Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական մտածողություն է պետք: Հայ պաշտոնյային թվում է՝ եթե ունի վրաց գործընկերոջ հեռախոսահամարը, ինչ-որ խնդիր կարող է լուծել, բավարար է». «Ա1+»

Հոկտեմբեր 18,2022 18:06

«Ա1+»-ը զրուցել է «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանի հետ։ Նրա հետ հանդիպել ենք Հակամարտությունների լուսաբանման թեմայով լրագրողական շրջայցի ընթացքում, որը կազմակերպել էր «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը»։

Պարոն Ստեփանյան, մենք սիրում ենք հիշել, թե Թբիլիսիի հայերը ինչ ներդրում, ինչ դերակատարում և ազդեցություն են ունեցել Վրաստանում: Բայց վրացիներն այս մասին հիշել ու հիշատակել առանձնակի ցանկություն չունեն հիմա Ադրբեջանն ու Թուրքիան են Վրաստանի համար կարևոր դերակատար ու գործընկեր։ Այսօր ի՞նչ դեր ունի հայ համայնքը։

–Թվերը իրականության լավագույն վկաներն են։ Հետխորհրդային երեսուն տարիների ընթացքում մոտ 500 հազարանոց համայնքն այսօր 200 հազարից էլ քիչ է։ Դրական է, որ համայնքը պահպանում է լեզուն ու մշակույթը, դրական է, որ հատկապես երիտասարդները ակտիվ են, սակայն բավարար չէ որոշակի դերակատարում ունենալու համար։ Վերջին տարիներին համայնքը պառակտված էր, հիմա կարծես իրավիճակը որոշակիորեն կարգավորվում է, սակայն համայնքն, ասես, կիսաքնած վիճակում լինի։ Երբ Հայաստանում իրավիճակը լարվում է, կարծես արթնանում են։ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ համայնքն ակտիվացել էր։ Ես անձնապես գիտեմ մարդկանց, ովքեր մեկնեցին պատերազմ։ Համայնքը ֆինանսական օգնություն ուղարկեց, նաև շտապ օգնության մեքենաներ։ Ինչ խոսք, հետևում են հայկական մեդիառեսուրսներով, թե ինչ է կատարվում Հայաստանում, անհանգստանում են, հուզվում։

Ի՞նչ տրամադրություններ կան այսօր համայնքում, ի՞նչ կարծիքներ են հնչում, թե որ կողմ պետք է նայի Հայաստանը՝ դեպի Արևմո՞ւտք, թե Ռուսաստան։

–Ասեմ, որ ռուսական քարոզչամեքենան այստեղ դեռևս մեծ դեր է խաղում։ Չնայած նրան, որ պաշտոնապես երկրում չկան ռուսական ալիքներ, մեծամասնությունը բաժանորդագրված է տարբեր հեռուստափաթեթների և ռուսական քարոզչական ալիքների «թմրանյութը» իր գործն անում է։

Իհարկե քիչ չեն նաև սթափ դատողները, որոնք գնահատում են իրավիճակն ու կողմ են, որ օր առաջ նման դաշնակցից «պոկվենք»։ Դաշնակից, որը տասնամյակներ գործարաններ էր կառուցում ու «պահում» քեզ, հետո մեկ օրում վաճառեց։ Եվ սա ոչ միայն Հայաստանին է վերաբերում։ Ռուսաստանը իմպերիա է, որ առևտուր է անում ժողովուրդների հաշվին։ Բարձրացնում է գինն ու լավ գնով վաճառում։ Սա, ի դեպ իմպերիաների փիլիսոփայությունն է։

Ինչով եք բացատրում փաստը, որ վրացական մեդիան առանձնապես չէր լուսաբանում 44-օրյա պատերազմը, մինչդեռ ռուս–ուկրաինական պատերազմը գերակա թեմա է։

–Այո, առանձնակի չէր լուսաբանվում, լուսաբանելուց էլ աշխատում էին ավելի «նուրբ» այս խնդրին մոտենալ, հասկանալի պատճառներով։ Նախ՝ Վրաստանում թե հայկական, թե ադրբեջանական համայնքները մեծ են և «բալանսը» պետք է պահել՝ կոնֆլիկտներից խուսափելու համար։ Այսինքն, չի լուսաբանվում, չկա տեղեկատվություն, չկա խնդիր։ Ինչ վերաբերում է ռուս–ուկրաինական պատերազմի լայն լուսաբանմանը, սա ևս հասկանալի է։ Այսօր առանձնակի զգայական կապերով են կապված այս երկու երկրները՝ Վրաստանն ու Ուկրաինան, քանի որ ունեն ընդհանուր քաղաքական հետաքրքրություն և ընդհանուր թշնամի։

Հայերի հետ այսօր, ցավոք, չկա նման զգայական վերաբերմունք։ Խորհրդային երկրի փլուզումից հետո զգայական կապերը ևս «փլուզվեցին»։ Երկար տարիներ վրացիները չէին ներում ու հիշեցնում էին վրաց–աբխազական պատերազմի ժամանակ «Բաղրամյան» գումարտակի դերակատարումը։ Կա նաև հայկական եկեղեցիների խնդիրը, Ջավախքի խնդիրը։ Այս ամենը չէր կարող իր բացասական հետքը չթողնել։

Թերևս ամենակարևոր հանգամանքն այն էր, որ Հայաստանի ղեկավարները, կարելի է ասել, բացարձակ որևէ քայլ չէին ձեռնարկում բարիդրացիական հարաբերությունները ավելի սերտացնելու համար։ Սա մեծագույն սխալ էր։

Ադրբեջանը հետաքրքիր է, քանի որ լուրջ ռեսուրսներ է ներդնում: Մինչդեռ Հայաստանի դեպքում նման ներդրումներ չկան։ Այսինքն, չկան տնտեսական հետաքրքրություններ: Յուրաքանչյուր ղեկավար համարում է, որ եթե ունի վրաց գործընկերոջ հեռախոսահամարը, որի միջոցով էլ ինչ-որ խնդիր կարող է լուծել, բավարար է։

Պետական մտածողություն է պետք, հեռանկարային ծրագրեր են պետք, ասենք հիսուն տարվա կտրվածքով։

Առանց հեռանկարային ծրագրերի ու տնտեսական ներդրումների Հայաստանը Վրաստանի համար ընդամենը դաշնակից հարևան է։ Հարևան, որը սփյուռքի ներուժ ունի, որը, սակայն, չի օգտագործվում:

Զրուցեց Ռուզաննա ՄԿՐՏՉՅԱՆԸ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31