Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման». Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 18,2022 20:54

«Մենք ակնկալում ենք միջազգային մասնակցություն, դերակատարում Հարավային Կովկասում և մասնավորապես ՀՀ-Ադրբեջան սահմանին խաղաղության հաստատման գործում: Սա՝ լայն իմաստով: Մասնավորեցնենք՝ մեր ակնկալիքն է, որ դիտորդական առաքելությունը որոշակի փաստահավաք մասնակցություն կունենա, և դրանք կվկայեն, որ ՀՀ պնդումները, որ տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա, և կա ադրբեջանական զորքերի ներխուժում ՀՀ տարածք, համապատասխանում են իրականությանը»,- խոսելով ԵՄ դիտորդական առաքելությունից ՀՀ ակնկալիքների մասին՝ Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա նաև շեշտեց՝ այս առաքելությանը պետք է վերագրենք հետագա նոր ագրեսիայի կանխման կարևոր առաքելություն և ավելի լայն իմաստով կայուն խաղաղության հաստատում:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ կան ՀԱՊԿ առաքելությունից, և արդյոք դիմում եղե՞լ է ԵԱՀԿ-ին՝ դիտորդական առաքելություն ուղարկել ՀՀ-Ադրբեջան սահմանագիծ, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Քննարկվում է նաև ՀՀ-Ադրբեջան սահմանագծին ՀՀ տարածքի կողմից ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման: Շատ մոտ ապագայում մենք այս մասով հստակություն կունենանք: ՀԱՊԿ-ին՝ կազմակերպությանը, որին անդամակցում ենք, մենք դիմել ենք, և այդ կազմակերպությունում որոշում է կայացվել նախնական դիտորդական կամ փաստահավաք առաքելություն ուղարկել: Եկել են այդ պաշտոնյաները և իրենց արձանագրումների հիման վրա զեկույց կազմել, անդամ պետություններին է ներկայացվել, քարտուղարությունն այդ զեկույցի հիման վրա որոշման նախագիծ է շրջանառել: Մենք քննարկումներում փորձել ենք հասկանալ, թե երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ խորհրդի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նաև այդ առաքելության գործուղումը: Այս փուլում ենք, որոշում չկա, քննարկումներ կան: Պետք է տեղի ունենա խորհրդի նիստ: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել՝ մեզ համար չափազանց կարևոր է իրավական, քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից պետությունները: Մեզ նախևառաջ պետք է հասկանալ՝ որքանով է կազմակերպությունը ճանաչում այն իրավիճակը, որը կա, իսկ դա՝  ագրեսիան է ՀՀ-ի դեմ և ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31