ Հայաստանի իշխանությունները, առհասարակ, Հայաստանում շատ մտերմիկ կապեր կան արեւմտյան տարբեր շրջանակների հետ, այդ թվում նաեւ պատմականորեն ձեւավորված, բայց Վրաստանը որոշակի ճանապարհ արդեն անցել է՝ ինտեգրման առումով եւ այստեղ հարցը զուտ կապերի մեջ չէ, այլ այն քայլերի, որոնք Վրաստանն արդեն արել է: Կարծում եմ, որ այս առումով, Վրաստանի հետ առավել սերտ համագործակցություններ են պետք:
– Հայ-վրացական հարաբերություններում կնճիռ մնաց 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ դեպի Հայաստան զենքի տարանցման ճանապարհը փակվեց:
– Ինչո՞ւ էին Հայաստանում մտածում, որ Վրաստանը թույլ կտա զենքի տարանցումը:
– Հարեւան-բարեկամ երկիր է, դուք էլ ասացիք, որ ՀՀ իշխանությունները լավ հարաբերություններ ունեն Վրաստանի իշխանությունների հետ:
– Ադրբեջանն էլ է հարեւան, Թուրքիան էլ: Ավելին, տնտեսական առումով կախված է Թուրքիայից: Հայերի մոտ շատ են սպասելիքները Վրաստանից՝ էմոցիոնալ հարթությունում, որոնք գործնականում իրական քայլերով ամրապնդված չեն: Այսինքն, եթե Վրաստանից նման քայլ ես ակնկալում, պետք է հասկանաս, որ դա արվելու է Վրաստանի շահերի, անկախության հաշվին, ուստի, եթե նման ակնկալիք կա, պետք է հասկանաս, որ ամենաքիչը համարժեք քայլ էլ Հայաստանը պետք է Վրաստանի համար անի: Պետք է հաշվի առնել նաեւ, որ Հայաստանն այսօր աշխարհաքաղաքական բացարձակ այլ միավորման մեջ է: Բացի այդ, Հայաստանում այսօր դեռ կան կուսակցություններ, որոնք ասում են, որ Ջավախքը հայկական տարածք է եւ այլն: Նաեւ՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական կապերը գրեթե զրոյական են. ավելին, այս առումով, Հայաստանն է Վրաստանից կախված, Վրաստանը Հայաստանից կախված չէ:
– Եղան վերլուծություններ, որ հիմնական պատճառը Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելն է:
– Դա պատճառներից մեկն էր: Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, մինչդեռ ՌԴ-ի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ հայտնի է, ՌԴ-ն Վրաստանի համար բռնազավթիչ երկիր է եւ ոչ միայն Վրաստանի համար: Ավելին ասեմ, ԼՂՀ-ն եւս ՌԴ-ն է բռնազավթել եւ այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, դա սկզբից մինչեւ վերջ ռուսների խաղն է, որ իրենց խաղաղապահներին տեղակայեին այդտեղ: Երկար տարիներ է խոսակցություն գնում այն մասին, որ ՌԴ-ն ցանկանում է իր խաղաղապահներին մտցնել այդ տարածքներ եւ Հայաստանի իշխանությունները, երկար տարիներ, դիմագրավում էին՝ չնայած իրենց պրոռուսական տրամադրություններին:
– Հայաստանի՝ աշխարհաքաղաքական կողմնորոշում փոխելու առումով մեծ խնդիր է առաջանում նաեւ մյուս հարեւան-բարեկամ երկրի՝ Իրանի հետ: Ի սկզբանե Իրանի իշխանությունները մի քանի անգամ եւ շատ բաց տեքստով հայտարարեցին, որ տարածաշրջանում սահմանների փոփոխություն թույլ չեն տալու, Հայաստան՝ ԵՄ դիտորդական առաքելության ժամանումից հետո էլ Իրանից հայտարարություն հնչեց, որ եվրոպական որեւէ ներկայություն Հայաստանի սահմաններին Իրանի համար անընդունելի է: Այս դեպքում, Հայաստանն ավելի մեծ եւ վտանգավոր խաղի մեջ չի՞ ներքաշվում:
– Ես կարծում եմ, որ եվրոպական շատ երկրներ հնարավորություն եւ ունակություն ունեն Իրանի հետ ընդհանուր լեզու գտնելու՝ շատ հարցերի շուրջ, ինչը, ի դեպ, պարբերաբար տեղի է ունենում: Հատկապես Ֆրանսիան: Եվ ես կարծում եմ, որ ԵՄ երկամսյա դիտորդական առաքելությունը Իրանին հատուկ անհարմարություններ չի պատճառի: Թեեւ, ես կարծում եմ, Իրանի համար եվրոպացիների ներկայությունը չարիքի փոքրագույնն է, այսպես ասած, եթե նկատի ունենանք, որ սահմաններում կարող են լինել թուրքական զորքեր եւ Իրանին առավել անհարմար կլինի այդ հանգամանքը, քանի որ Հայաստան-Իրան կապը Իրանի համար կյանքի ճանապարհ է: Իհարկե, ոչ միակը, բայց հիմնականը, քանի որ այդ ճանապարհն է Իրանին Եվրոպայի հետ կապող միակ ճանապարհը: Ուստի, Իրանը, պատկերավոր ասած, կպայքարի իր կյանքի համար եւ այն իրողությունը, որ Իրանն ինքն այսօր իրական հնարավորություն չունի պայքարելու այդ ճանապարհի համար, դեմ չի լինի, որ այլք պայքարեն:
– Որքան էլ մենք մեղադրենք ՌԴ-ին, բայց պետք է հաշվի առնենք նաեւ Ադրբեջանից եւ Թուրքիայից եկող իրական սպառնալիքները:
– Այդ մասին չենք էլ խոսում. փաստացի այսօր պատերազմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որում ներգրավված է նաեւ Թուրքիան: Այդ մասով ամեն ինչ պարզ է: Խոսակցությունը նրանց մասին է, ովքեր հայտարարում են, որ գործընկեր են, համախոհ են, բայց իրականում…
– Նկատի ունեմ, որ նման իրավիճակում աշխարհաքաղաքական փոփոխությունների մեջ մտնելն ավելի վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար:
– Հիմա լավագույն պահն է Հայաստանի համար՝ այդ քայլերն անելու: Եթե հիմա վերադարձ կատարվի այն կայունությանը, որը կար երկար ժամանակ եւ Հայաստանը հայտնվի նույն ցիկլում, անպայմանորեն, որոշ ժամանակ անց, կգա համանման իրավիճակ եւ Հայաստանը կարող է ավելի վատ դրության մեջ հայտնվել: Հիմա ճիշտ ժամանակն է աշխարհի զարկերակը ավելի լավ զգալու եւ փոփոխվելու այդ աշխարհի հետ՝ ընտրելով այնպիսի գործընկերների, որոնք գուցե չեն խոսում այն մասին, որ գործընկերներին չեն լքում բարդ պահերին, բայց իրականում չեն լքում:
– Ի՞նչ զարգացումների սպասել մոտ ապագայում, մանավանդ որ, Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրման, որը նաեւ զիջումներ է ենթադրում. համենայնդեպս, Ադրբեջանի հավակնությունները այդպիսինք են, Թուրքիան էլ սատարում է նրան: Նոր՝ ավելի մեծ բախումների սպասե՞լ:
– Հիմա ամեն ինչ, մեծ հաշվով, կախված է, թե ի՞նչ զարգացումներ կլինեն ուկրաինական պատերազմում՝ նկատի ունենալով այդտեղ ներգրավված ուժերը: Հարավային Կովկասում եւս զարգացումներն ուղղակիորեն կապված են ուկրաինական զարգացումների հետ, քանի որ դրանցից է կախված ռուս-թուրքական հետագա հարաբերությունները, Իրան-ՌԴ հարաբերությունները, որքանո՞վ Ադրբեջանը տարանցիկ երկիր կդառնա Եվրոպայի համար եւ որքա՞ն ադրբեջանական գազը կարտահանվի եւ այլն: Ելնելով այս ամենից, կարծում եմ, պետք է ժամանակ չկորցնել եւ հավաքական Արեւմուտքի հետ էլ ավելի սերտացնել հարաբերությունները:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Հ. Գ. Առնոլդ Ստեփանյանի հետ հանդիպումը կայացել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած՝ հակամարտությունների թեմայով Վրաստանում հոկտեմբերի 9-15 կայացած լրագրողական շրջայցի շրջանակներում:
«Առավոտ» օրաթերթ
18.10.2022