Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չի կարելի ամեն քրեաիրավական վարքագիծ դիտարկել որպես քաղաքական հետապնդում, թաքնվել քաղաքական հայացքների հետեւը». Վլադիմիր Վարդանյանը՝ Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման մասին

Հոկտեմբեր 18,2022 14:01

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը դադարեցրեց ԲԴԽ անդամի իր լիազորությունները՝ հայտարարելով. «Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները, ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ և Խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։ Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով։ Իհարկե, ես կարող էի մնալ և շարունակել պայքարը Խորհրդի և դատական իշխանության անկախության համար, բայց գործընկերներիս մեծամասնության իներտությունը և նրանց կողմից աջակցության բացակայությունը ինձ հուշում են, որ ես այլևս Խորհրդում անելիք չունեմ»:

Այս հայտարարությունը եղավ այն բանից հետո, երբ ՔՊ պատգամավորները արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանին ընտրեցին ԲԴԽ նախագահ:

Վլադիմիր Վարդանյան

Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարցին՝ Բեքմեզյանի մտահոգությունը կիսո՞ւմ եք՝ պատասխանեց. «Եթե պարոն Բեքմեզյանի մոտ նման մտահոգություն կա, նա պետք է դիմի պատկան մարմիններին, ինձնից լավ գիտի՝ երբ ու որտեղ պետք է դիմի ու ինչ պետք է հայտնի: Ինչ վերաբերում է նրան, թե պարոն Բեքմեզյանի որոշումը ինչով է պայմանավորված՝ չեմ կարող մեկնաբանել: Պարոն Բեքմեզյանին ճանաչում եմ դեռեւս համալսարանական տարիներից, նա շատ սկզբունքային անձնավորություն է, բայց ես չէի ուզենա, որ այս իրավիճակը դիտարկեինք որեւիցե եղանակով՝ կապված ինչ-որ տեսակի ինչ-որ ազդեցությունների հետ: Եթե պարոն Բեքմեզյանը ինչ-որ բան է ուզում ասել՝ խնդրեմ, ե՛ւ իրավապահ համակարգը, ե՛ւ պետաիրավական հանձնաժողովը, ե՛ւ ԱԺ-ն, ե՛ւ կառավարությունը մշտապես պատրաստ են քննարկել»:

Հարցին՝ ձեր կարծիքով, ԲԴԽ-ն անկա՞խ է գործում՝ հաշվի առնելով նաեւ վերջին ձերբակալությունները դատավորի եւ փաստաբանի գործով, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Նախ, փաստաբանը որեւէ կապ չունի ԲԴԽ-ի հետ։ Ինչ վերաբերում է դատավորի վարքագծի հետ կապված՝ յուրաքանչյուր սուբյեկտ պետք է գործի իր պատասխանատվությամբ: ԲԴԽ-ն բաղկացած է դատավորներից ու գիտական անդամներից եւ նրանք նշանակվել են տարբեր ժամանակահատվածներում, յուրաքանչյուրն ունի իր փորձառությունը եւ յուրաքանչյուրը պատասխանատու է օրենքի առջեւ ու իր սեփական խղճի առջեւ: Ես իրավունք չունեմ եւ իմ գործընկերներին էլ խորհուրդ եմ տալիս չմիջամտել ԲԴԽ-ի գործունեությանը: Եթե առկա են եղել առերեւույթ հիմքեր, նախաքննության գաղտնիք է եւ շատ բաներ չենք էլ կարող իմանալ, ԲԴԽ-ն պետք է գործի»:

Մեր հարցին՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության հետ կապված իր պաշտպանը, նաեւ փաստաբանական հանրույթը մտահոգություններ ունի, մասնավորապես, ասում են, որ դա քաղաքական հետապնդում է՝ հաշվի առնելով, որ նա Մարտի 1-ի, Առուշ Առուշանյանի եւ ընդդիմադիրների այլ գործերով նրանց պաշտպանությամբ է զբաղվել, կա՞ հետապնդում ձեր գնահատմամբ՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Ես պետք է վերադառնամ այն տեքստին, որ ասացի ԲԴԽ-ի հետ կապված՝ ես, ԱԺ-ն, ԲԴԽ-ն, դատավորը գործում են իրենց օրենքով վերապահված լիազորություններով ու եթե առերեւույթ առկա են եղել հիմքեր քրգործ հարուցելու, ապա պետք է դատարանը գործի իր իրավասությունների սահմաններում: Նախաքննության գաղտնիքը թույլ չի տալիս ավելի տեղեկատվություն ունենալ, քան հրապարակվել է: Չի կարելի ամեն քրեաիրավական վարքագիծ դիտարկել որպես քաղաքական հետապնդում, չի կարելի թաքնվել քաղաքական հայացքների հետեւը, որպեսզի կատարես այս կամ այն ոչ իրավաչափ վարքագիծ: Անհրաժեշտ է, որ դատարանները, իրավապահ մարմինները հստակ ուսումնասիրեն գործի հանգամանքները ու ունենանք համապատասխան որակյալ ակտ՝ անձի վարքագծի վերաբերյալ»:

Հարցին՝ ձեր կարծիքով դատարանները հիմա անկա՞խ են գործում՝ Վարդանյանը պատասխանեց. «Հիմա շատ ավելի անկախ է, քան … չասեմ, երբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31