Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ հանդես են գալիս նաև Հայաստանի ներկայացուցիչները։
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն աշխարհի երիտասարդական առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։ Կիսաեզրափակչում Ամոյանը 9։5 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի հետ։
Ամոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ հաղթել էր Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1։1), 1/8 եզրափակչում 3։0 հաշվով առավելության էր հասել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթել էր ղրղըզ Ակիլբեկ Տալանտբեկովին:
Եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը։ Նա կիսաեզրափակիչ գոտեմարտում 6։4 հաշվով առավելության է հասել ղազախ Մակսատ Սաիլաուի նկատմամբ։ Ոսկե մեդալի համար Թադևոսյանը կգոտեմարտի Հունգարիայի ներկայացուցչի հետ։
Գևորգ Թադևոսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ղրղըզ Ազատ Սալիդինովի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 4։0 հաշվով պարտության մատնել հոլանդացի Մարսել Ստերկենբուրգին։
Կարդացեք նաև
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, սփոփիչ գոտեմարտ կանցկացնի իսրայելցի ըմբիշի հետ և հաղթանակի դեպքում կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար։ Պողոսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 1։1 հաշվով հաղթել է մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին։ Քառորդ եզրափակչում, սակայն, հայ ըմբիշը 1։3 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցչին։ Վերջինս հասել է եզրափակիչ, և Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել։
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարի դուրս կգան 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային ըմբիշները։ Հայաստանը կներկայացնեն Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ): Մինասյանը 1/8 եզրափակչում կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Ձիմիստարիշվիլիի հետ:
Սահակ Հովհաննիսյանը որակավորման փուլում ուժերը կչափի Շվեդիայի ներկայացուցչի հետ, Շանթ Խաչատրյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի վրացի Գեորգի Չխիկվաձեն, Գագիկ Հակոբյանը որակավորման փուլում ուժերը կչափի հույն ըմբիշի հետ, իսկ Հայկ Խլոյանը 1/8 եզրափակչում կգոտեմարտի Թուրքիայի ներկայացուցիչ Մուստաֆա Օլգունի հետ։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ