Միֆ #1․ Սաղ Նիկոլն ա մեղավոր․
Սա ամենավտանգավոր միֆերից է, որ այսօր քննարկվում եւ տարածվում է ընդդիմության կողմից։ Նիկոլը չարագործ է, Նիկոլը դավաճանությունից, մեղքից ու չարիքից անդին է, նրա ամեն խոսք ու գործողություն պատուհաս է երկրի համար, նա չի կարող որեւէ լավ բան անել։ Նիկոլի գործողությունները քննարկելը անիմաստ ժամավաճառություն է, որի ընթացքում Հայրենիքից կորցնում ենք եւս մեկ մեծ կամ փոքր կտոր, այսինքն նրա գործողությունների քննարկման վրա ջանքեր ծախսելը եւս դավաճանելու հավասար բան է, քանի որ դրանով Նիկոլին ժամանակ է տրվում նոր չարիքներ անելու եւ նոր դավաճանություններ գործելու։
Միֆ #2․ Ընդդիմությունը պատասխանատու չէ․
Ընդդիմությունը պետական ապարատի կարեւորագույն մաս է եւ անգամ դրա համար ռոճիկ է ստանում։ Ընդդիմությունն ամբողջովին կիսում է պետական կառավարման համակարգի գործողությունների համար պատասխանատվությունը իր check and balance-ի՝ ստուգման եւ հակակշռելու մեխանիզմներով։ Եթե ընդդիմությունը չի ընդդիմանում իշխանություններին եւ սահմանափակվում է ուժեղ ստատուսներ գրելով եւ կոշտ հայտարարություններով, ապա նա, ընդհանրապես ասած, առանձնապես դեմ էլ չէ կատարվողին, բայց իր ելույթներով հիշեցնում է, որ ինքը դեռ կա եւ իզուր չի ստանում բյուջեից իր հասանելիքը։
Կարդացեք նաև
Իրականում ընդդիմության պատասխանատվությունն ավելին է, քան իշխանություններինը, քանի որ ընդդիմությունն, ըստ սահմանման, նա է, ով վաղն է ստանձնելու իշխանությունը, եւ եթե ընդդիմությունն անուժ է, անկարող է, անընդունակ է, ապա ոչ միայն ապագան է վտանգված, այլեւ ավելի աղետաբեր է վաղվա օրը։
Միֆ #3․ Եթե դժգոհ եք ընդդիմությունից՝ եկեք դուք արեք․
Սա պետք է գնահատել որպես պատասխանատվությունից խուսափելու ցինիկ փորձ «ինչքան կարողանում ենք, էնքան էլ խաղում ենք» համատեքստում։ Այս դեպքում ի՞նչ տարբերություն կա իրենց եւ Նիկոլի միջեւ, ով նույնպես ասում է, թե իրեն բոլորը նեղում են, եւ ինքը անում է այնքան, ինչքան կարողանում է։
Ըստ Սահմանադրության, հենց ընդդիմության վրա է դրված ինչպես իշխանությանը զսպելու, այնպես էլ իշխանությունը փոխելու գործը։ Ավելորդ չէ կրկին հիշեցնել դեռ հնուց ասվածը, որ եթե չէիք կարողանալու խաղալ, չմտնեիք, չմասնակցեիք ընտրություններին, չդառնայիք ընդդիմություն, որ հիմա էլ ասեք, թե՝ եկեք դուք խաղացեք։ Նարդիում ասում են՝ «ձեռք ես տվել, պետք է խաղաս», իսկ երբ ֆուտբոլի հավաքականը չի կարողանում խաղալ, ոչ մարզական լրագրողներին, ոչ էլ հանդիսատեսներին չի առաջարկում մտնել դաշտ ու իրենց փոխարեն գնդակ տշել։
Միֆ #4․ Մղձավանջի մեջ ենք, բոլոր կողմերից մեզ տալիս են աղետալի առաջարկներ․
Հայաստանի համար կործանարար են ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի առաջարկները, էլ չխոսելով Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հրամցվող փաստաթղթերի մասին։ Նիկոլը փորձում է այդ առաջարկներում կոսմետիկ փոփոխություններ անել, ընդդիմությունն էլ առաջարկում է ավելի ռադիկալ փոփոխություններ։
Սակայն ասպարեզում նաեւ չկա այնպիսի առաջարկ, որը բխում է Հայաստանի շահերից, չկա հայկական փաստաթուղթը, որի վրա կաշխատեին ինչպես թշնամիները, այնպես էլ միջնորդները։ Կարեւոր չէ, որ այդ փաստաթուղթը կարող է չընդունվել։ Եթե Նիկոլի եւ մեր թշնամիների գործարքը հաջողվի, ապա ասպարեզում եղած այդ չորս փաստաթղթերից էլ ընդամենը մեկն է ընդունվելու, որը բխելու է այդ կողմի օրակարգից, մյուս երեքը չեն ընդունվելու, բայց միեւնույնն է, փորձագետներն ու դիվանագետներն աշխատում են այդ փաստաթղթերի վրա, չեն ասում, թե անիմաստ են իրենց ջանքերը։ Մինչդեռ ոչ Նիկոլը, ոչ էլ ընդդիմությունը չեն առաջարկում հայկական օրակարգը՝ եթե ոչ այն անցկացնելու, ապա գոնե հայկական շահերը ֆիքսելու եւ հայկական շահերին աշխարհին ծանոթացնելու համար։
Միֆ #5․ Սպասենք տեսնենք, ինչ է լինում՝ հետո կգործենք․
«Իրավիճակը խառն է, աշխարհաքաղաքական նոր իրողություններ են հաստատվում, նոր աշխարհակարգ է ձեւավորվում, սպասենք, տեսնենք, ով է ուժեղը, ում խոսքը կհաստատվի, այդ ժամանակ էլ կգործենք»,- այժմ շատ տարածվող միֆ է։ Եթե Աթաթուրքը սպասեր, միչեւ իրողությունները հաստատվեին, ապա ժամանակակից Թուրքիան գոյություն չէր ունենա։ Այս միֆը ոչ միայն պայքարից խոսափելու մասին է՝ սպասելով, թե Հայաստանի կործանման որ սցենարն է աշխատելու, այլեւ պարզ դավաճանություն է, որպեսզի Նիկոլը հանձնի այն ամենը, ինչ պահանջում են Հայաստանից, հետո փոխել իշխանությունը եւ հանգիստ թագավորել Հայաստանի ավերակների վրա։
Միֆ #6․ ժողովուրդ չի հավաքվում, որ իշխանափոխություն անենք․
Փառք Աստծո, այս միֆը կամաց-կամաց հօդս է ցնդում, երբ վերջին հանրահավաքների ժամանակ անգամ առանց կազմակերպական ջանքերի հավաքվեց մի քանի տասնյակ հազար բողոքավոր՝ այնքան, ինչքան միշտ հայտարարվել է որպես «կրիտիկական զանգված»։
Միֆ #7․ Պետք է ընդդիմության հարմար առաջնորդ գտնենք, նոր գործենք․
Ֆրանսիական, ռուսական հեղափոխությունների ժամանակ երբեք ի սկզբանե առաջնորդներ չեն նշանակվել (համոզված եմ, որ մյուս դեպքերում էլ է այսպես եղել, ուղղակի դպրոցում սա ենք անցել, սա գիտենք)։ Առաջնորդներն առաջացել են, ետ են մղվել, ֆիլտրվել են, առաջնորդի առաջացումը պայքարի պրոցեսում է ընթանում, եւ ոչ թե ի սկզբանե որոշված պրոցեդուրա է։ Նիկոլի հեղափոխության ժամանակ էր, որ առաջնորդը ի սկզբանե համաձայնեցված էր եւ նշանակված թշնամիների կողմից։
Առաջնորդի այսպիսի ընտրությա՞ն ենք սպասում։
Միֆ #8․ Նիկոլը ոստիկաններին ամիսը 1000 դոլար փող է տալիս, ինչպե՞ս կարող ենք նրանց դեմ գնալ․
Երբեւէ փորձ չի եղել ոստիկաններին դեմ գնալ, անգամ առաջնորդներից ոչ մեկի ձեռքին չենք տեսել Նիկոլի դեկորատիվ սրտիկով բինտը։ Ոստիկանների դիմադրության աստիճանը պետք է գնահատել ոչ թե նրանց ստացած աշխատավարձով, այլ իշխանություններին հակադրվելու թափով։ Եթե կան ընդդիմանալու լուրջ դեպքեր, երբ անհաջողություն է գրանցվել, ապա թող ընդդիմությունը դրանք քննարկի, գտնի անհաջողության պատճառները եւ լուծումները, ոչ թե միլիցեքի փողերը հաշվի։
Միֆ #9․ Բոլորը մեզ դեմ են, Նիկոլին են կողմ․
Նիկոլը ստանում է ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի, երբեմն անգամ՝ Իրանի օժանդակությունը։ Նրա գործողություններից շատ գոհ են եւ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Իսկ Հայաստանից միայն Նիկոլի ձայնն է բարձր լսվում, նրա հետ էլ խոսում են, ե՞րբ է ընդդիմությունն այնքան լուրջ գործողությունների գնացել, իր մասին այնքան հնչեղ հայտարարել, որ իր հետ էլ հաշվի նստեն։ Չերեւացողի հետ ինչպե՞ս խոսի Արեւմուտքը կամ Ռուսաստանը։
Մյուս կողմից էլ, ի դեմս Նիկոլի, աշխարհը վերջապես գտել է անսկզբունքային, դավաճան, բարոյական որեւէ սկզբունքի ոտնահարումից չխուսափող մեկին, ով համաձայն է ամեն ինչի, դրա համար էլ նրա հետ են խոսում։ Հայաստանին պետք չէ նման երկրորդը, ում հետ այդ պայմաններով կխոսեն, Հայաստանին պետք չէ ընդդիմություն, ով հանուն իշխանության կունենա Նիկոլի բարոյականությունը։
Միֆ #10․ Բա ի՞նչ անենք
Մեթոդաբանության հարցում սահմանակվենք ցիտատներով․ սկսած սպարտացիների առաջնորդ Լեոնիդասից, ում երբ ասում են, թե բարբարոսների նետերի պատճառով արեւը չի երեւում, նա տալիս է մեթոդաբանությունը․ «Ավելի լավ, հով-հով կկռվենք» , մինչեւ Նապոլեոնի հայտնի “On s’engage et puis … on voit” (մտնենք մարտի մեջ՝ հետո կերեւա)՝ ի դեպ սա մեր ռուսամետ նեոբոլշեւիկների Լենինի սիրելի խոսքերից է, որը ցարին ատողների փոքր խմբով 1917թ․-ին մեծ հեղափոխություն արեց։ Կամ հենց նույն Լենինի հայտնի «Возмем почта, телефон, телеграф» (վերցնենք փոստը, հեռախոսը, հեռագիրը) մինչեւ Ջին Շարփի հեղափոխությունների դասական ուղեցույցը։
Կարեւորն այն է, որ հայ դասական Րաֆֆու խոսքով ՝ «զադնի չդնեն»։
Աղասի Ենոքյան
Միֆ #11 Շուտով մենք նորից կհավաքվենք
– Ժողովուրդ ջան ո՞նց եք…, ամու՞ր եք…, պի՞նդ եք…, վայ ես ձեր ցավը տանեմ…, ուրեմն մի հատ երթ ենք անում, որից հետո գնում ենք մեր տները: Առաջիկայում մենք ձեզ իմաց կտանք և նորից կհավաքվենք:
Անցավ ամառը, տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ից 16-ի պատերազմը, նորից մեծաքանակ զոհեր ունեցանք, մեր սահմաններն ավելի կծկվեցին, աջից-ձախից անընդհատ թմբկահարվում է միջանք բացելու թեման, ժողովուրդը խիստ անհանգստացած է և դեռ սպասում է, թե ընդդիմությունը ուր որ է իմաց է տալու, որ նորից հավաքվեն: Իսկ ընդդիմությունը էշի ականջում քնած է:
Միֆ #12. Լաոները լավ չեն զարթնում
Ընդդիմության երթերում հաճախակի հնչող երգերից է «Զարթիր լաո» երգը: Եթե ընդդիմությունը կարծում է, որ լաոներին արթնացրել է, ուրեմն թող ասի, թե լաոները ներկա պահին ինչ անեն: Իսկ եթե գտնում է, որ իրեն չի հաջողվում բոլոր լաոներին արթնացնել, այդ դեպքում թող ԱԺ-ի բոլոր ընդդիմադիր խմբակցություններով վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները: Դա նախ կլինի իրենց ներողության արտահայտման ազնիվ ձևը, քանի-որ չկարողացան ժողովրդին այնպես առաջնորդեն, որ իշխանությունից հեռացնեն երկիրը պարտության հասցրած և թշնամուն շարունակական զիջումներ անող այս ապաշնորհ ՔՊ-ական թիմին:
Երկրորդն էլ՝ արթնացած լաոներն արդեն դժգոհում են, որ իրենց քունն իզուր խանգարեցիք, արթնացրիք և հիմա իրենց մահճակալներին դուք եք քնել ու չեք արթնանում: Բա դա եղավ առաջնորդներին վայել պահվա՞ծք: