Լրահոս
Օրվա լրահոսը

63 ինքնաբացարկի դիմում մեկ օրում․ Սիսիանի ավագանու անդամները հրաժարվում են մանդատներից

Հոկտեմբեր 18,2022 18:55

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին արտահերթ նիստ է հրավիրել․ օրակարգում 2022թ․ սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած, մանդատից հրաժարված ավագանու անդամի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցն էր։

Aravot.am-ին հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Ստեփանյանը տեղեկացրեց, որ երկու օրվա ընթացքում ստացել են 63 դիմում․ 29 հոգի՝ «Ապրելու երկրից», 7 հոգի՝ «Մեկ Հայաստան» կուսակցությունից, 23 հոգի «Աշխատանք եւ արդարություն» դաշինքից։ Հանձնաժողովի որոշմամբ ինքնաբացարկ հայտնած թեկնածուների գրանցումները ուժը կորցրած են ճանաչվել։ Ի դեպ, «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակում գրանցված 42 թեկնածու կա, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքում՝ 62, «Մեկ Հայաստանում»՝ 39։  «Ըստ էության, գործընթացը կշարունակվի։ Ինքնաբացարկի դիմումները վավերացնում է նոտարը, եւ կախված նոտարի օրվա ծանրաբեռնվածությունից՝ դիմումները կընդունենք եւ նիստ կհրավիրենք։ Նիստերի հրավիրման սահմանափակման խնդիր չունենք»,-ասաց Արմեն Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ Սիսիանի համայնքի ավագանու անդամի մանդատ ստացած 5 ուժերից երեքը՝ «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունները, ինչպես նաեւ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը հայտարարել են մանդատներից հրաժարվելու մասին ու բոյկոտում են ավագանու նիստի աշխատանքները։ Արդեն երկու անգամ նախատեսված նիստերը չեն կայացել, որտեղ Սիսիան համայնքի բնակիչներին երդում պիտի տար նորընտիր համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանը։ Վերջինս հոկտեմբերի 12-ին ավագանու առաջին նիստում 9 քվեով ընտրվեց համայնքի ղեկավար՝ 1 քվեով հաղթելով ընդդիմադիր Հայկ Առաքելյանին։ Սիսիանի ավագանու 21 անդամի մանդատներից 8-ը բաժին է ընկել «Քաղաքացիական պայմանագրին», 7-ը «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքին, 4-ը՝ «Ապրելու երկրին», 2-ական մանդատ ստացել են «Հանուն Հանրապետության» եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31