Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը Բաքվին Մեղրիով միջանցքի բանավոր կամ այլ խոստում չի տվել. Թաթուլ Հակոբյան. «Ալիք մեդիա»

Հոկտեմբեր 18,2022 16:38

«Ալիք մեդիա». Վերջին շաբաթների ընթացքում տողերիս հեղինակը այլ փորձագետների մասնակցությամբ Հայաստանի վարչապետի հետ փակ, չհրապարակման ենթակա երեք քննարկումների է մասնակցել: Այսօր ես ստիպված եմ ժամեր տեւած այդ քննարկումներից մեկ դրվագ հրապարակայնացնել, քանի որ դրա շուրջ կա շահարկում, մանիպուլյացիա, բայց ամենագլխավորն ու ողբերգականը՝ մեր երեխաները շարունակում են զոհվել Ադրբեջանի ներխուժումների, ԱԹՍ-ների եւ ծանր հրետանու հարվածներից:

Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ուղիղ հարց եմ տվել՝ Ադրբեջանին միջանցք տրամադրելու բանավոր խոստում տրվե՞լ է նոյեմբերի 9-ի գիշերը: Վարչապետը պատասխանեց, որ Ադրբեջանը պահանջել է Մեղրու միջանցք, բայց Հայաստանը մերժել է դա:

Որտեղի՞ց է Վարդան Օսկանյանի «հիմնավոր ենթադրությունը», թե Փաշինյանը Ադրբեջանին միջանցք տրամադրելու բանավոր խոստում է տվել «կապված ձեռքերով» Պուտինի ներկայությամբ: Անկասկած, նախկին արտգործնախարարն ունի վստահելի կապեր դիվանագիտական շրջանակներում: Եվ եթե իրականությանը մոտ են Օսկանյանի պնդումները, ապա դա կարող է նշանակել.

ա) Փաշինյանը նոյեմբերի 9-ի մղձավանջային գիշերը բանավոր խոստում է տվել, բայց հետո փորձում է հրաժարվել՝ գիտակցելով, թե ինչ նոր աղետ կարող է բերել միջանցքը Հայաստանի համար,

բ) Փաշինյանը Հայաստանը հասցնում է մի վիճակի, երբ ժողովրդի մեծամասնությունը կհամակերպվի միջանցքի հետ եւ արդեն միջանցք տրամադրելը կհամարի չարյաց փոքրագույնը:

Վարչապետի հետ երեք փակ հանդիպումների ընթացքում, եւ դա կհաստատեն բոլոր ներկաները, ե՛ւ Փաշինյանն անձամբ, ե՛ւ նրա թիմի անդամները աներկբա, միանշանակ ասել են, որ որեւէ դեպքում միջանցք չի լինի, եթե անգամ Ադրբեջանը դիմի նորանոր հարձակումների ու պատերազմական գործողությունների: Միջանցք չի լինի որեւէ պայմանով, եւ դա Հայաստանի համար կարմիր գիծ է: Ակնհայտ է, որ սեպտեմբերի 13-14-ի հարձակումը եւս միջանցք ստանալու նպատակ էր հետապնդում, ինչը, սակայն, ձախողվեց Հայաստանի սահմանին կանգնած ավելի քան 200 հայ զինվորների կյանքի գնով:

Եվ վերջինը՝ Երեւանը Բաքվին Մեղրիով միջանցքի գրավոր խոստում տվել է 2001 թվականին: Բայց դա արդեն անցյալ է, որին կանդրադառնանք մեր հաջորդ սյունակներից մեկում՝ ներկայացնելով խորհրդապահական մի քանի փաստաթղթեր:

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31