Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թե ինչ կարող է անել մեկ մարդը, երբեմն շատերս ամբողջովին չենք գիտակցում». «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի 30 ամյակն է…

Հոկտեմբեր 18,2022 17:28

Մեր քաղաքը մշակութային կյանքով «եռում» է… Եվ երբ իմ սիրտը սովորական իր տարածքից դուրս է գալիս ու սկսում է արվեստից ստացած գերագույն հաճույքից ուրի՛շ ռիթմով զարկել, ես անպայման գրում եմ այդ մասին, որովհետև ես այդպիսի զգացումներ հաճախ չէ, որ ունենում եմ …

Այսօր, հոկտեմբերի 17-ի երեկոյան, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում երգի-երաժշտության փառահե՛ղ տոն էր՝ Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի հիմնադրման 30 ամյակին նվիրված համերգ, թեպետ համերգ բառը այս դեպքում լիարժեք չի՛ բնութագրում երեկոյի սքանչելի բովանդակությունը։



Թե ինչ կարող է անել մեկ մարդը, երբեմն շատերս ամբողջովին չենք գիտակցում… Թե ինչպիսի՛ն կարող է մեկ մարդը ԼԻՆԵԼ, որպեսզի քեզ ու շատերին հաղորդի այսպիսի զարմանալի մի զգացում՝ այդ մեկ մարդը կա, ուրեմն կա նաև քաղաքդ, ժողովուրդդ, երկի՛րդ… Շատերը սա կհամարեն չափազանցությո՞ւն… Գուցե… Բայց ես էլ ի՛մ համոզմունքներն ունեմ և վստա՛հ եմ, որ երկրի և ժողովրդի ԷՈՒԹՅՈՒՆԸ ստեղծում են հենց այդպիսի ՄԱՐԴԻԿ, որոնցից յուրաքանչյուրն իր մեծությամբ երկրի ԻՐԱԿԱ՜Ն դեմքն են ձևավորում և առանց նրանց, այդ ԴԵՄՔԸ հաճախ թերի է դառնում։

ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆ… Մեկ մարդ ֆենոմեն… Մեկ մարդ՝ գերհզոր ներաշխարհով, շատերի համար անհասկանալի՛ չափերի հասնող սիրով ու նվիրումով լեցուն, որը իր աշխարհով, հաճախ ավելի տարողունակ ու հզոր է, քան այն արտաքին աշխարհը որտեղ ապրում ենք…

Տիգրան Հեքեքյան… Մաեստրո-Ուսուցիչ, որի ձեռքերը՝ բաբախող սրտեր են, և որի գոյությունը՝ սիրով մշակված բերքառատ հող է, որի վրա հաստատակամ ու պայծառ՝ կանգնել են, կանգնած են և տա՛ Աստված, որ դեռ երկա՛ր տարիներ կանգուն կմնան հայկական և համաշխարհային երգարվեստով վեհացած սերունդներ։

Սիրելի՛ մաեստրո, առո՛ղջ ապրեք, երկա՛ր ապրեք և խնդրում եմ՝ շարունակե՛ք լուսավորել հայ երեխաների հոգիները, որոնցից յուրաքանչյուրը իր ներկայությամբ՝ մի մե՛ծ ու գունեղ ծաղկեփունջ է Ձեր անկրկնելի՛ աշխատանքի ու նվիրումի համար Ձե՛զ տրված, որպես անսահմա՛ն շնորհակալություն։

Շնորհավո՛ր Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի 30 ամյակը ։

Խոնարհումս Ձեզ և այն բարձր արվեստին, որն ինձ ու շատ-շատերիս ավելի՛ ոգեղենացած ապրելու՝ ամենալսելի կոչն է։

Նուշիկ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31