Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ անիմաստ ծաղկադրման արարողությունը վաղուց սպառել է իրեն, ավելի գործուն քայլեր եմ ակնկալում հատկապես հիմա՛, երբ մեր պետականության գլխին նորից ամպեր են կուտակվում. Անահիտ Բախշյանի բաց նամակը Աննա Վարդապետյանին

Հոկտեմբեր 18,2022 15:07

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ

Մոտենում է 1999թ․ հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության 23-րդ տարելիցը։ Ինձ շատ հետաքրքիր է ՀՀ իշխանություններն ինչպե՞ս են անդրադառնալու մեր պետականության, մեր ինքնիշխանության դեմ կատարված այդ սահմռկեցուցիչ ակտին, ի՞նչ են ասելու 2019թ.-ի դեկտեմբերի 18-ին նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ինձ հասցեագրված նամակում մեջբերված հետևյալ տողերի մասին․ «Հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության»: Համոզված եմ, որ ՀՀ գլխավոր  նախկին դատախազի սույն որոշումը համաձայնեցված էր ՀՀ վարչապետի հետ։ Այսինքն, ըստ այս տողերի նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալու որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու ամեն ինչ կանի՝ բացահայտելու մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։

Հիշեցնեմ, որ, չնայած նախկին դատախազն իր նամակում գրել էր ոչ թե Վազգեն Սարգսյանի կամ Կարեն Դեմիրճյանի և մյուս 6 անձանց դեմ կատարված ահաբեկչության, այլ «ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության», այդպես էլ ՀՀ պետությունն իշխանությունների կողմից չճանաչվեց որպես տուժող կողմ, որի մասին 2020թ․ հունվարին դիմել էի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ստացել էի նամակ, որում հիմնավորվել է, թե ինչու ՀՀ պետությունը չի կարող տուժող համարվել։ Ստացվում է, որ այդ սարսափելի պետական մասշտաբի ահաբեկչությունը միայն զոհվածների ընտանիքներին է վերաբերում, որովհետև դատարանը մեզ է միայն տուժող ճանաչել։

Հիմա ունենք ՀՀ նոր դատախազ, արդյո՞ք ինքն ասելիք է ունենալու այս տարվա հոկտեմբերի 27-ին, տեսնենք։

Ամեն տարի հոկտեմբերի 27-ին դատարանի կողմից «տուժողներ» ճանաչվածներիս հրավիրում են ԱԺ այգում տեղադրված Երվանդ Քոչարի հզոր քանդակի մոտ ծաղիկներ դնելու արարողությանը, որին վերջին անգամ մասնակցել եմ ոճրագործության 20-րդ տարելիցին։ Այդ անիմաստ ծաղկադրման արարողությունը վաղուց սպառել է իրեն, այլևս չեմ մասնակցելու ու ավելի գործուն քայլեր եմ ակնկալում հատկապես հիմա՛, երբ մեր պետականության գլխին նորից ամպեր են կուտակվում և այդ շատ վտանգավոր ամպերում մեր թշնամիների կողմից նորից Մեղրին է, «Զանգեզուրի միջանցք» անվանումով։

Կարծում եմ ժամանակն է, որ 1999թ․ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից քննության տանելու մասին ՀՀ դատախազության 2019թ․ դեկտեմբերին կայացրած որոշումը նոր դատախազը լինի վճռական, վերջապես սկսի ու նոր թափ և բովանդակություն հաղորդի այդ կարևոր  գործին։

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

ՀՀ քաղաքացի

18102022թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31