«Չեմ թաքցնում՝ բանակցություններում Ադրբեջանը կամ Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը նույնական կլինի Լաչինի միջանցքին, կունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը»,- Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան լրագրողների փաստմանը, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Ադրբեջանն իրավացիորեն ասում է, որ Լաչինի և Զանգեզուրի միջանցքները պետք է ունենան նույն կարգավիճակը, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Այնուհետև հավելեց. «Եթե պարոն Չավուշօղլուն այս կոմպոնենտն իր կողմից է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի՝ իր անունից ասի: Ադրբեջանը նման բան չի ասում, և չի էլ կարող, ըստ էության, իրավացիորեն նման բան պնդել, որովհետև կարգավորումները տրված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և բացվելու են 2021-ի հունվարի 21-ի եռակողմ հայտարարությամբ: Դրանք հրապարակային են, կան դրված երկրների պաշտոնական կայքերում: Այնտեղ կա Լաչինի միջանցք, որը կյանքի ճանապարհ է ԼՂ հայության համար և կա տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման թեմա: Նաև հետո խոսվում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև նոր կապուղու մասին: Մենք մեր դիրքորոշումը չենք փոխել: Բոլոր ճանապարհները պետք է գործեն, այդ թվում գործողները և նոր կառուցվելիքները՝ այն երկրների սուվերենության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են: Իմ սուբյեկտիվ ընկալմամբ՝ այս առումով առաջընթաց կա, և լավատես եմ, որ այս ուղղությամբ բանակցություններն առաջիկայում հաջողությամբ կարող են ավարտվել»:
Հարցին՝ ի՞նչ ակնկալել ՀՀ-ի և Թուրքիայի միջև ընթացող գործընթացներից, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց. «Թուրքիայի մասով մենք ևս մշտապես բաց ու հրապարակային ենք արտահայտվել: Մենք շահագրգռված ենք երկխոսության հաջող ավարտով, և որևէ հանդիպում, որը կօգնի հասնել այդ հաջող ավարտին, իհարկե, կարող է տեղի ունենալ: Երբեք նման հանդիպմանը դեմ չեմ եղել: Այս հանդիպումների ընթացքում կողմերը անկեղծ ու լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման հարցում: Ես, կրկնում եմ, պատրաստ եմ նման հանդիպման, հուսով եմ նման հանդիպումն ի վերջո շոշափելի արդյունքներ կունենա, եթե տեղի ունենա»:
Արարատ Միրզոյանն արձանագրեց՝ վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում և վստահեցրեց. «Մենք պատրաստ ենք և ամեն ջանք գործադրում ենք, որ նույն ակտիվությամբ աշխատանքները շարունակվեն տարածաշրջանում իսկապես կայուն, երկարատև և արդար խաղաղության հաստատման համար: Այս առումով մեր ակնկալիքները և տրամադրվածությունը չեն փոխվել: Ուրիշ բան, որ մենք զուգահեռ այս բանակցություններին՝ շարունակաբար տեսնում ենք Ադրբեջանի կողմից ոչ կոնստրուկտիվ և առավելապաշտական պահվածք և տեսնում ենք ուժի գործադրմամբ կամ ուժի գործադրման սպառնալիքով այդ բանակցությունների վրա ազդելու ցանկություն: Ակնհայտորեն նման գործողությունները չեն նպաստում կառուցողական մթնոլորտին և կառուցողական բանակցություններին: Մեր համոզմամբ՝ այո, չնայած դրանց, շարունակում ենք մեր նախկին գործելաոճը և կարծում ենք, որ վերջնական լուծումների պետք է հանգենք բանակցությունների սեղանի շուրջ: Մենք պատրաստ ենք շարունակել այդ ջանքերը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ