Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ինքնիշխան տարածքի որեւէ կտոր բանակցության ենթակա չէ, հայկական ժողովրդավարությունը՝ նույնպես. Էդուարդ Աղաջանյան

Հոկտեմբեր 18,2022 22:19

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու հանձնաժողովների անդամներն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել են անվտանգային հարցերը, հետպատերազմական իրավիճակը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների գործընթացը:

Նշվել է, որ Ադրբեջանի գործողությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերին: Առաջնային է համարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: Երախտագիտություն հայտնելով ամերիկյան կողմին գերիների վերադարձի հարցում ցուցաբերած ջանքերի համար՝ Էդուարդ Աղաջանյանը փաստել է, որ, այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել ավելի քան 30 հայ գերու: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ ջանքերն այս հարցում կլինեն շարունակական:

Անդրադառնալով Արցախի բնակչության իրավունքներին՝ Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ այսօր վերջիններս էթնիկ զտման վտանգի առջեւ են: «Եթե մենք միջազգային համայնքի հետ չհաջողենք այս մարդկանց իրավունքների պահպանման հետ զուգահեռ անվտանգության նվազագույն երաշխիքներ տրամադրելու գործում, ապա էթնիկ զտումը կդառնա փաստ»,-արձանագրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը:

«Մեր ինքնիշխան տարածքի որեւէ կտոր բանակցության ենթակա չէ, հայկական ժողովրդավարությունը՝ նույնպես: Այս երկու հիմնական ուղղություններով Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական եւ դիվանագիտական աջակցություն»,-դատապարտելով ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-ի ներխուժման փաստը՝ ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրներին, կարեւորել միջազգային հանրության աջակցությունն այս հարցում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն արժեւորել է դիտորդական առաքելության իրականացումը, խոսել տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերի, բանակաշինության, զինված ուժերում բարեփոխումների կարեւորության մասին:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը տարածաշրջանում կայուն եւ անշրջելի խաղաղություն հաստատելու հարցում ընդգծել է միջազգային չափորոշիչների պահպանումը եւ ուժի հավասարակշռության վերականգնումը: Ըստ «Հայաստան» խմբակցության ներկայացուցչի՝ այսօր ուժի հավասարակշռությունը խախտված է հօգուտ ադրբեջանաթուրքական տանդեմի:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Մամիջանյանի գնահատմամբ էլ ինքնորոշման իրավունքն Արցախի ժողովրդի համար գոյատեւման իրավունք է: «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ համապարփակ բանակցություններ են անհրաժեշտ, որոնք կներառեն ԼՂ հիմնախնդիրը եւ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները:

«Ընդհանուր արձագանք եւ վերաբերմունք ունենք իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունեցել. խոշտանգումների եւ գնդակահարությունների տեսանյութերի, անմարդկային վերաբերմունքի նկատմամբ: Մասնակցում ենք գերիներին ազատ արձակելուն  միտված գործընթացներին: Դեմ ենք ներխուժմանը ՀՀ ինքնավար տարածք: Մենք բազմիցս կոչ ենք արել ադրբեջանցիներին լքել Հայաստանի տարածքը»,-ընդգծել է Դեյվիդ Փրայսը: Նա վերահաստատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատրաստակամությունը ստեղծված իրավիճակում Հայաստանին օժանդակելու հարցում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության կարեւորությանը տարբեր խորհրդարանական հարթակներում: Բարձր է գնահատվել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ԱՄՆ աջակցությունը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31