Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞րն է ավելի լավը՝ «Լամբորջինին», թե՞ «06»-ը

Հոկտեմբեր 19,2022 14:00

Հասկացություններն ու անունները ճիշտ են ընկալվում միայն համատեքստի մեջ

Ո՞ր շախմատային քայլն է ամենալավը: Ո՞րն է լավագույն ավտոմեքենան կամ, ասենք, դաշնամուրը: Այդ հարցերն, ինչպես հասկանում եք, անիմաստ են: Որովհետեւ միլիոնավոր շախմատային պարտիաների մեջ կարող են լինել տասնյակ միլիոնավոր լավագույն քայլեր: Ճիշտ նույն ձեւով՝ մի դեպքում ավտոմեքենան կարող է լինել պիտանի, իսկ հարյուր այլ դեպքերում՝ անպիտան: Տվյալ դաշնամուրով դուք հաջողությամբ կարող եք նվագել որոշակի ոճի երաժշտություն, իսկ այլ ոճի ստեղծագործություններ այդ դաշնամուրով չեն հնչի:

Ցանկացած երեւույթ հասկանալու եւ գնահատելու համար այն պետք է դնել որոշակի միջավայրի մեջ, եւ որքան խորն է այդ միջավայրի մասին գիտելիքը, այնքան օբյեկտիվ է մեր գնահատականը: Լեզվաբանության մեջ դա կոչվում է համատեքստ (կոնտեքստ), բայց այդ հասկացությունը կարելի է տարածել նաեւ հասարակական այլ ոլորտների վրա: Սովորաբար ժամանակակից մարդիկ ո՛չ բավարար գիտելիքներ, ո՛չ էլ ցանկություն ունեն խորանալու համատեքստի մեջ. Նրանց դեմքը պայծառանում է, երբ լսում են «Լամբորջինի» անունը եւ դժգոհությամբ ծամածռվում է «06»-ի մասին լսելիս՝ առանց խորանալու, թե որտեղ եւ ինչ հանգամանքներում են երթեւեկում այդ մեքենաները:

Ցանկացած տեքստ կարելի է բաժանել նախադասությունների, եւ եթե նախորդ եւ հաջորդ նախադասությունները ընթերցողին հայտնի չեն, կամ նրանց մոտ գերիշխում են քարոզչական պատկերացումները եւ նախախաշարումները, ապա պատկերը խեղաթյուրվում է: Կարելի է, օրինակ, վերցնել «Լեռան քարոզը» եւ տիրոջ ամեն կոչը կամ ասույթը դարձնել սոցցանցային Hater-ների հարձակումների թիրախ: Երբեմն նման բաներ արվում են մանիպուլյացիաների, քարոզչության նպատակով, բայց շատ հաճախ դա ոչ բավարար գիտելիքների, իսկ ավելի պարզ ասած՝ տգիտության արդյունք է: Ինչպես հայտնի է՝ տգիտությունն ու քարոզչությունը հարազատ քույր ու եղբայր են: Մեկն առանց մյուսի չի կարող ապրել:

Ոչ պատշաճ գիտելիքները դուրս են բերում երեւույթներն ու մարդկանց համատեքստից եւ հագեցնում են այն իմաստներով, որոնք ընդունված են հանրության մեջ: Վերջերս դիտեցի 1978 թվականի մի տեսագրություն, որտեղ Բրեժնեւը պետական մրցանակներ է հանձնում մի խումբ հայտնի մարդկանց, այդ թվում՝ Շեւարդնաձեին եւ Գորբաչովին (առաջինին, ի դեպ, համբուրում է, իսկ երկրորդին՝ ոչ): Եվ ես հիշեցի, թե կախված քաղաքական կոնյունկտուրայից, ինչպիսի պիտակներ էին կպցնում այդ մարդկանց՝ իրենց երկարատեւ քաղաքական կարիերայի ընթացքում: Բայց նրանց գործունեության օբյեկտիվ գնահատականը տալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել առնվազն երեք տասնյակների խորհրդային եւ հետխորհրդային իրականության համատեքստը:

Ոչ ոք, կրկնեմ, դրա ժամանակն ու ցանկությունը չունի: Իսկ համատեքստից դուրս նրանք հերոսներ են կամ հրեշներ՝ կախված նրանից, թե ինչ է «սրսկվել» գնահատող զանգվածին: Նույնքան «վերացական կերպարներ» են հայաստանյան գործիչները: Ամեն մեկը կապված է այս կամ այն առասպելի հետ, եւ բավական է դուք զանգվածին ասեք նրանց անունները կամ ցույց տաք նկարները, եւ մարդիկ, առանց վարանելու, ձեզ դեմ կտան պատրաստի բանաձեւերը. «Քանդել է Խորհրդային Միությունը», «Ժողովրդից 4 մլրդ է գողացել», «Հանձնել է Արցախը» եւ այլն: Արձագանքը նույնն է, ինչ «Լամբորջինիի» եւ «06»-ի դեպքում:

Առավել տագնապալի է, երբ համատեքստից հանվում են եւ բացասական իմաստներով են հագեցվում այնպիսի կարեւոր հասկացություններ, ինչպիսիք են «էլիտան», «մտավորականը», «կրթությունը»: Այդ հասկացություններն, իրականում, խորն ազգային եւ միջազգային համատեքստ ունեն: Սակայն այսօրվա իշխողներին ձեռնտու է դրանք ներկել մեկ՝ սեւ գույնով՝ տգիտության եւ ոչ կոմպետենտության հաղթարշավը շարունակելու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արեգ says:

    ճիշտ է ասել Լամբորգինի, ոչ թե Լամբորջինի

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31