Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզ էր թուրքերի եւ ադրբեջանցիների դժգոհությունը՝ այս անգամ նրանք մնացել էին լիակատար մեկուսացման մեջ». Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ի միջադեպի մասին

Հոկտեմբեր 18,2022 14:30

ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի նիստը նախագահում էր թուրքական ազգային պատվիրակության ներկայացուցիչը ու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ պատվիրակության անդամի ելույթը փորձում էր խոչընդոտել: Հարցին՝ եթե անգամ ԵԽԽՎ բարձր ամբիոնից թույլ չեն տալիս արտահայտվել, այդ հարեւանների հետ հնարավո՞ր է հարեւանություն անել՝ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը, որը նոր է վերադարձել ԵԽԽՎ-ից, լրագրողների հետ զրույցում պատասխանեց. «Դուք էլ ապրում եք մի շենքում, որտեղ մի հարեւանի հետ լավ ընկերություն եք անում, մյուսների հետ առնվազն չեք վիճում: Վերջին միջադեպը, որը տեղի ունեցավ, պայմանավորված էր նրանով, որ նիստը վարում էր ի պաշտոնե Թուրքիայի պատվիրակության ղեկավարը եւ պայմանավորված էր նրանով, որ ի սկզբանե, սկսած դեռեւս Հունաստանի հետ կապված հարցով, նա փորձում էր իրեն պահել ոչ թե ԵԽԽՎ տվյալ նիստի նախագահող, այլ՝ որպես պատվիրակության ղեկավար: Առաջին միջադեպը Հունաստանի պատվիրակության հետ էր, երկրորդը՝ Հայկ Մամիջանյանի: Մեր ամբողջ պատվիրակությունը գտնվել է դահլիճում այդ ժամանակ, հստակ արձագանք է տվել ու այդ արձագանքից հետո նիստին մնացել էր ընդամենը 10 րոպե, բայց արագ դահլիճ վերադարձավ ԵԽԽՎ նախագահը, որ նիստը վարի, որովհետեւ նրանք էլ հասկացան, որ իրավիճակը շատ վտանգավոր է»:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ քարտուղարությանն ասել է՝ եթե դուք գիտեք գրանցված անձանց անունները ու գիտեք, որ կարող են քննարկվել հարցեր, որոնք վերաբերում են այս կամ այն պետությանը, ապա առնվազն այդ նիստի այդ հատվածը պետք է առավել չեզոք մարդ նախագահի, որ նման հարց չառաջանա. «Իմ կարծիքով, ԵԽԽՎ նախագահությունը, նախագահը հասկացել են նման միջադեպերը կանխելու կարեւորությունը: Հակառակ դեպքում մշտապես ցանկացած ելույթի ժամանակ կարելի է վարման կարգի վերաբերյալ խոսք ուզել ու տապալել ողջ նստաշրջանի օրակարգը: Պարզ էր թուրքերի եւ ադրբեջանցիների դժգոհությունը՝ այս անգամ նրանք մնացել էին լիակատար մեկուսացման մեջ եւ այս միջադեպով փորձում են ընդամենը ընդգծել նրանց առկայությունը: Հայկական պատվիրակության դիրքորոշումը գիտեք՝ մենք պաշտպանելու ենք մեր դիրքորոշումը միջազգային հարթակներից, անկախ նրանից, թե զեկուցողը մեզ հաճելի՞, թե՞ ոչ այնքան հաճելի բաներ է ասում, որովհետեւ որեւէ մեկը որեւէ միջազգային ատյանում չպետք է հնարավորություն ունենա ընդհատել Հայաստանի ներկայացուցչի ելույթ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31