Երեւան քաղաքում նախատեսվում է ձեւավորել երկու նոր՝ Երեւան քաղաքի քրեական եւ քաղաքացիական դատարաններ: «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ նման նախաձեռնությունը պայմանավորված է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռնվածությամբ։ «Դատարանների ծանրաբեռնվածության մասին խոսելն արդեն իսկ սովորական բան է դարձել, դա բոլորը գիտեն։ Այդ մասին է վկայում ոչ միայն տարեցտարի աճող դատական գործերի թիվը, այլեւ այն, որ դատարաններում անձանց դատական իրավունքի պաշտպանությունը սովորաբար չի իրականացվում այն ժամկետներում, որոնք քաղաքացիները կարող են ակնկալել»,-նշեց Դադունցը։
Նրա խոսքով․ «Լինում է ողջամիտ ժամկետների պահպանման խնդիր՝ տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Այդպիսի օբյեկտիվ պատճառներից մեկը հենց դատարանների ծանրաբեռնվածությունն է, եւ թվերը եւս դրա մասին են խոսում»։ Նա թվեր ներկայացրեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից․ 2019 թ․ գրանցված է եղել շուրջ 34000 գործ, 2020թ՝ 44000, նույնքան էլ՝ 2020-ին։
Տիգրան Դադունցը փաստեց, որ մայրաքաղաքում ծանրաբեռնվածությունը 4-10 անգամ ավելի է՝ մարզերի ընդհանուր իրավասության դատարանների համեմատությամբ։ Օրինակ, 2021 թ․ Երևանում ստացվել է 44500 գործ, Արմավիրում՝ 11000, Արարատում, Վայոց Ձորում՝ 15000, Սյունիքում՝ 4 600։ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի ձեւակերպմամբ, Երեւանի եւ մարզերի դատարանների ծանրաբեռնվածությունը շեշտակի տարբերվում է։
Նա հայտնեց, որ Երևան քաղաքի քաղաքացիական գործերով դատարանը կգործի առնվազն 35 դատավորի թվակազմով, իսկ քրեականը՝ 30։ Նախագիծը հանրային քննարկման փուլ անցնելուց, լրամշակվելուց հետո կներկայացվի կառավարություն, ապա խորհրդարան։ Տիգրան Դադունցը հույս հայտնեց, որ երկու դատարաններ ունենալու պարագայում ցնցումներ չեն լինի։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ