Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էլ եմ շատ բաների համար ցավում, որոշ բաների համար արձագանքում եմ, որոշ բաներ գերադասում եմ չասել». Վլադիմիր Վարդանյանը՝ Արսեն Թորոսյանի ցավակցության մասին

Հոկտեմբեր 18,2022 14:12

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ցավակցություն էր հայտնել Թուրքիային՝ Բարթըն քաղաքում ածխահանքի պայթյունի միջադեպից զոհվածների մահվան առթիվ եւ ասել․ «Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը»։

Դրա հետ կապված մեր արցախյան պատերազմում զոհվածների ծնողները, մասնավորապես, «5165 շարժման» հիմնադիր Կարին Տոնոյանը քննադատել էր ու ասել. «Բնության մեջ ամենավտանգավոր կենդանիներն այլածիններն են: Երբ տարբեր խառնուրդներից ինչ-որ բան են ստանում: Արսեն Թորոսյանն այլածին է, հետեւաբար, նրանից այլ բան ակնկալել հնարավոր չէ: Հայաստանի իշխանություններն այսօր այլածիններին են պատկանում: Նրանք հայ չեն, հնարավոր է, որ թուրք են, ես չգիտեմ իրենց ծագումնաբանությունը: Հետեւաբար, սեփական ցեղակիցներին ցավակցելն իրենց համար նորմալ է: Նման ցավ միայն ցեղակցիդ հանդեպ կարող ես ապրել»:

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանից այս առնչությամբ հետաքրքրվեցինք՝ Թորոսյանի արածն ավելորդ մարդասիրություն չե՞ք համարում: Նա պատասխանեց. «Նախ, մարդասիրությունը երբեք ավելորդ չի լինում, երկրորդ՝ դա քրիստոնեական արժեքների մաս է կազմում: Երրորդը՝ շատ դեպքեր են լինում, որոնց պետք է արձագանքել, ես էլ եմ շատ բաների համար ցավում, որոշ բաների համար արձագանքում եմ, որոշ բաներ գերադասում եմ չասել: Բայց մնացած հարցերը պետք է ուղղեք պարոն Թորոսյանին, որովհետեւ դա իր անձնական դիրքորոշումն է եղել ու իր անձնական կարծիքն է եղել»:

Ճշտեցինք՝ Դուք նման ցավ չե՞ք ապրել՝ նա պատասխանեց. «Ես ամեն օր ցավ եմ ապրում ցանկացած տեսակի քննարկումից, որով փորձում են սեպ խրել հայ ժողովրդի անդամների միջեւ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31