ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դատապարտում է քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումը՝ համարելով, որ դա հարձակում է Հայաստանի պետականության, ինքնիշխանության, ազատ խոսքի վրա: Բայց, ՀՀ գործող իշխանությունից չի էլ պահանջում բացահայտել հարձակում կատարողներին ու պատժել նրանց: «Սրանցից ի՞նչ պահանջես, սրանք այնքան բան են պարտակել՝ Շուշիի, Հադրութի հանձնումից սկսած, վերջացրած հազարավոր մարդկային զոհերով, որ պահանջելու բան չկա: Իշխանությունից պահանջում ես, եթե այդ իշխանության հետ հույս ես կապում: Սա իշխանություն չի, սա ռեժիմ է»,- «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ սա հարձակում է ոչ թե Էդգար Ղազարյանի վրա, այլ բոլոր ընդդիմադիրների, մամուլի, քաղաքական, հասարակական, մտավորական գործիչների վրա, ովքեր «քննադատում են կապիտուլյանտներին՝ հայրենիքի հանձնման համար»:
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների իր գործընկերներին էլ Էդուարդ Շարմազանովը հորդորեց՝ պահանջել ժողովրդավարության ջատագով դեսպաններին, ԱՄՆ կոնգրեսականներին, միջազգային կազմակերպություններին՝ գնահատական տալ «Նիկոլի ժողովրդավար» Հայաստանում տեղի ունեցող նման հակաժողովրդավարական դեպքերին:
«ԵՄ դեսպանը թող խոսի, տիկին դեսպան, որ ձեռքերդ փռել ես Նիկոլի վրա, դե խոսիր: Լեհաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի, բոլոր դեսպանները, բոլոր միջազգային կառույցները…սուտի ժողովրդավարները, որ Հայաստանը հռչակել են ժողովրդավարության բաստեոն՝ ԵՄ դեսպանից մինչեւ ԱՄՆ դեսպանատուն եւ, առհասարակ, բոլոր արեւմտյան կառույցները, թող գնահատական տան»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ զգուշացնելով, որ ոչ ոք ապահովագրված չէ եւ բոլոր այն մարդիկ, ովքեր հարց են տալիս՝ «ինչո՞ւ ես իմ հայրենիքը վաճառել, հիմա էլ 150 հազար դոլարով հայրենիք են վաճառում», կարող են թիրախավորվել:
Քննադատելով եվրոպական երկրների քաղաքականությունը, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ ևս գնահատականներ չհնչեցրեցին եւ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի՝ օրերս արած հայտարարությանը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Արեւմուտքի համար խնդիրը կայանում է նրանում, որ 44-օրյա պատերազմից հետո, ռուսական խաղաղապահներ են մտել, իսկ այն, որ տասնյակ հազարավոր մարդիկ վիրավորվել են, հազարավոր մարդիկ զոհվել են, մարդիկ անտուն են մնացել, դարձել են փախստական, մեր պատմական հուշարձանները մնացել են թուրքի ձեռքին, հարյուրից ավելի բնակավայրեր մնացել են թուրքի ձեռքը՝ դա հեչ: Սա է խոսում արեւմուտքի ցինիզմի մասին»,- ասաց նա՝ իբրեւ պատմաբան, քանիցս արդեն կրկնելով, որ արեւմուտքի նավերը հայկական բարձրավանդակ, հայկական լեռներ չեն բարձրանում: Նա հարյուր տարի առաջ եղած պատմական իրողությունները բերեց իբրեւ օրինակ՝ հավաստելով, որ նույն բանն էլ հիմա է կատարվում եւ որ Արեւմուտքն իր նավթագազային շահերը չի զիջելու՝ հանուն հայկական շահերի, հանուն հայ ժողովրդի:
Կարդացեք նաև
«ՆԱՏՕ-ն այսօր անհանգստացած է Հայաստանում ռուսական եւ իրանական ազդեցությունից բացառապես»,- հավատացնում է բանախոսը՝ նկատելով, որ ուկրաինական իրադարձությունները ցույց տվեցին, որ Պեկին-Թեհրան-Մոսկվա եռանկյունին աշխատելու է եւ եթե Հայաստանում ՌԴ-ն եւ Իրանն ազդեցություն չունենան, այդ վակուումը լրացնելու են ոչ թե Ֆրանսիան կամ Անգլիան, այլ այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ էրդողանական Թուրքիան, որի գերխնդիրը հայկական գործոնի ոչնչացումն է, քանի որ սուլթան Համիդից հետո, այդ երկրի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել:
Կրկին անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմում արեւմտյան երկրների եւ ՌԴ-ի դիրքորոշումներին էլ, ԱԺ նախկին փոխխոսնակը հայտարարեց, որ ներկայիս իրողությունների ֆոնին Հայաստանում հակառուսական քարոզը հավասարազոր է պետականության քանդման: Ավելին, Էդուար Շարմազանովը հավելյալ անգամ արձանագրում է, որ Արցախում հայերի անվտանգության երաշխավորն այսօր ՌԴ-ն է այն պարագայում, երբ Հայաստանում իշխող ուժը «ձեռքերը լվացել» են Արցախից:
«Մենք մեր պետության, կեցության եւ անվտանգային շահից ելնելով՝ դատապարտված ենք ՌԴ-ի հետ լինելու նույն համակարգում»,- հայտարարեց բանախոսը՝ մանրամասնելով, որ եթե ՌԴ-ն Հայաստանին 165 դոլարով գազ չվաճառի, դրա այլընտրանքը, ինչպես Եվրոպայում, մեկ խորանարդ մետրի դիմաց 2-3 հազար եվրո վճարն է, որ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների արդյունքում է, որ ՀԱԷԿ-ն աշխատում է եւ Հայաստանին անհրաժեշտ քանակի հոսանք արտադրում. «ՌԴ-ն որ չեղավ, այսօր վառում եք 10 հազար դրամի, հետո վառելու եք 300 հազարի»:
Անվտանգային համակարգի մասով էլ մանրամասնեց, որ նախկին նախագահների իշխանության տարիներին ՌԴ-ն Հայաստանին զենք եւ զինամթերք է տվել, հաճախ նաեւ առանց գումարի. «Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է՝ ՌԴ-ն 50 հազար տոննա ձրի զենք է տվել Հայաստանին, էդ Արեւմուտքը մի հատ փամփուշտ էլ չի տվել: Տվել է նաեւ Իսկանդեր: Բելառուսի նման երկիրը, որ ՌԴ-ի դաշնակիցն է, միացյալ պետություն ունեն, չուներ Իսկանդեր: Բացի ՌԴ-ից, միայն Հայաստանն ուներ ու 102-րդ ռազմաբազան չլիներ՝ թուրքերը շվշվացնելով Երեւանում էին լինելու: Էլ չեմ ասում, որ 3-4 միլիոն հայ կա ՌԴ-ում ապրող, որոնցից յուրաքանչյուրը 2-3 ընտանիք է այստեղ պահում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ