«Դրա վերաբերյալ որեւէ կոնկրետ հայտարարություն այսօր չունեմ ներկայացնելու։ Բայց կարծում եմ, որ տիկին Փելոսին շատ հստակ անդրադարձ է արել։ Ակնհայտ է, որ բալանսը տարածաշրջանում փոխվում է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ կապված իրադարձությունները։ Միգուցե որոշ ուժեր այլեւս այդքան արմատական չեն, ինչպես եղել են։ Վստահաբար, կլինեն փոփոխություններ»,-ՀՀ ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ ՀՀ-ին ռազմական աջակցություն տրամադրելու հարցին ի պատասխան տրված մեկնաբանությանը․ նա ասել էր, որ եկել են՝ հայկական կողմի ակնկալիքները լսելու։
«Այս պահին քննարկումներ են ընթանում մեր ընկերների միջեւ եւ նրանց հետ միասին՝ մասնավորապես այն մասով, թե ինչ հնարավորություններ կզարգանան, այդ թվում՝ անվտանգային տիրույթում։ Այս պահին միայն կարող եմ ասել, որ այդ քննարկումները բավականին ինտենսիվ են»,-հավելեց Դեյվիդ Փրայսը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ