«Փոխանցել ենք, թե մեր կարծիքով՝ խաղաղության իրական գործընթացն ինչպիսին պետք է լինի։ Իրական խաղաղությանը որեւէ մեկը դեմ չէ, բայց այն, ինչ այստեղ կատարվում է խաղաղության անվան տակ, լուրջ մտահոգությունների առիթ է տալիս»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակության հետ ընդդիմության հանդիպմանը։
Ռուստամյանը նշեց․ «Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, թե Ադրբեջանն ինչպես է ուժով փորձում խաղաղության գործընթաց իրականացնել, ուստի դրա հիման վրա կայունության կամ խաղաղ գործընթացի մասին խոսելն անտեղի է։ Ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում խախտված է ի օգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի։ Խաղաղությունը պետք է արդարության վրա հենված լինի, մինչդեռ Ադրբեջանն այսօր փորձում է հարցը լուծել այնպիսի ձեւով, որ Արցախը հայաթափվի։ Արցախի՝ Ադրբեջանի կազմում մնալը բերելու է հայաթափման։ Մենք չենք ստացել տպավորություն, թե ԱՄՆ-ի համար Արցախի հարցը լուծված է․ դա Ադրբեջանի ուզածն է»։
Թե ինչ է արձագանքել ամերիկյան պատվիրակությունը, Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց․ «Ասացին, որ ՀՀ-ի խնդիրները տեսնում են, որ հայկական գործոնն իրենց համար միշտ էլ կարեւոր է եղել, եւ քայլեր կատարելու են։ ԱՄՆ-ն նաեւ ԵԱՀԿ ՄԽ անդամ է։ Մեր ակնկալիքն ԱՄՆ-ից այն է, որ վերականգնեն բալանսը եւ թույլ չտան, որ խաղաղության պայմանագիրը կայանա անարդար հիմքերի վրա։ Օժանդակությունը պետք է լինի բազմամակարդակ՝ քաղաքական, ռազմական, տնտեսական»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ամերիկյան կողմին հայտնե՞լ եք, որ ՀՀ իշխանությունը տրամադրված է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, իրենք ի՞նչ դիրքորոշում ունեն, Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Մենք ասել ենք այն կարմիր գծերը, որոնք իրենց համար շատ ընկալելի են։ Թե ՀՀ իշխանությունն ինչ է խոսել իրենց հետ, չգիտեմ։ Մեր հիմնական հարցն այն է, որ իշխանությունը չթողնի տպավորություն, թե միայն ինքն ունի Արցախի հարցը լուծելու եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հայեցակարգ»։
Հարցին՝ ԱՄՆ-ի հետ ռազմական գործակցությունը որքանո՞վ եք հնարավոր համարում, ԱՄՆ-ն որպես նախապայման դնո՞ւմ է ռուսական ռազմակայանը դուրս բերելու եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ մեկը մյուսին փոխարինելու տրամաբանությամբ չպետք է առաջնորդվել․ «Մեր կենսական շահերը պետք է ներկայացվեն այն տրամաբանությամբ, որ դա փոխլրացվող է։ Եթե այդ տրամաբանությամբ խոսենք, խանդի տեսարան չի առաջանա։ Նույնն էլ զենքին է վերաբերում։ Եթե, օրինակ, ՌԴ-ից ՀՕՊ չենք ստանում, եւ եթե այն կարող ենք ստանալ ԱՄՆ-ից, եւ հիմա պատերազմի սպառնալիքի տակ ենք, ինչո՞ւ չպետք է օգտագործենք այդ հնարավորությունը։ ՀԱՊԿ-ի անդամ այլ երկրներ էլ կան, որոնք ԱՄՆ-ից օգնություն են ստանում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ