Մինչև տարեվերջ Երևանում կլինեն լրացուցիչ 8,5 մետրանոց ավտոբուսներ՝ 165 միավորի չափով և 30 տրոլեյբուսներ. ի պատասխան Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցի՝ ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։
Հոկտեմբերի 18-ին Երևանի ավագանու նիստում ակտիվորեն հարցեր տվող և պարզաբանումներ պահանջող Տիգրան Ավինյանը շեշտեց, որ շրջայցերի ժամանակ ամենից շատ քաղաքացիները բարձրաձայնում են տրանսպորտի խնդիրները: Նա հորդորեց «հնարավորին բաց և թափանցիկ լինել այդ հարցում և չասենք մի բան, որ չենք անելու»: Նա վարչության պետի ժ/պ-ին խնդրեց ներկայացնել տրանսպորտային ցանցի հանգուցալուծումն ու ժամանակացույցը:
«Մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը քաղաքում կգործի 87 տասներկումետրանոց ավտոբուս։ Այս ավտոբուսները 90 տոկոսով կհամալրեն տրանսպորտային ցանցը»,-ասաց նա։
Սարգսյանը նաև անդրադարձավ ավտոբուսների սպասարկման հետ կապված խնդիրներին։
Կարդացեք նաև
«Հիմա պահեստամասերը Երևանում են, բայց մաքսատանը խնդիրներ կան։ Հուսով եմ, այս խնդիրները շուտով կլուծվեն, և կշահագործվեն այն ավտոբուսները, որոնք ներկայումս չեն գործում»,-հավելեց Սարգսյանը։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջ տրանսպորտային խնդրի ոլորտում լարվածությունը զգալիորեն կթուլանա։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ