Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը իր տան շքամուտքի մոտ երկու անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում հիմնական վնասվածքները ստացել է գլխի շրջանում:
Նա այս պահին դեռ շարունակում է հետազոտվել Էրեբունի հիվանդանոցում: Այնտեղ են նաեւ իրավապահները, պարոն Ղազարյանը հարցաքննվում է: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Ղազարյանի կնոջ եղբայրը՝ Տիգրան Հովակիմյանը:
Նա նաեւ պատմեց, որ Էդգար Ղազարյանը տնից դուրս է եկել, գնացել վարսավիրանոց, վերադարձին շենքի մոտ 2 անհայտ անձ՝ միջին տարիքի, որոնց Էդգար Ղազարյանը չի ճանաչել, հարձակվել են նրա վրա ու ծեծել: Մեր զրուցակցի խոսքով՝ ծեծողները ոչինչ չեն խոսել, հարվածել են նախ բռունցքներով հիմնականում գլխին, հետո գցել գետնին, շարունակել ոտքերով հարվածները:
«Համակարգչային տոմոգրաֆիա ենք արել, սպասում ենք պատասխանին: Գլխի շրջանում կա նաեւ պատռվածք»,- ասաց Էդգար Ղազարյանի կնոջ եղբայրը:
Կարդացեք նաև
«5165 շարժման» անդամ Մենուա Սողոմոնյանի տվյալներով էլ, պարոն Ղազարյանը հասցրել է կատարվածը տեսանկարահանել, բայց դեռ պարզ չէ՝ արդյոք ծեծողների դեմքը հստակ արձանագրվել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ