Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հարկային քաղաքականությունը ծայրահեղ խոցելի է. Ատոմ Մարգարյան

Հոկտեմբեր 19,2022 13:00

Թվերը իրատեսական են, եթե հաշվի առնենք ամբողջ աշխարհով տիրող գնաճի ալիքը, իսկ Հայաստանում գնաճը պարզապես աննախադեպ է, ահա այդ գնաճով պայմանավորված էլ Պետեկամուտների կոմիտեն արձանագրել է ավելի քան 1 տրիլիոն դրամի մուտքեր, բայց եթե գնաճը զատենք հարկային մուտքերից, թվերն անհամեմատ ցածր կլինեն: Այսպես արձագանքեց տնտեսագետ, փորձագետ Ատոմ Մարգարյանը՝ մեր այն հարցին, թե որքանով են իրատեսական ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալները, թե 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ:

Նրա խոսքով, պետական բյուջեն հավասարակշռված է, հարկային մուտքերը կատարվում են, սակայն եթե այդպես է, ինչու է մեր պետական պարտքը երկրաչափական պրոգրեսիայով մեծացել: «Մեր տնտեսական համակարգը՝ թե՛ կառուցվածքային, թե՛ բովանդակային, թե՛ տեխնոլոգիական, թե՛ էֆեկտիվության տեսանկյունից խայտառակ վիճակում է. այդ թվերը ոչինչ չեն ասում»:

Անդրադառնալով, 1000 խոշոր հարկատուների լավագույն հնգյակին, որտեղ ընդգրկված են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գազպրոմ Արմենիան», «Գրանդ տոբակոն», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», «ՄՏՍ Հայաստանը»՝ տնտեսագետն ասաց, որ լավ օրից չէ, որ հենց այս ընկերություններն են գլխավորում ցանկը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ավանդաբար այդ ցուցակը գլխավորում են հանքարդյունաբերության, սպասարկման ոլորտները, նաեւ «մոլախաղերը»: «Մեծ հաշվով բյուջեն շահում է, բայց տնտեսությունը մնում է հետամնաց: Մեր հարկային քաղաքականությունը ծայրահեղ խոցելի է, այն չի նպաստում առաջադեմ արտադրական հզորությունների ստեղծմանը, նոր աշխատատեղերի բացմանը, նորագույն տեխնոլոգիաների ընկերություններին, որոնք էլ կընդգրկվեին այդ լավագույն հնգյակում»:

Պետությունը կաթվածահար է, նշեց տնտեսագետը՝ գազի, բենզինի, դիզելի գները համեմատելով ներկրվող երկրներում առկա գների հետ՝ արձանագրեց, որ մեր երկրում դրանք մի քանի անգամ ավելի են թանկացել: Պետությունը չի միջամտում, պետության վերահսկողական մեխանիզմները չեն գործում, ուստի ներկրված չափաբաժինը բարձրանում եւ որոշ տնտեսվարողներ գերշահույթներ են ստանում. «Տնտեսական միավորների գործունեության վերահսկողություն չկա. գնաճի հիմնական պատճառներից մեկն էլ դա է: Պարզ ասած՝ ով ինչ ապրանք կամ ծառայություն ունի, գլխից դուրս թանկացնում է, եւ ոչ ոք չի հետաքրքրվում՝ ինչքան էին իրական ծախսերը, շահույթներն արդյո՞ք ողջամիտ էին: Այժմ, սկսած հանրային ծառայությունների ոլորտից՝ գազամատակարարման, հոսանքի, ջրի, կապի համակարգերի, ոչ թե շահույթների շուրջ է մրցապայքարը, այլ քվազի ռենտայի՝ չհիմնավորված բարձր շահույթների»:

Առկա խնդիրների լուծման շատ արագ, կտրուկ համաներման ճանապարհն առաջարկեց տնտեսագետը. «Բոլոր այն ակտիվները, որոնք ապօրինի են՝ սկսած հանքարդյունաբերության ոլորտից, բոլոր այն բիզնեսները, որոնք իրենց ակտիվները ձեւավորել են հարկեր չվճարելով, պետք է ազգայնացվեն: Ուրիշ տարբերակ մենք չունենք: Կրկնում եմ, վերցրեք ներմուծվող ապրանքի ցանկացած արժեշղթա, տեսեք, թե ռեալ ինչ գներով են ձեռք բերվում ներմուծման երկրից, եւ ինչ գներով են վաճառակետերում հայտնվում. դուք կտեսնեք ոչ թե տոկոսների, այլ անգամների տարբերություն: Այստեղ է խնդիրը, որ պետք է իշխանությունը լուծեր, բայց չի ցանկացել անել, որովհետեւ բարձր գնաճը բյուջեի հարկեր են, բայց դրա վերջը շատ վատ է լինում, իսկ հիմա այդ վերջը տեսնում ենք՝ եկել է. սահմաններն անպաշտպան են, բեկված են, թշնամին արդեն երկրի կեսն է ուզում. այս պայմաններում ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը, եւ ո՞վ է խոսում այդ մասին»:

Մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ պետությունը վերադարձել է նախկին մեթոդաբանությանը եւ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հաղորդագրության համաձայն, ցանկում ներառված չեն ՀՀ պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկները՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության այս տարվա հունիսին սահմանված չափորոշիչները՝ Ատոմ Մարգարյանը նշեց. «Դա ընդհանրապես նոնսենս է, երբ պետությունը մի գրպանից հանում, մյուս գրպանն է դնում, այլ ռեժիմով պետք է հաշվել, դա պասիվ է, քանի որ պետբյուջեից վճարված աշխատավարձ են հաշվում եկամտային հարկ, երբ պետության բյուջեն ձեւավորվում է այլ եկամտային հարկերից: Նախորդ տարվա մեթոդաբանությամբ ստացվում է կրկնահաշվարկ»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ.Գ. Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գազպրոմ Արմենիան», «Գրանդ տոբակոն», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», «ՄՏՍ Հայաստանը» գլխավորում են 1000 խոշոր հարկ վճարողների լավագույն հնգյակը։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 890 միլիարդ 480 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 192 միլիարդ 147 միլիոն դրամ։

«Առավոտ» օրաթերթ
18.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31