Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է, որ Նիկոլը տվել է բանավոր խոստումներ եւ դրանք հազարապատիկ ավելի վատն են, քան գրավոր փաստաթղթերը». Էդուարդ Շարմազանով

Հոկտեմբեր 18,2022 16:46

«Նիկոլ Փաշինյանը եւ իր ռեժիմն ամեն ինչ անում են, որ երկրորդ լեգիտիմ իրավունքը տան մեր թշնամուն՝ նոր պատերազմական ագրեսիա սկսելու արդեն Հայաստանի դեմ: Ու դա, ես չեմ բացառում, որ պայմանավորված է, ինչպես 44-օրյա պատերազմը»,- «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում այսօր հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով արցախյան հարցի լուծման արեւմտյան եւ ռուսական տարբերակներին, ինչի մասին հրապարակումներ եղան մամուլում եւ ինչը պաշտոնական Երեւանի կողմից չի էլ հերքվել, բանախոսն ասաց, որ առաջարկվող երկու տարբերակներն էլ վատն են ու մենք հիմա պետք է ընտրություն կատարենք վատի եւ վատթարագույնի միջեւ. «Արեւմտյան նախագծով Արցախի թեման փակվում է, Արցախը փաթեթով տրվում է Ադրբեջանին. պրծավ էդ մեր երեսնամյա երազանքը, զոհերը, Շուշին, Հադրութը: Ռուսականով՝ ԼՂՀ կարգավիճակի հարցը թողնում է ապագային. էնտեղ էլի հույս կա: Նիկոլը համ էնտեղ է խոսք տվել, համ՝ էնտեղ ու շատ լավ հասկանում է՝ քցի ռուսին՝ կպատժի ռուսը, քցի Արեւմուտքին՝ կպատժի ՆԱՏՕ-ն, հիմա ի՞նչ անի՝ շատ բարդ է լինելու: Ինքը նման է այն կնոջը, որ նույն ժամին, նույն զագսում, երկու տարբեր տղամարդու հետ պայմանավորվել է: Որպեսզի ինքն այդ պատժից խուսափի, շատ հնարավոր է, որ պայմանավորված պատերազմով այդ միջանցքն էլ տա, Սյունիքի մի մասն էլ տա: Այդտեղ մեր հույսը մնում է Իրանը, որը մեկ անգամ չի, որ ամենաբարձր մակարդակով հայտարարել է՝ թույլ չի տալու սահմանների փոփոխություն եւ ՌԴ-ն, բայց ՌԴ-ի ձեռքերն ու ոտքերը Ուկրաինայում կապված են»:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց 2016 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ապրիլյան պատերազմից ամիսներ հետո, Բաքվում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանն ունի հզոր հովանավորներ եւ անսահման քանակությամբ զենք», հիշեցրեց նաեւ Ալիեւի այն հայտարարությունը, որ փակ դռների ետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ 44-օրյա պատերազմից հետո արդեն Ալիեւը հայտարարում էր, որ Հայաստանից 4-5 միլիարդ դոլարի զենք է վերցրել ու տարակուսեց ՀՀ գործող իշխանությունների այն հայտարարություններից, որ «նախկինները բանակը թալանել են», իսկ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր հայտարարում է, որ զենք չունենք, գումարը տվել են՝ զենք չեն տալիս:

«Ակնհայտ է, որ Նիկոլը տվել է բանավոր խոստումներ եւ նրա տված բանավոր խոստումները հազարապատիկ ավելի վատն են, քան գրավոր փաստաթղթերը»,-վերլուծելով 44-օրյա պատերազմի արդյունքում ստորագրված եռակողմ հայտարարությունն ու հետո տեղի ունեցածը՝ հանձնված հայկական տարածքները, ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31