Լրահոս
Օրվա լրահոսը

Ես քննության ընթացքում կապացուցեմ, որ ոչ միայն մեղավոր չեմ, այլեւ որեւէ առնչություն չունեմ այն ամենի հետ, ինչ ինձ վերագրվում է. փաստաբան

Հոկտեմբեր 18,2022 17:24

«Լուրեր են պտտվում, թե իբրեւ ինձ առաջադրվել է մեղադրանք ինչ-որ կաշառքի հետ կապված, ասեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, որեւէ կաշառքի մեղադրանքի մասին խոսք չի գնում ու չի էլ կարող գնալ: Ինձ բոլոր ճանաչող մարդիկ շատ լավ գիտեն, որ ես որեւէ կոռուպցիոն հանցագործության մեջ չեմ կարող ներգրավված լինել՝ հաշվի առնելով կոնկրետ իմ անձը: Մեղադրանքը լրիվ այլ հանգամանքների մասին է: Ես հասկանում եմ, որ որոշակի մարդկանց շրջանակ միգուցե սպասում էր կամ չգիտեմ ենթադրում էր կամ ցանկանում էր, որ Էրիկ Ալեքսանյանը նման գործողությունների ներգրավվածություն ունենա, բայց՝ ապարդյուն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ձերբակալման 24 ժամյա ռեժիմից հետո ազատ արձակված փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն ձերբակալել էր Էրիկ Ալեքսանյանին:

Ըստ նրա՝ իրեն առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրան, որ ինքը օժանդակել է, որ պաշտոնատար անձը, տվյալ դեպքում՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, չարաշահի իր լիազորությունները. «Օժանդակությունը կապում են իմ մասնագիտական գործունեությունը ծավալելու հետ: Չեմ ընդունում մեղադրանքը, այն հորինված է, այնտեղ, չեմ ասում, փաստերի, այլ արտացոլված մերկապարանոց հայտարարությունների հետ առնչություն չեմ ունեցել»:

Փաստաբանի խոսքով, տարբեր հնչեղ քրեական գործերի շրջանակում ինքը՝ օբյեկտիվ հիմքեր ունենալով, հանդես է եկել սուր քննադատությամբ. «Եթե հայտնվել եմ այս աթոռում, եթե որեւէ մեկը մտածում է, որ հետագայում նման օբյեկտիվ հիմք ունենալու պարագայում այս հանգամանքն ինձ կկաշկանդի, հետայսու քննադատություններ անելու, ապա չարաչար սխալվում են: Սա ոչ այլ ինչ է, քան իմ մասնագիտական գործունեությանը միջամտելու, ինձ լռեցնելու փորձ է: Եթե իրենց միջոցը ինձ մեղադրանք առաջադրելն է, ինձ կալանավորելն է, ապա իրենք սխալվել են: Ես ոչ կալանավորվելուց եմ վախենում, բացարձակապես: Ես քննության ընթացքում կապացուցեմ, որ ոչ միայն մեղավոր չեմ, այլեւ որեւէ առնչություն չունեմ այն ամենի հետ, ինչ ինձ վերագրվում է»:

Թե ինչ փաստեր են դրված մեղադրանքի հիմքում, փաստաբանն ասաց՝ փաստերի առումով չի կարող որեւէ բան ներկայացնել, քանի որ կաշկանդված է նախաքննության գաղտնիությամբ: Իսկ թե ինչ հանգամանք է դրվել մեղադրանքի հիմքում, պարոն Ալեքսանյանն ասաց, որ մեղադրանքի բուն էությունն այն է, որ ինքը մի քրեական վարույթի շրջանակում ներկայացրել է միջնորդություններ այլ խափանման միջոցի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին, դրանով իսկ օժանդակել է ապօրինի գործողություն կատարելուն, այսինքն՝ ակնհայտ ապօրինի դատական ակտ կատարելուն: Փաստաբանը դատավորին առաջադրված մեղադրանքն էլ ծայրից ծայր ապօրինի որակեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31