Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային պողոտայի 14 սեփականատերերի գործը փակուղում է, միակ մեղադրյալը մահացած է

Հոկտեմբեր 18,2022 21:27

«Կա՞ արդյոք կոռուպցիա քննչական մարմիններում ու դատախազություններում»՝ այս անվանումով այսօր  ասուլիս էր հրավիրել փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

«Ինձ թվում է մենք հասել ենք այնպիսի հանգրվանի, որ քննչական մարմիններն ու դատախազություններն այս պահին, առնվազն քննչական մարմինները, քանի, որ գլխավոր դատախազի փոխվելուց հետո չեմ կարող ասել, թե դատախազությունում ինչ իրավիճակ է տիրում: Դատախազությունը իրականում պետք է  կարողանա նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնելով կարգավորի քրեաիրավական դաշտը: Մինչև այս չէինք տեսել, որ դատախազությունը փորձել է հայտնաբերել հանցագործություն կամ  հանցագործություն իրականացնողի նկատմամբ քրեական պատասխանատվության միջոցներ իրականացնել: Հիմա քննչական մարմինները ունենալով ազատություն ոչ թե քննչական գործողություններն իրականացնում են  հանցագործությունները բացահայտելու համար, այլ ազատության աստիճանը փորձում են օգտագործել ի շահ կամ իրենց կամ իրենց տնտեսական բարօրության: Ունենք մի իրավիճակ, որ հանցագործությունների բացահայտումը կախված է քննչական մարմիններից, նրանց նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազությունն էլ փորձում է որոշակի արտաքին կերպարանք, պատրանք ստեղծել, որ իբր կատարվում է հսկողություն, արդյունքում  ունենում ենք ամենաթողություն: Եթե նախկինում հսկողություն կար մի կետից՝ դա գործադիր իշխանությունն էր, և այն պատասխանատվության էր ենթարկում: Հիմա չկա այդ հսկողությունը, կա ազատություն, քննչական մարմիններն էլ այդ ազատությունն օգտագործում են իրենց տեսակետից նախաքննությունը ցանկացած ուղղությամբ տանելու համար: Եթե նախկինում կար որոշակի տրամաբանություն և նախաքննական մարմիններն էլ որոշակի տրամաբանությունից ելնելով պետք է   նախաքննությունը տանեին էդ ուղղությամբ, այսօր այդ տրամաբանությունը բացակայում է և հասնում ենք խելացնորության աստիճանի հիմնավորումների, թե քննչական մարմինների, թե դատախազության կողմից: Այսինքն, կատարվում է հանցագործություն, հարուցվում է քրեական գործ, բոլորին ակնհատ է, թե քննչական մարմինը ինչ ուղղությամբ պետք է  գործունեություն  իրականացնի, քննչական մարմին  էլ ինքն է որոշում, թե ինչ ուղղությամբ պետք է իրականացնի՝ հսկող դատախազության հետ միասին քննություն իրականացնում են իրենց նախընտրած ուղղությամբ»,-հայտարարեց Տիգրան Հայրապետյանը:

Պարոն Հայրապետյանը նման եզրահանգման էր եկել Հյուսիային պողոտայի 14 սեփականատերերի գործի փակուղի մտնելու հետևանքով: Փաստաբանի խոսքով, դեռևս 2018 թվականի իրադարձություններից հետո Վրեժ Գսպոյանը և մի խումբ այլ սեփականատերեր դիմել էին Պետական վերահսկողական ծառայություն, որպեսզի իրենց սեփականության իրացման հարցով քննություն իրականացվի։ Դրանից հետո հարուցվել է քրգործ։

«Հյուսիային պողոտայի մի խումբ սեփականատերերի, այդ թվում՝ իմ վստահորդ Վրեժ Գսպոյանի գումարները հափշտակվել են, և իրենց փոխհատուցում է տրվել մի քանի անգամ քիչ գումարներ։ Ողջ Հյուսիային պողոտայի կառուցապատման ընթացքում մի գնահատող կազմակերպություն է եղել՝ «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ն, որը բոլոր սեփականատերերի գույքն ինքն է գնահատել՝ կամայական ձևով։ Այս ՍՊԸ-ն նույնատիպ գույքերը գնահատել է ահռելի մեծ տարբերություններով»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ քրգործը հարուցվել է կառուցապատող Ավետիս Կարագուլյանի նկատմամբ, որը խաբեությամբ և խարդախությամբ համաձայնության էր եկել գնահատող կազմակերպության հետ, և քաղաքացիների գույքերը շուկայականից մի քանի անգամ էժան են գնահատել։

«4-5 ամիս անց մեղադրանք է առաջադրվել Կարագուլյանի նկատմամբ։ Փորձաքննությամբ հաստատվեց, որ Վրեժ Գսպոյանի գույքը պակաս է գնահատվել։ Որոշ ժամանակ անց նույն Ավետիս Կարագուլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Գործի վարույթը կասեցվել է, քանի որ չէին կարողանում ապացույցներ ձեռք բերել, որ Ավետիս Կարագուլյանը օգուտ է ունեցել։ «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ի նկատմամբ ևս որևէ հետապնդում չի սկսվել։ Քննչականը գտավ՝ ում կարող է մեղադրանք առաջարդել՝ ՍՊԸ-ի փորձագետ Սերգեյ Սաշիկյանին, որը մահացած է։ Գտնվում ենք այն փուլում, որ նրա նկատմամբ քրհետապնդումը կդադարեցվի՝ մահացած լինելու հիմքով»,-ասաց Հայրապետյանը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31