Իր տան մոտ դաժան ծեծի ենթարկված քաղաքական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը Էրեբունի ԲԿ-ում մանրամասն բուժզննում անցնելուց հետո գնացել է տուն:
Դուրս գրվելուց հետո հիվանդանոցի բակում սպասող լրատվամիջոցների հետ ճեպազրույցում Էդգար Ղազարյանն ասել է. «Առողջությանս մասին բժիշկներն ասում են` նորմալ է, այս պահին կյանքիս սպառնացող վտանգ չկա: Գլխիս շրջանում վնասվածք կա` կարել են: Հարվածների, սալջարդի տեղեր կան: Բայց վիճակն այնպիսին չէ, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն կա, չնայած բժիշկներն առաջարկեցին մեկ-երկու օր հիվանդանոցում մնալ: Կարծում եմ, տանն ավելի հարմարավետ է, բայց եթե լրացուցիչ անհրաժեշտություն լինի, կդիմեմ բժիշկների օգնությանը:
Դեպքը տեղի է ունեցել մեր շենքի բակում: Հանցագործները դարանակալել ու ինձ սպասում էին: Առավոտյան գնացել էի մոտակա վարսավիրանոց: Վերադառնում էի տուն: Այնտեղ նրանք ինձ սպասում էին, ակնհայտ հետեւել էին իմ շարժին, գործողություններին: Նույնիսկ նրանց որպես շենքի բնակիչ կամ այցելու, բարեւեցի, անցա: Ու այդ երկուսով միանգամից հարձակվեցին եւ առանց շատ երկար խոսելու, միայն հայհոյանքներով սկսեցին տարբեր տեղերից հարվածել: Ես նույնիսկ չհասցրեցի դիմադրություն ցույց տալ: Գցեցին գետնին ու շարունակեցին հարվածել հիմնականում գլխիս շրջանում: Ու շատ ուժեղ էին հարվածում: Մտածում եմ, որ իրենց մտադրությունը կարող էր ակնհայտ սպանությունը լինել: Երբ անշարժացա, միայն այդ ժամանակ նրանք գնացին»:
Մի անծանոթ վարորդ է ճանաչել Էդգար Ղազարյանին եւ տեղափոխել Շենգավիթ ԲԿ, որտեղից էլ շտապ օգնության մեքենայով բերել են Էրեբունի ԲԿ:
Կարդացեք նաև
«Այդ մարդիկ որեւէ պահանջ չեն ներկայացրել, չեն ասել, թե ինչի համար են դա անում: Ես ինքս անձամբ ոչ միայն վերջին շրջանում, այլ ընդհանրապես անգամ կենցաղային վեճ-վիճաբանություն որեւէ մարդու հետ չեմ ունեցել:
Ակնհայտ է, որ սա բացառապես իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված բան է: Վերջին շրջանում ես ստացել եմ սպառնալիքներ` հիմնականում ֆեյք պրոֆիլներից, որոնց առանձնապես ուշադրություն չեմ դարձրել: Մինչեւ դա, անցած տարի ունեցել եմ վիրավորանք-սպառնալիքներ: Երբ դեռ քրօր-ով հոդվածը կար, երբ տեսել եմ, որ պրոֆիլը կեղծ չի, օգտատերը տեսանելի է, դիմել եմ ոստիկանություն եւ քրեական գործեր են հարուցվել: Սակայն 137.1-ով կարճվել են:
Վստահ եմ, որ սա քաղաքական պահանջներով է եւ ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ՝ իշխանության պատվեր է:
Շենգավիթ ԲԿ-ում ես խնդրեցի, որ տեղյակ պահեն ոստիկանությանը, չնայած իրենք էլ էին դա անելու»,-ասաց Էդգար Ղազարյանը եւ հավելեց, որ նախնական ցուցմունք արդեն տվել է եւ սպասում է, որ դեպքի վայրում էլ քննչական գործողություններ իրականացվեն: Նրա տեղեկություններով՝ արդեն վարույթ է սկսվել:
Քաղաքական գործիչը նշեց, որ հարձակվողները եղել են երկու հոգի, մեկը մոտ 30 տարեկան` մորուքով: Նա նաեւ հույս ունի, որ տարածքում տեղադրված տեսանկարահանող խցիկներից ոստիկանությունը կօգտվի հանցագործների ով լինելը բացահայտելու համար:
Նաեւ ասաց, որ քաղաքապետարանի աղբահանության աշխատակիցները, որոնք այդ պահին իրենց աշխատանքն էին կատարում, տեղի ունեցած ականատեսն են եղել:
Էդգար Ղազարյանը հավաստիացրեց, որ այս դեպքից հետո իր քաղաքական գործունեությունը ավելի է ակտիվացնելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ծեծի պատվիրատուները անբարոյականի տղերք են, իսկ ծեծողները – աղբանոցից ծնվածներ։